[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԱՂԱ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԵՂԵՌՆԻ ՉՄԱՐՈՂ ՄՐՄՈՒՌ

altԱյն, ինչ 20 տարի առաջ կատարվեց արցախյան ամենամեծ ու բարգավաճ գյուղերից մեկում՝ Մարաղայում, մեր ազգային-ազատագրական պայքարի ամենաողբերգական էջը դարձավ
, հայոց պատմության էջերում թուրք բարբարոսների արյունոտ հետքերի և ցեղասպան ներկայության ևս մեկ վկայություն. հայկական գյուղի խաղաղ բնակչությանը հրի ու սրի մատնելու համար թուրք-ազերիները, հետևելով իրենց եղբայրակիցների օրինակին, դարձյալ գարնան ամենագեղեցիկ ամիսն էին ընտրել: 
1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացված ոճրագործությունն իր ողբերգականությամբ, մարդկային բանականության սահմաններում չտեղավորվող դաժանությամբ չի զիջում ոչ 1915թ. Մեծ եղեռնին, ոչ Սումգայիթին, ոչ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների իրականացրած զազրելի եղեռնագործություններին: Այս գյուղը գտնվում էր Գանձակ-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա և համարվում էր Լեռնային Ղարաբաղի հյուսիսային դարպասը: Ըստ 1989թ. մարդահամարի՝ Մարաղայում ապրում էր 4670 մարդ (հիմնականում՝ հայեր):
Այն, որ Մարաղայում իրականացված հանցագործությունը  Ադրբեջանի կողմից պլանավորվել, կազմակերպվել, իրագործվել է պետական մակարդակով, վկայում է այն փաստը, որ խաղաղ բնակչության դեմ վայրագ հաշվեհարդարի մի շարք մասնակիցների շնորհվեցին Ադրբեջանական Հանրապետության պետական բարձր կոչումներ: Ադրբեջանի կողմից իրականացված, մինչ օրս չդատապարտված ու չպատժված այդ  հերթական  ոճրագործությունն ուղղված էր ոչ միայն Մարաղայի խաղաղ բնակչության, այլև ողջ մարդկության դեմ: Եղեռնագործության իրավական ու քաղաքական գնահատականի բացակայությունը թույլ է տալիս Ադրբեջանին այսօր էլ շարունակել ագրեսիվ հայատյացության քաղաքականությունը:  
Վաղ առավոտյան սկսված ավազակային հարձակմանը նախորդել էր գյուղի՝ տարբեր կողմերից հրետակոծումը: Ադրբեջանցիները լավ էին նախապատրաստվել. հազարանոց զորախմբին ուղեկցում էր զրահատեխնիկան: Գյուղում զինվորականներ չկային, սակայն բնակիչներն ինքնապաշտպանական ջոկատ էին ստեղծել: Քաջ գիտենալով, որ հրետակոծմանը կհաջորդի գրոհը՝  200 հոգուց բաղկացած, որսորդական հրացաններով ու ինքնաշեն ավտոմատներով զինված ջոկատը պատրաստվել էր դիմակայաել ադրբեջանական գրոհին: Լայնածավալ հարձակումն սկսվեց լուսաբացին: Ջոկատի հրամանատար, այժմ Նոր Մարաղայի համայնքի ղեկավար  Ռոմա Կարապետյանի խոսքերով՝ առաջին հարձակման ժամանակ` ահեղ կռիվներից հետո, թշնամին հետ է շպրտվել, մի քանի ժամ անց հարձակումը կրկնվել է և կրկին հետ մղվել, իսկ երեկոյան ադրբեջանցիները հարձակվել են զրահատեխնիկայի` շուրջ 15 տանկերի աջակցությամբ: Գյուղացիների կազմակերպած պաշտպանությունը արագ ճեղքվել ու գյուղը գրավվել է: Մի քանի ժամվա ընթացքում գազանաբար խոշտանգվել ու սպանվել են գյուղից փախչել չհասցրած կանայք ու երեխաներ,  տարեց մարդիկ ու անկողնուն գամված հիվանդներ: Սպանվելուց հետո բոլոր զոհվածները խոշտանգվել են դանակով, բոլորի մարմինների վրա  խաչեր են նկարվել: Գերեվարվածների թիվն անցնում էր վեց տասնյակը: Արյունոտ գեհենից հրաշքով փրկված մարաղեցիներն  ապաստան են գտել աշխարհի ամենատարբեր հատվածներում, նրանք այսօր էլ առանց արցունքի չեն կարողանում վերհիշել այդ դժոխային  օրը: Բռնաբարված ու տանջամահ արված կանանց, ողջակեզ, անդամահատված դիակների մասին նրանց պատմությունները չեն կարող անտարբեր թողնել անգամ ամենասառնասիրտ օտարին: 
Ռավիկ Գաբրիելյան (82 տարեկան, այժմ ապրում է Մարտակերտ քաղաքում). 
- Հարձակումն սկսվեց առավոտյան վեցին: Մենք երեք ընտանիքներով արդեն վաղուց  նկուղում էինք ապրում. տների մոտ բլինդաժներ էինք փորել, հետո հասկացանք, որ դրանք ավելի վտանգավոր են, տեղափոխվեցինք նկուղ: Կրակում էին  թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Որդիս՝ Կիման, հենց սկզբից գյուղի տղամարդկանց հետ սկսել էր զենք հայթայթել, ինքնաշեն պայթուցիկներ էր պատրաստում, որսորդական հրացաններն էր կատարելագործում։ Էդ գործողությունների ժամանակ զրկվեց աջ ձեռքի թաթից, բայց շարունակում էր իր գործը: Շատերը մինչ այդ իրենց կանանց ու երեխաներին հեռացրել էին գյուղից: Մենք լավատեսներից էինք. ադրբեջանցիների հետ եղբայրներ չէինք, բայց տարիներ, տասնամյակներ շարունակ ապրում էինք կողք կողքի։ Մեր գյուղի և Միրբաշիրի արանքը երկու կիլոմետր էր: Ո՞վ կսպասեր նման գազանություններ: Այդ օրը քրոջս ու եղբորս ընտանիքներն էլ էին մեզ հետ, հենց որ տեղեկացանք, որ թուրքերը մտել են գյուղ, մի կերպ մեր ընտանիքներին դուրս բերեցինք գյուղից, չեմ էլ ուզում հիշել, թե ինչ տանջանքներով անցանք էդ ճանապարհը: Ազերիների մեջ շատ էին թրերով զինվածներ, հատուկ բերել էին դիակները խոշտանգելու համար, ով զենք չուներ, միայն ավարի էր եկել, մուրճով ու կացնով հարվածում էր խաղաղ բնակիչներին: Ընկերս՝ Վարդանյան Բորիկը, աշխատում էր ջրտնտեսությունում ու զբաղվում էր ոռոգման ջրի բաշխմամբ: Օմօնականները նրա  գլուխը սղոցով կտրել են, իսկ դիակի վրա թողել գրություն. ՙՀիմիկվանից հետո ջուրն արդար ես բաժանելու՚: Նրա մորը՝ Փառանձեմին, ու կնոջը՝ Զարյային, պատանդ են վերցրել, մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են տարել: Այդ օրը ծանր վիրավորվել է նրանց որդին՝ Վլադիկը: Մեր գյուղացի Պատվական Գալստյանը Հայրենական պատերազմում մինչև Բեռլին էր հասել, բայց սպանվեց իր տանը՝ ավտոմատի կրակահերթից: Ալյոշա Ստեփանյանին ու նրա մորն ու կնոջը սպանել են ու մասերի բաժանել։ Ո՞ր մեկին հիշես... Առաքելյան Համոյին ադրբեջանցիները լավ գիտեին, երկար տարիներ աշխատում էր Միրբաշիրում, գյուղտեխնիկայի հմուտ վերանորոգող էր, 90-ին մոտ էր, նրան էլ չեն խղճացել, կացնով գլխատել են: 
Ժաննա  Պետրոսյան (այժմ ապրում է Ստեփանակերտում). 
¬ Ապրիլի 10-ին ես գյուղում չէի։ Ամուսինս՝ Էդիկ Աբրահամյանը, փետրվարի վերջին գյուղի մատույցներում ընկերների հետ ծուղակի մեջ էր ընկել, ծանր վիրավորվել, հետո առաջին կարգի հաշմանդամ դարձավ: Այդ օրերին գտնվում էինք Մարտակերտի հոսպիտալում, սակայն իմ ուշքն ու միտքը գյուղում էր, այնտեղ էին մեր երեք երեխաները, փոքրը 2 տարեկան էլ չկար: Անընդհատ կապվում էի մեր գյուղացիների հետ, նորություններ իմանում։ Լսելով, որ թուրքերը հարձակվել են, առանց մտածելու, ամուսնուցս թաքուն որոշում եմ գյուղ հասնել։ Այդ օրը մանր անձրև էր տեղում, թե ինչպես տեղ հասա՝ անհնար է հիշել, ամեն ինչ մտքովս անցնում էր: Մեր տունը գյուղի ծայրին էր, թաքնվելով, սողեսող մոտեցա մեր տանը՝ դարպասներին կողպեք տեսա, ուրախացա, ուրեմն` մեր ծնողները երեխաներին դուրս են բերել գյուղից։ Վերադարձա Մարտակերտ: Հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, գյուղն արդեն մերոնք ազատագրել էին. ողջ մնացած մարաղեցիները գնացել էին իրենց կորած հարազատներին գտնելու, մահացածներին հողին հանձնելու, ես էլ էի նրանց հետ: Այն, ինչ մենք տեսանք՝ մինչև օրս աչքերիս առաջ է, նման բան չեք տեսնի ամենավայրենի ֆիլմում. ածխացած մարմիններ, գլխատված դիակներ, արյան հոտ, լաց, կական... 
Ես մեր գյուղի փոստի բաժանմունքի պետն էի, շատերին էի մոտիկից ճանաչում: Անասնաբույժ Հայկազ Սողոմոնյանի տանը մի հրոսակախումբ կերուխում էր արել (մարաղեցիները բոլորն էլ լավ էին ապրում, ընտիր գինի ունեին), հետո գլխատել էին տանտիրոջ դիակը: Փոստի երիտասարդ մեխանիկին կապել էին հեռագրասյանը, տանջամահ արել, հետո վառել: 20 տարի է անցել, բայց ասես երեկ է եղել: Շատ դաժան են վարվել նաև գերյալների հետ։ Մի քանի օր անց՝ արդեն Մարտակերտում, հանդիպեցի Ռիտա Մնացականյանին.  եղբայրը մեծ դժվարությամբ, ահռելի գումարների միջոցով կարողացել էր նրան փրկել Միրբաշիրի բանտից: Ռիտայի ամբողջ դեմքը կապտուկների մեջ էր, ձեռքերին ու պարանոցին սևացած կետեր էին. ծխախոտով էին վառել: Ռիտան խնդրեց,որ իր մասին հարցեր չտամ: Մեր սիրելի ուսուցչուհու՝ Ալվինա Բաղդասարյանի մասին պատմեց. նրա հետ նույն խցում էին: Ալվինային բոլորը գիտեին, շարժման նվիրյալներից էր, ամբողջ աշխատավարձը տրամադրում էր ջոկատի տղաների կարիքներին: Հպարտ էր, հայրենասեր, իսկական մտավորական: Ռիտայի պատմածով՝ բանտախցում նրա ձեռքն են խոթել աքցանն ու հրամայել սեփական ոսկե ատամները հանել: Ձեզ պետք է` դուք էլ հանեք, սառը նետել է նա: Ալվինան հրաժարվել է ասել՝ Մարաղան ադրբեջանցիներինն է, որից հետո կրակել են նրա ոտքերին։ Երբ Ռիտան սկսել է աղաղակել, նրան քարշ տալով այլ բանտախուց են տարել: Ռիտան հիմա Ռուսաստանում է ապրում: Ալվինան զոհված է համարվում: Բոլոր մարաղեցիներիս համար նա մեր այս պատերազմի ամենաազնիվ և ուժեղ կին հերոսներից  է: Ես շատ սխալ եմ համարում, որ պետականորեն նրան հետմահու որևէ պարգև, որևէ կոչում մինչև հիմա չի շնորհվել: Այսօր Նոր Մարաղայում են ապրում մեր գյուղացիներից շատերը. պետությունը նրանց համար բնակարաններ է կառուցել, կյանքի համար տանելի պայմաններ ստեղծել: Մեր գյուղի կարոտը տանջում է մեզ. քչերը կարող են մարաղեցու նման սիրել հարազատ գյուղը, դրա համար, չնայած գյուղը բնակիչների համար այն օրը դժոխքի վերածվեց,  Նոր Մարաղայում ապրողները քնում ու արթնանում են հարազատ բնօրրան վերադառնալու հույսով:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ