[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՈՃԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՔ

Ադրբեջանում Ալիևների կլանի երկարամյա տիրապետությունը, որի արդյունքը քաղաքական մրցակցության միջավայրի չեզոքացումն էր, միջազգային հանրությանն, ի վերջո, հասկանալ տվեց, որ իշխանության զավթումն այստեղ ինքնանպատակ չէր, ուրեմն և կարիք չկա այս ընտանիքից ակնկալել երկրի ժողովրդավարացմանն ուղղված քայլեր։

Իշխանության լիակատար զավթման գործընթացն ավարտվեց Իլհամ Ալիևի՝ երրորդ ժամկետով նախագահ ընտրվելով, սահմանադրական փոփոխություններով և առաջին տիկնոջ համար առաջին փոխնախագահի պաշտոնի ապահովմամբ։ Ադրբեջանական քաղաքական վերնախավի և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների միջև հարաբերությունները, կարելի է ասել, զրոյացվեցին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում խավիարային դիվանագիտության բացահայտումը, ինչպես նաև միջազգային հեղինակավոր պարբերականներում Ալիևների ընտանիքին առնչվող կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներն Ադրբեջանին դուրս մղեցին քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրների շարքից։ 

Ռեժիմի գոյատևման միակ հնարավորությունը երկրի նավթագազային ռեսուրսներն են, որոնց հենքի վրա արտաքին քաղաքականության իրականացումը թույլ տվեց քողարկել ժողովրդավար աշխարհի հետ ունեցած հակասությունները։ Արևմուտքի հանդուրժողական վերաբերմունքից տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ, կարծես, հարմարվել են արևելյան բռնապետության գրեթե բոլոր չափանիշներին համապատասխանող պետության գոյությանը։ Դա երևում է միջազգային կազմակերպությունների ներկայացրած զեկույցներից, որոնց առանցքում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ մտահոգությունն է և պաշտոնական Բաքվի համար նախատեսված ժողովրդավարության դասերը։ Արևմուտքը գերադասում է բավարարվել այսքանով։

Վերջերս տեղեկատվական աղբյուրներն իրազեկեցին Թբիլիսիում դեկտեմբերի 10-12-ը կայանալիք  ԵՄ  ՙԱրևելյան գործընկերության՚  քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ ամենամյա  վեհաժողովի մասին, որին Հայաստանը պետք է մասնակցի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մակարդակով։ Ադրբեջանն այդ միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր չստացավ, ինչին հետևեց հիստերիկ արձագանքը. Արտգործնախարարության զայրույթը կապված էր ոչ այնքան հրավեր չստանալու, որքան նախապես հրապարակված՝  Վեհաժողովի եզրափակիչ հայտարարության մի կետի հետ, որում առանձնահատուկ ընդգծվել է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայտարարության հեղինակները, իրավացիորեն, այդ կետը չեն տարածել Ադրբեջանի վրա։ 

Տրամաբանական բացատրությունն այն է, որ Ուկրաինան և Վրաստանը Եվրամիության հետ ունեն ասոցացման համաձայնագիր, իսկ Ադրբեջանի համար նման հեռանկարն իրական քաղաքականության շրջանակներից դուրս է։ Ադրբեջանական ավտորիտարիզմի հանդեպ ԵՄ-ի վերաբերմունքը, բնականաբար, պետք է տարբերվի։   

Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը սպառնալիքների ոճով է պատասխանել Եվրոպային. ՙԵթե Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին չհրավիրելու փաստը հաստատվի, ապա դա, իհարկե, Արևելյան գործընկերության համար դրական տարր չի լինի՚։ Հիշեցնենք՝ ՙԱրևելյան գործընկերությունը՚ Եվրամիության ծրագրերից մեկն է՝ նպատակաուղղված հետխորհրդային 6 պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ ինտեգրացիոն կապերի զարգացմանը։ 

Հարց է ծագում. ի՞նչն է վրդովեցրել Բաքվին, չէ՞ որ քաղաքական վերնախավի համար եվրոպական կառույցների որդեգրած քաղաքականությունն իր մեջ որևէ նորություն չի պարունակում։ Անգամ եթե Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերի արդյունքում նրա մասնակցությունն ապահովվի, որևէ նշանակություն չի ունենա։ Կարևորը Վեհաժողովի կազմակերպիչների՝ ադրբեջանական իշխանություններին ուղղված մեսիջն է առ այն, որ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնող պետությունը չի կարող լիարժեք մասնակցություն ունենալ Եվրամիության ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրին։  Եվ երկրորդ՝ ՙտարածքային ամբողջականության՚ թեզն Արցախի պարագայում վաղուց կորցրել է իր հնչողությունը, ինչն էլ կրկնապատկում է գործող վարչակազմի զայրույթը։    

Հարևան երկրի իշխանությունների քաղաքականությունը պարբերաբար քննադատվում է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ արդեն դատապարտվել են նոյեմբերի 17-ին Բաքվում ընդդիմության նախաձեռնած խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ալիևյան ռեժիմի ապօրինի գործողությունները՝  մարդու իրավունքների ոտնահարումներն ու ձերբակալությունները։ 

Հայտարարության եզրափակիչ մասը, կարծում ենք, խորհելու տեղիք է տալիս. մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը, հրաժարվում են այցելել Ադրբեջան։ Նման եզրակացությունն այս երկրի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։ 

Նոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի (շահագործման) դեմ պայքարի փորձագիտական խմբի մի քանի անդամներ հրապարակեցին զեկույց Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին։ Նրանում ադրբեջանական իշխանություններին կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել մարդկանց աշխատանքի շահագործման նպատակով նրանց առևտուրը կանխարգելելու ուղղությամբ (Ադրբեջանը դասվում է մարդկանց առևտրով զբաղվող երկրների շարքը)։ 2014-17 թվականներին շահագործման ենթարկվածների թիվը հասել է  258-ի։ Պաշտոնական տվյալներով՝ թրաֆիքինգի զոհերի 95%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են։ Տղամարդկանց առևտուրն էլ իրականացվում է գլխավորապես նրանց աշխատանքը շահագործելու նպատակով։ ԵԽ փորձագիտական խումբն արձանագրել է, որ այս երկրում մարդկանց առևտրի փաստերը գերազանցում են պաշտոնական տվյալները։ 

Շահագործման ենթարկվածների գերակշիռ մեծամասնությունը, սովորաբար, հայտնվում է երկրի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Պակիստանում, Մալայզիայում։

Այս հարթությունում Ադրբեջանի գերիշխող դիրքը ցույց տալու համար զեկույցում բերվում են այլ երկրների վերաբերող փաստեր. հիշյալ ժամանակահատվածում Ուզբեկստանից թրաֆիքինգի է ենթարկվել 5 մարդ, 4-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2-ը՝ Ուկրաինայից, մի հոգի՝ Չինաստանից, մեկն էլ՝ Թուրքմենստանից։  

Վերը նշված միջազգային կազմակերպությունների մշտադիտարկումներն, անշուշտ, կարևոր են՝ հարևան երկրի բռնապետական ավանդույթներն ի ցույց դնելու առումով։ Բայց այդ աշխատաոճը պետք է սրբագրվի. ադրբեջանական իշխանություններին քննադատելուն զուգահեռ նույն հարթությունում պետք է դիտարկվի Արցախի ժողովրդի իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրը, գլխավորապես Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Եթե այդ կազմակերպություններն ի լուր աշխարհի Ադրբեջան չայցելելու մասին հայտարարություններ են հնչեցնում, ապա Արցախի Հանրապետության հանդեպ տրամագծորեն հակառակ տեսակետը պիտի արտահայտեն։ Այս ամենը պետք է արտացոլված լինի նրանց զեկույցներում, ինչը կնպաստի միջազգային ինտեգրացիոն գործընթացներում Արցախի ներգրավմանը։    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ