[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ...

ՙԱԱ՚-ի հարցազրույցը ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար  Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ

 -Վիտալի Միքայելի, Ձեր  զբաղեցրած պաշտոնի անվանումն իսկ ենթադրել է տալիս, որ Դուք պատասխանատու եք թերևս ամենակենսական նշանակություն ունեցող բնագավառի` մեր երկրի անվտանգության համար...Որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնց վրա սևեռված է Ձեր ուշադրությունը։ 

-Ընդհանրապես անվտանգությունն ինքը շատ գլոբալ հասկացություն է։ Այն չի ենթադրում միայն ֆիզիկական  անվտանգություն։ Եթե այսօր սահմանում կամ խրամատում կանգնած են Արցախի  զինված ուժերի ստորաբաժանումները, ապա նրանք միայն սեփական ժողովրդի ֆիզիկական անվտանգության  երաշխավորներ չեն հանդիսանում։ Առկա է պարենային  անվտանգության, առողջապահության, կրթական և  այլ համակարգերի խնդիրներ։  Մենք ունենք գլոբալ  անվտանգության խնդիր և դրանից բխող  ռազմավարություն։ 

-Այսօր ի՞նչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առջև։ 

-Այսօր էլ հակառակորդի մարտավարական բնույթը չի փոխվել։ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը ռազմատենչ հայտարարությունների տեսքով։ Ապրիլյան դեպքերից հետո մեր սահմանին հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։ Իրականացրել ենք թե՜ ինժեներական, թե՜ տեսադիտարկման սարքերի տեղադրման աշխատանքներ, աճել է զորքերի համալրվածությունը մարդկային ռեսուրսներով, ընդհուպ պահեստազորից համալրում սպայական պաշտոններում։ Բայց, եթե ասենք հարյուր տոկոսով պատրաստ ենք, ճիշտ չէր լինի, ամենահզոր պետություններն անգամ դա չեն ասի, բոլոր երկրների բանակներում էլ բացթողումներ լինում են։ Բայց համոզված կարող եմ ասել, որ այսօր մեր համալրվածությունը համապատասխանում է թե՜ հարձակողական, թե՜ պաշտպանողական մարտ վարելու բոլոր կանոններին։ Պատրաստ է նաև պահեստազորը, և մենք այս վերջին ամիսներին նաև քաղաքացիական պաշտպանության շրջանակներում կատարեցինք  մարզումներ, և ժողովուրդը կամաց-կամաց վերադառնում է այն մտքին, որ պատերազմն անխուսափելի է։ Անհրաժեշտ է հետամուտ լինել, որ և՜ առաջնագծում, և՜ թիկունքում մարզումներն  իրականացվեն բարձր մակարդակով. մենք այլընտրանք չունենք։  

-Մենք այլընտրանք ունենք, դրանք մեր ներքին խնդիրներն են, որ, ուզես թե չուզես, զուգահեռվում են անվտանգության խնդիրներին։ 

-Ներքին խնդիրները բազմաբնույթ են, ավելին ասեմ, հունիսյան խմորումները, այն է` փողոցներ փակել և այլն։ Բայց դրանք լուծելի խնդիրներ են։ Եվ հասարակությունը չպետք է դրանից անմասն մնա։ Դառնամ Ազգային ժողովին. մենք ժամանակ առ ժամանակ գնում ենք քարոզարշավի, ձայն ենք խնդրում, որից հետո ամիսներով կամ տարիներով չենք հանդիպում մեր ընտրողների հետ: Անմիջական շփման, հանդիպումների արդյունքում մենք պետք է  ի հայտ բերենք այն խնդիրներն ու բացասական երևույթները, որոնք առկա են հասարակության  շրջանում, որպեսզի կարողանանք  դրանց լուծում տալ։  Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է համաչափ ապրենք,  Ղարաբաղի համաչափ զարգացման  ծրագիրը պետք է  արագ իրականություն դառնա։ Առաջնագծի բնակավայրերի ենթակառուցվածքները, դպրոց-մանկապարտեզները Ստեփանակերտից չպիտի  տարբերվեն։ Համաչափ զարգացածության հետևանքով կունենանք  և համաչափ բաշխված բնակչություն։ Ստեփանակերտում կենտրոնացվելն ինքնին վտանգավոր է` նախևառաջ պատերազմական գործողությունների առումով է վտանգավոր: Նաև պիտի փաստենք, որ շատ վաղուց Ստեփանակերտն այլևս արտադրող չէ։ Մենք պետք է արտադրամասեր ստեղծենք շրջաններում, սահմանամերձ բնակավայրերում։ Մեր  երկիրն ագրարային է, և ո՞վ  պիտի մեր հացն արարի, եթե ոչ մենք` ինքներս։ Իշխանությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում է։  Բայց ժողովուրդը  պետք է քաջ գիտակցի, որ հաց արտադրողի կարգավիճակն ավելի բարձր է, քան որևէ նախարարի կամ չինովնիկի։ Եթե մենք ինքներս չենք լուծում մեր  պարենային անվտանգության հարցը, ապա ֆիզիկական անվտանգության հարց դնելը լուրջ  չի դիտվում։ 

-Ինչպիսի՞ ծրագրեր կան սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ, կարո՞ղ ենք հուսալ, որ տեսանելի  ապագայում կունենանք առավելագույն չափով պաշտպանված բնակավայրեր։ 

-Ծրագիրն ամբողջությամբ դեռևս պատրաստ չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Թալիշ համայնքում ամենօրյա կառուցապատման աշխատանքներ են  ընթանում. հետաքրքրվողների համար այնտեղ տեսնելու շատ բան կա։ Բնակարաններ, դպրոց, մանկապարտեզ, հանդիսությունների տուն, զանազան ենթակառուցվածքներ։ Ունենք որոշում 2019 թվականին և՜  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, և՜ պետական միջոցներով սահմանամերձ բնակավայրերում կառուցել զանազան շինություններ։ Բայց մինչ այդ անհապաղ պետք է լուծենք մեր ժողովրդի զբաղվածության հարցը։  Լուծենք առաջին հերթին գյուղատնտեսության բնագավառում` ներգրավելով առկա աշխատուժը։ Մեզ համար առաջնահերթ ճյուղեր են մնում անասնապահությունը, դաշտավարությունը (բանջարաբոստանային մշակաբույսերը), այգեգործությունը և այլն։ Համոզված եմ. 2019 թվականին կկարողանանք արագ բնականոն հուն մտնել։ Սակայն, նորից եմ կրկնում, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի մտածի, որ ինքը պետք է սեփական ձեռքերով արարի, էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրի իր ընտանիքի և իր երկրի բարեկեցության համար։ 

-Պարոն Բալասանյան, մենք չենք կարող շրջանցել սահմանային գոտիները, այդ առումով ի՞նչ ձեռքբերումներ ունենք։ 

-Կառանձնացնեի ապաստարանների կառուցումը և՜ ընդհանուր,  և՜ անհատական, այն արվում է և՜ դպրոցներում, և՜  թաղամասերում։ Բայց դեռևս բավարարված չենք, այդ աշխատանքները երկարատև բնույթ են կրելու։ Նույնը մենք անելու ենք նաև թիկունքային բնակավայրերում, այդ առումով մեծ խնդիր ունենք Ստեփանակերտ քաղաքում: Բնակչությունն ինքը պետք է պատասխանատվություն ունենա, պարտավորվածություն վերցնի։  1991-94թթ. ժողովուրդն ինքն իր անկյունը  ստեղծեց, ի՞նչն է խանգարում, որ մենք  այսօր ունենանք մեր կահավորված  նկուղային անկյունը... հոսանքը կա, գազը` նույնպես, ջուր, շինանյութեր, միջոցներ կան, աշխատուժը կա: Եթե ցանկությունն է պակասում, ուրեմն  անհրաժեշտ է պարտադրել, դա ոչ միայն իրենց, այլև ողջ ընտանիքի  անվտանգության խնդիրն է։ 

-Ադրբեջանի պաշտպանության  նախարարը վերջին շրջանում հայտարարեց, որ իրենք պատրաստ են և սպասում են հարմար պահի` ազատագրելու ՙիրենց՚ հողերը։ Ձեր գնահատականն այդ առնչությամբ։

-Ես չեմ հասկանում, թե որն է այդ հարմար պահը, գո՞ւցե սպասում է, որ մեզ մոտ է՞լ ներքին քաղաքական խմորումներ սկսվեն։ Գո՞ւցե սպասում է, որ մեր զորքերը դիրքերը թողնեն, չգիտեմ, թե ինչ հարմար պահի են սպասում, բայց որ այդ ՙհարմար պահը՚ նրանց համար շատ անհարմար վերջաբան  պիտի ունենա` դրանում համոզված եմ։ Ասեմ ավելին. ի՞նչ է նշանակում իրենց հողերն ազատագրել կամ գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերը հանել: 

1918-20թթ. Ղարաբաղում գործում էր Ազգային խորհուրդ... 1921թ. Կովբյուրոյի որոշումներով մեկ անգամ ևս ֆիքսվեց, որ տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և այսօր խոսել կարգավիճակի դիմաց տարածքների հանձնումից, մի քիչ աբսուրդային է և ոչ լուրջ։ Այսօր քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող բոլոր պետությունների սահմանները գծվել են պատերազմների արդյունքում։ Խորհուրդ կտայինք ուսումնասիրել պատմաիրավական բոլոր փաստաթղթերն ու քաղաքական քարտեզը և ամեն օր թարմացնել հիշողությունը:  

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, բայց որպեսզի կարողանանք այդ հարցի լուծումը  սկսել երկկողմ վստահությամբ, միանշանակ Ղարաբաղը պետք է հանդես գա որպես բանակցությունների լիիրավ կողմ, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր։ Մենք 1994թ. մայիսի 12-ին արդեն իսկ գնացել ենք զիջումների, մի քանի անգամ զիջումների ենք գնացել. և՜ 1991-1994թթ., և՜ 1994թ. մայիսի 12-ին, երբ արդեն իսկ Ադրբեջանը գտնվում էր կապիտուլյացիայի եզրին։ Մենք պետք է ստանայինք այդ փաստաթուղթը և միաժամանակ պիտի կնքեինք խաղաղության պայմանագիր: Չենք արել` այսօր պտուղները քաղում ենք։

 

Մինչև տարածաշրջանում չկնքվի խաղաղության պայմանագիր, գործը տեղից չի շարժվելու և ոչ մի հարց չի լուծվելու։ Ասեմ ավելին, մինչև պայմանագիր  չկնքվի, Ադրբեջանի պաշտպանության  նախարարը  ժամանակ առ ժամանակ հայտարարելու է,  որ գնեցին ևս 20 հատ ինքնաթիռ և այլ զինտեխնիկա։ Ասեմ, որ մենք երեկ էլ շատ քիչ էինք, Արցախը գտնվում էր բազմակի շրջափակման մեջ, բնակչությունը 150 հազարից մի փոքր ավելին էր: Ադրբեջանը, ըստ իրենց, 7 միլիոն էր, թե մարդկային քանակով և ռազմատեխնիկական զինվածությամբ, տասը չէ` հարյուր անգամ գերազանցում էին մեզ։ Մեզ վախեցնել պետք չէ։ Այս երկիրն իր իշխանությունը միանշանակ պահում է` շահարկելով ղարաբաղյան գործոնը։ Եվ այնպես չէ, որ ադրբեջանական նավթադոլարները հասանելի են բոլոր խավերին։ Ադրբեջանում  սոցիալապես ծայրահեղ խավ կա, աղքատության եզրերին կանգնած տոկոսային հարաբերությամբ ավելի շատ, քան Հայաստանն ու Ղարաբաղը` միասին վերցրած։ Այդ զավեշտական վիճակագրական տվյալները պետք չէ ներկայացնել համայն աշխարհին, որ իբր մեկ շնչին բաժին ընկնող  ՀՆԱ-ի աճն այսքան է։ Մենք նրանց  ժողովրդի նիստուկացը գիշեր-ցերեկ  տեսնում ենք: Եթե Ադրբեջանը  փորձի պատերազմի գնալ, տարածաշրջանում  պայթյունավտանգ  վիճակ է ստեղծվելու. Ադրբեջանի իշխանությունը դա շատ լավ է գիտակցում։ Այդ ստատուս-քվոն պահպանելու և ժամանակ առ ժամանակ միջազգային  հանրությանը լսելի դարձնելու, որ իրենք կսպանեն, կջնջեն, միջնորդներն էլ ստիպված, որպեսզի կրկին արյուն չհեղվի, ասում են` բերեք տարածքները հանձնենք։ Չկա այդպիսի հասկացություն։ Մեր ժողովուրդը պատրաստ չէ հող հանձնելու` ինչի՞ դիմաց: Կրկնում եմ, մենք մեր զիջումներն արդեն ժամանակին արել ենք, այլևս զիջելու տեղ չունենք։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ