[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՙԴԱ ՄԵՐ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ. ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ԱՄՆ-Ը ՉԻ ԳՆԱ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ՚

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվա և Ադրբեջան այցից հետո ժամանեց նաև Հայաստան։ Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում Բոլթոնը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց վերաբերյալ 168.am–ը զրուցել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

Բաբայանը նախ անդրադարձավ Բոլթոնի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-իր համար, և նշեց, որ աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանի հետ կապերի զարգացում ԱՄՆ-ի կողմից նախատեսվում է։ՙԱդրբեջանը կարեվոր է ԱՄՆ-ի համար՚

ՙԱդրբեջանում Բոլթոնը մի քանի անգամ կարևորեց Ադրբեջան պետության նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ որպես մի երկիր, որը սահմանակից է Իրանին և Ռուսաստանին։ Տվյալ դեպքում, Ադրբեջանն այն երկիրն է, որը բաժանում է Իրանն ու Ռուսաստանը, և այս միջանցքի կարևորությունը ԱՄՆ-ի համար միշտ էլ եղել է։ Սա վառ արտահայտվեց նաև Բոլթոնի այցելության ժամանակ։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանի հետ կապերի զարգացում ԱՄՆ-ի կողմից նախատեսվում է, հատկապես՝ Իրանի հետ և ՌԴ-ի հետ բարդ հարաբերությունների ներքո՚,- ասաց վարչության պետն` ընդգծելով, որ այս տեսանկյունից փորձ է կատարվելու Ադրբեջանի ներուժն օգտագործել, ինչը, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանը շահելու է դրանից, քանի որ, նրա խոսքով՝ կարող են այլ բարդություններ առաջանալ։

907 բանաձևը չի՞ գործի

ՙԲոլթոնն Ադրբեջանում հայտարարել է, որ կաշխատի, որպեսզի 907 բանաձևը չկիրառվի։ Դուք գիտեք, որ տարիներ շարունակ դա մեր հաղթանակներից մեկն է եղել, որ Ադրբեջանին զենք-զինամթերք չտրամադրեն, հիմա Բոլթոնն ասում է, որ կձգտի, որ 907 բանաձևը չգործի կամ սառեցվի։ Դա մեր շահերից չի բխում. Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, և նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառեն, այդ թվում՝ նման բանաձևով։ Այդ բանաձևի էֆեկտիվությունը գնալով նվազել է, բայց հուսով ենք՝ ԱՄՆ-ն չի գնա այդ քայլին՚,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը հայկական համայնքի և լոբբիստների համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված իրավական փաստաթուղթ է, որը քաղաքական օրակարգ է թելադրում Ադրբեջանի հետ ԱՄՆ երկկողմ հարաբերություններում։ Այդ բանաձևով որոշակի սահմանափակումներ էին դրվում միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության հարցում։

Կարևոր մեսիջ

Դավիթ Բաբայանը կարևորում է Բոլթոնի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում Արցախի հարցի կարգավորմանը և ուզում է, որ խաղաղ կարգավորում լինի. ՙՍա շատ կարևոր է, նաև Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումն է, որ պետք է շարունակական լինեն բանակցությունները՚։

Եթե Բոլթոնը չայցելեր Հայաստան, ապա, ըստ մեր զրուցակցի՝ դա կարող էր ինչ-որ տեղ ազդանշան լինել, որ Վաշինգտոնն ավելի ոչ հավասարակշռված քաղաքականություն է վարում. ՙԲայց Բոլթոնն այցելեց Հայաստան, ինչը շատ կարևոր է և ողջունելի, որովհետև հայոց պետականությունը նույնպես մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության և հավասարակշռության պահպանման, ռևանշիզմ թույլ չտալու համար։ Մեր տարածաշրջանում կան ռևանշիստական ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, և հայոց պետականությունն այդ ռևանշիզմի զպսող ուժերից մեկն է։ Կարծում եմ՝ այդ հանդիպումների ժամանակ կվերահաստատվի հայ-ամերիկյան բարեկամությունը, որը շատ կարևոր է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխգործակցության տեսանկյունից։ Իհարկե, մենք չպետք է այն դիտարկենք որպես հակառուսական քայլ, որովհետև հայոց արտաքին քաղաքականության ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք և? Ռուսաստանի, և? ԱՄՆ-ի, և? Իրանի հետ. երկրներ, որոնք խնդիրներ ունեն մեկը մյուսի հետ։ Ի տարբերություն այլ երկրների՝ մենք ունենք հնարավորություն՝ սահուն ձևով այդ հարաբերությունները պահպանել՚։

Ի՞նչ նկատի ունի Բոլթոնը

Հայաստանում Բոլթոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է։ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի այդ հայտարարության վերաբերյալ, ի՞նչ նկատի ունի Բոլթոնը։

ՙԵթե ասեր՝ Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններից հետո, միգուցե ավելի ճիշտ կլիներ, որովհետև Հայաստանում, իհարկե, ընտրությունները շատ կարևոր են, նոր քաղաքական դաշտը վերջանականապես ձևավորվելու է, և դա ազդեցություն ունենալու է պետության քաղաքականության վրա, բայց այստեղ պետք է մեջբերել ՀՀ վարչապետի խոսքը, որ հակամարտության կարգավորումը չի կարող լինել պարտադրանք, և վճռական դերակատարությունը կունենա Արցախի ժողովրդի կամքը։ Հետևաբար, ընտրությունները շատ կարևոր են, բայց քանի որ Արցախի կարծիքն է վճռորոշ, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Արցախի կարգավիճակը՝ որպես լիարժեք բանակցային կողմ, վերականգնվի՚,- ի պատասխան՝ ասաց Դավիթ Բաբայանը։

Նա նշեց, որ Արցախի հակամարտության կարգավորման հարթակը միակն է, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումները համընկնում են. ՙԴա էլ է կարևոր հանգամանք, և դժվար կլինի այն խարխլել՚։