[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԳՈՀ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

ԱՄՆ¬ն վերակենդանացնում է Մադրիդյան սկզբունքները

 Ղարաբաղյան ուղղությամբ քաղաքական¬դիվանագիտական տարօրինակ աշխուժացում է դիտվում։ Տարօրինակ` այն պատճառով, որ քաղաքական գործիչներն սկսել են հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք գործնականում անհնար է վերծանել։ Սկսենք նրանից, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Լյուքսեմբուրգում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել էր հետևյալը. ՙՀայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ անցկացված հանդիպումները, Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի միջև կայացած զրույցը դրական ազդակ են հաղորդում մեզ առաջ գնալու համար... Միայն Հայաստանում ընտրություններից հետո է պարզ դառնալու՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության և կայունության, իսկ դա, նախևառաջ, նշանակում է հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական տարածքներից... Ադրբեջանը, իր հերթին, ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, պատրաստ է առարկայական և արդյունքի միտված բանակցությունների՚։

Ինտրիգ պարունակող տրամաբանություն կա այստեղ: Չէ՞ որ կարելի էր սպասել մինչև Հայաստանում քաղաքական պայքարի հանգուցալուծումը, հասկանալ ու գնահատել նոր իրավիճակը, հետո արդեն առաջ շարժվել դեպի ինչ¬որ պայմանավորվածություններ։ Բայց Բաքուն սկսեց այլ կերպ գործել, ինչն արտաքուստ տպավորություն է ստեղծում, որ նա գործում է՝ առանց գործից հասկանալու։ Թե՞ հասկանում է։ Ասենք, երբ Դուշանբեում բանավոր զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցաբար խաղաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիշեցնենք, որ կողմերն իրենց հավատարմությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների, հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում՝ հակամարտության գոտու զորքերի շփման գծում և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին միջադեպերի կանխման նպատակով։ Երևանն ու Բաքուն որոշել են նաև հակամարտ կողմերի համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատելուն ուղղված մեխանիզմներ մշակել։ (Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին պաշտպանության նախարարներին հանձնարարել իջեցնել լարվածությունը սահմանում)։ Իր հերթին հենց այնտեղ՝ Լյուքսենբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հաղորդելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) նախատեսում են մոտակայում այցելել տարածաշրջան, հստակեցրեց, որ ՙայն ժամանակից ի վեր, երբ Հայաստանում իշխանության եկավ նոր կառավարություն, լավ դինամիկա է նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՚ և ՙայդ դինամիկան կպահպանվի՚։ Լավ, ՙդինամիկան՚ հասկանալի է, այն նախկինում էլ ժամանակ առ ժամանակ մերթ ակտիվանում էր, մերթ` մարում, բայց արդյունք չէր լինում։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ներկայիս  լավատեսական հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարծես թե ինչ¬որ արդյունքի են հասել, ինչի մասին հակամարտ կողմերը նախընտրում են լռել։

Վերջապես, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-9¬ը նախապես չազդարարված այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ։ Մինչ այդ Սարգսյանն այցելել էր Նյու Յորք և Փարիզ, այսինքն՝ Մինսկի խմբի մյուս երկու երկրներ։ Երևան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի նախագահն ուղևորվել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ղեկավար Բակո Սահակյանի հետ։ Այս կապակցությամբ մոսկովյան փորձագիտական հանրության շրջանակներում լուրեր են սպրդել, որ Սարգսյանը վարում է փակ ՙմաքոքային դիվանագիտություն՚՝ կապված ղարաբաղյան կարգավորման ինչ¬որ նոր տարբերակների հետ։

Ընթանանք առաջ։ Օրերս պաշտոնական այցով Բաքվում և Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը։ Բաքվում նա ՙանսպասելիորեն՚ հայտարարել է, որ Վաշինգտոնը ՙլուրջ է մոտենում Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա հակամարտության կարգավորման հարցում իր հանձնառություններին։ Հաջորդ քայլը Հայաստանում իր առաքելությունն ավարտող դեսպան Ռիչարդ Միլզինն էր: EVN Report¬ին տված հարցազրույցում նա բառացիորեն հայտարարել է հետևյալը. ՙԵս զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եկա ու պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծ մասը դեմ է օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային գործընթացի մաս։ Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե չեն անցկացվում քննարկումներ՝ ընդունելի որոշումների ու փոխզիջումների հարցով։ Երկար տարիներ իմ երկրի կառավարության պատկերացումներում այդ տարածքները գրավվել էին այն բանի համար, որպեսզի այնուհետև օգտագործվեն ՙկարգավիճակ՝ տարածքների փոխարեն՚ բանաձևով։

Դեսպանի այս հայտարարությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց։ Փաշինյանը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Միլզի ասածը որակեց որպես ՙհեռացող դեսպանի հեռացող ուղերձ՚։ Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ նա պարզապես շարադրել է Մադրիդյան սկզբունքներում նախատեսված դիրքորոշումներից մեկը, սկզբունքներ, որոնք հանդիսանում են բանակցային գործընթացի հիմքը և որոնցից Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն հրաժարվել։ Կարելի է ենթադրել, որ այդկերպ Միլզը միայն իրեն հայտնի պատճառներով փորձ է ձեռնարկել կանխող բնույթի գործողություն իրականացնել։ ՙԼեռնայինղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը բազմիցս ընդգծվել է, այն արտացոլված է երկրի կառավարության ծրագրում՚,¬ այսպես է իրավիճակը մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Բայց ինտրիգը դրանով չի սպառվում։

Հայկական որոշ պարբերականներ սկսեցին հայտարարել, թե, իբր, փոխվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը, ինչը ստիպեց արդեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին խաղի մեջ մտնել։ Միլզի հայտարարությունների ֆոնին հնարավոր փոփոխությունների մասին հարցին ի պատասխան` նա ընդգծել է, որ ՙղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել՚։ Նրա խոսքով՝ ՙայսօր Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չենք տեսնում, բայց, կրկնեմ՝ լուծումներ փնտրելը, անկասկած, հենց կողմերի գործն է՚։ Իսկ իրականության մեջ ներկա պայմաններում ղարաբաղյան հակամարտությունը պահպանում է նախկին ստատուս քվոն։ Մինչև Հայաստանում ընտրությունների շրջանի ավարտը հազիվ թե արժե որևէ լուծումներ սպասել։

Բայց եթե Բաքվին ու Երևանին հաջողվի պահպանել Դուշանբեի ՙոգին՚ և պայմանավորվելու ձգտման կամքը, կարելի է ամենաանսպասելի լուծումներ սպասել՝ դիվանագիտական շրջադարձների միջոցով։ 

REGNUM տեղեկատվական գործակալություն

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ