Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԻ՞ ՍՏԱՑՎՈՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Իսլամական հեղափոխության 40-ամյակի առթիվ Ադրբեջանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի պաշտոնակցին, բայց դիվանագիտական քաղցրախոսությունների տպավորությունը դեռ չթոթափած՝ Բաքվի մամուլն աննախադեպ կոշտ որակավորումներով մի ամբողջ շարք հրապարակումներ է արել, որոնց ընդհանուր իմաստն այն է, որ ՙիրանական մոլլապետությունը շահագրգռված է դաշտային Ղարաբաղի հայկական օկուպացիայով՚։ Այդ եզրահանգման համար առիթ է հանդիսացել փետրվարի վերջերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք պաշտոնական այցի մասին տեղեկատվությունը։ 

Ադրբեջանական կողմն, ամենայն հավանականությամբ, այնքան է անակնկալի եկել այդ տեղեկատվությունից, որ որոշել է շտապ կարգով Թեհրան գործուղել արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, սակայն ստացվել է այնպես, որ Իրանն Ադրբեջանի բանագնացին կընդունի արդեն Հայաստանի վարչապետի այցից հետո։ Տպավորություն է, որ Ադրբեջանում չափազանց ոգեւորված էին Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով ուղղակի շփումներից եւ մեծագույն հույսեր էին փայփայում, որ հայկական կողմը կգնա աննախադեպ զիջումների։
Հայաստանի վարչապետի այցը Բեռլին եւ ԼՂ կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները, ինչպես նաեւ տեղեկատվությունը, որ Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումը տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Լավրովի մասնակցությամբ, երեւում է, ի դերեւ են հանում պաշտոնական Բաքվի չափազանց լավատեսական սպասումները։ Ադրբեջանում հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցի օրակարգում անպայման տեղ են գտնելու տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։
Ալիեւյան վարչախմբի համար, եթե դատելու լինենք ադրբեջանական մամուլի հրապարակումների տոնայնությունից, առանձնահատուկ գլուխկոտրուկի թեմա է, թե ի՞նչ համարձակությամբ է Հայաստանը խորացնում Իրանի հետ քաղաքական երկխոսությունը, եթե ավելի վաղ տարածաշրջան այցելած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը Երեւանում ակնարկել էր Հայաստան-Իրան հարաբերությունների սառեցման՝ իր երկրի ցանկությունը։ Ադրբեջանական կողմում փորձում են հասկանալ, թե ինչու՞ Իրանը, տարբեր մակարդակներում հայտարարելով հանդերձ, որ ՙսատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՚՝ գործնական քաղաքականության հարթությունում հանդես է գալիս ստատուս-քվոն փոխելու ջանքերի դեմ։
Ադրբեջանցի հեղինակներն այս առթիվ գերադասում են մերկապարանոց վերագրումներ անել պաշտոնական Թեհրանին՝ ներառյալ ՙչվերահսկվող սահմանային հատվածում մաքսանենգության՚ մեղադրանքը, բայց դա ընդամենը ներքին սպառման նյութ է։ Իրականում Բաքվում երկյուղ ունեն, որ Իրանը կարող է ֆորմալ մակարդակի բերել Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները՝ այդ մասին չբարձրաձայնելով հանդերձ։ Ունի՞ Բաքուն դիվանագիտական խողովակներով ստացած տեղեկատվություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում շոշափելու է նաեւ Իրան-Արցախ ոչ պաշտոնական հարաբերությունների խնդիրը։ Նման տեղեկատվություն, կարծես թե, չկա, բայց ադրբեջանական փորձագետները դատողություններ են անում այդ առթիվ հայկական քաղաքագիտական շրջանակների վերլուծությունների հիման վրա։
Ըստ երեւույթին, Իրան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի ստացվում։ Բաքուն այդպես էլ չի կարողանում Թեհրանին համոզել, որ հակաիրանական քայլեր չի ձեռնարկում, չի օգտագործի այսպես կոչված ՙիրանական Ադրբեջանի՚ գործոնը։ Իր հերթին Լեռնային Ղարաբաղի հարցում որդեգրելով հավասարակշռված մոտեցում եւ պաշտպանելով խնդրի կարգավորման գործընթացում արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը բացառելու մոտեցումը, Թեհրանը Բաքվի մոտ կասկածներ է առաջացնում, որ Իրանն առկա ստատուս-քվոյի ջատագովն է։
Ի՞նչ ընդհանուր հայտարար կուրվագծվի վարչապետ Փաշինյանի Թեհրան այցի արդյունքում։ Դրան հաջորդելիք իրանա-ադրբեջանական խորհրդատվություններից ինչպիսի՞ հետեւություններ կծնվեն՝ պարզ կլինի արդեն եկող ամսվա ընթացքում։