[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԱԽ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

International Alert միջազգային կազմակերպության կողմից վերջին երկու տարիներին իրականացված վերլուծական ուսումնասիրությունն օրերս ՙԽաղաղության տեսլական. ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն՚ թեմայով ներկայացվեց Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում։

Նախագիծն իրականացվել է Ստեփանակերտի մամուլի ակումբի (ՍՄԱ) հետ համագործակցությամբ։ Թեմայի շուրջ կայացած քննարկմանը ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների, կառույցների ներկայացուցիչներ։ Բանախոսներն էին ՍՄԱ նախագահ Գեղամ Բաղդասարյանը և անկախ փորձագետ Ալվարդ Սարգսյանը։

Միջազգային վերոնշյալ կառույցի կողմից իրականացված վերլուծություններն ու հետազոտությունները հրապարակվել են ՙԱնալիտիկոն՚ ամսագրում։ Ուսումնասիրություններն իրականացվել են  Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում ՙԵվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)՚ նախաձեռնության շրջանակներում։ International Alert կազմակերպությունն ունի ղարաբաղյան հակամարտությանն առնչված խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելու 25-ամյա փորձ։ 2016թ. ապրիլյան քառօրյայի պատերազմական գործողությունները կրկին փաստեցին հակամարտության լուծման ռազմական դիմակայության դիմելու հակառակորդի պատրաստակամությունը։ Այդ առումով միջազգային այս կառույցը փորձեց իրականացնել մի այնպիսի հետազոտություն, որի արդյունքում ի հայտ կգան հանրություններից բխած պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները և համատեղ ուժերով հնարավոր դարձնել կայուն խաղաղությունը, հակամարտությունների արմատական պատճառների վերացումը, որոնք ենթադրում են աշխատանքներ տեղի հանրույթներից մինչև կառավարական կառույցներ։ 

 

Անկախ փորձագետ Ա. Սարգսյանն իրականացված հետազոտական նախագիծը համարեց եզակի, որովհետև ծրագրում ընդգրկվել են հակամարտող երեք երկրների ներկայացուցիչներ։ Ալվարդ Սարգսյանը, ինչպես նաև Նարինե Աղալյանն ու Զոյա Մայիլյանը մասնակցել են տարածաշրջանի երիտասարդ հետազոտողների համար նախատեսված դասընթացներին, որից հետո իրականացրել են համապատասխան վերլուծական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում կատարվել է 110 հարցում 41 աշխարհագրական վայրերում, ինչպես մայրաքաղաքներում և այլ քաղաքներում, այնպես էլ շփման գծի երկայնքով տեղակայված գյուղական վայրերում, ներքին տեղահանված անձանց բնակության տարածքներում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան խոսել խաղաղության իրենց տեսլականի մասին ու, դրան զուգահեռ, հակամարտության կարգավորման, փոխզիջման և դրանցից բխող խնդիրների մասին։ Փորձագետների խմբի հետ աշխատել են հոգեբաններ, ինչն էլ հնարավորություն է ընձեռել վերհանել  անհատների ու նրանց միջավայրի հարաբերությունների գործոնները։

ՍՄԱ նախագահ Գ. Բաղդասարյանն անդրադարձավ հետազոտությունների ընթացքում վերհանված` փախստականների ուրույն կարծիքներին, մասնավորապես Ադրբեջանում իրականացվող պետական քարոզչության այն պնդմանը, որ բոլոր իրենց փախստականներն ուզում են վերադառնալ Արցախ։

Սակայն հետազոտությունները փաստել են, որ այդ փախստականների մի զգալի մասն ընդհանրապես չի ուզում վերադառնալ ու դրա մասին բարձրաձայնում է նաև ադրբեջանցի փորձագետը։ Բացի դրանից, ադրբեջանական հասարակությունը, հատկապես մատաղ սերնդի շրջանում, ատելություն է սերմանում հայերի նկատմամբ, և կատարված հարցումների ընթացքում պարզվել է, որ այդ երկրի հանրության որոշ շրջանակներում դա ընդունելի չէ, ունեն արդեն քննադատական մտածողության տարրեր, ինչը չկար 10 տարի առաջ։ Քննադատական միտքը շատ ավելի թույլ էր Արցախում։ Աբխազ փորձագետները դիտարկել են, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ մշտապես վտանգի մեջ են և չունեն առանձնակի արտոնություններ, այսինքն` պատերազմի հետևանքների բեռը հավասարաչափ չի բաշխվում հանրությունում և ստեղծվում է սոցիալական անարդարություն։ Վրացի փորձագետը փաստեց, որ, ապրելով հակամարտության մեջ, դժվար է մարդու մտածելակերպն անջատել այդ իրավիճակից, ու նրանք սովորում են ապրել էքստրեմալ պայմաններում։ 

Հարցման  տվյալների ամփոփմանը հավելվել են հետազոտողների հոգեբանական ներքին խնդիրները, ինչը կապված էր անորոշության մեջ ապրելու հանգամանքի հետ։ Ընդհանուր առմամբ՝ հարցումները կատարվել են 2017թ. վերջին, իսկ տվյալների վերլուծությունն իրականացվել է ս.թ. առաջին կիսամյակում։ Կատարված աշխատանքները փաստել են, որ առկա են հակամարտությանն առնչվող զանազան ու լայն տարածում ստացած վարկածներ։ Դրանք նպաստում են նաև Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, ինչպես նաև այլազգի փորձագետների մոտ հակամարտության նկատմամբ վերաբերմունք ձևավորող մի շարք ծրագրերի հերքմանը։ Երեք հանրություններին էլ միավորում էին մի շարք ընդհանրություններ, կային նաև լուրջ տարբերություններ, որոնք, բնականաբար, վերաբերում էին հակամարտության հայեցակետերին։ Նախագծի կազմակերպիչները հուսով են, որ այդ հետազոտությունները կնպաստեն հակամարտության խաղաղ լուծման գործընթացին, իսկ թե ո՞ւմ են պետք նման ուսումնասիրությունները` հարցի առնչությամբ Ստեփանակերտում կայացավ քննարկում։ Մասնակիցներն իրենց հերթին նշեցին, որ արդյունքների վերաբերյալ պետք է տեղեկացված լինեն իշխանությունները, ընդհանրապես հանրությունը և հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները, համանախագահող երկրները։ Քննարկման ընթացքում արտահայտվեցին բազմաթիվ կարծիքներ հակամարտության խնդրի տարբեր լուծումների՝ փոխզիջման հնարավոր տարբերակների, բանակցային տարբեր գործընթացների, խնդրի ռազմական լուծման, բանակի հզորության, հոգևոր անվտանգության բաղադրիչների, մատաղ սերնդին ճիշտ ուղղորդելու և դաստիարակելու ու նման այլ հարցերի վերաբերյալ։ 

Նախագծի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այդ ուսումնասիրություններն օգտակար կլինեն բոլոր կողմերին, իսկ ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկները կնպաստեն խնդրի խաղաղ լուծման որոնման գործընթացին, հակամարտության կարգավորման հեռանկարին։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ