Logo
Print this page

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼ ՍԻԴՈՐՈՎԸ

 

 

 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

 

Միջին Արևելքի և Անդրկովկասի միջև փոխադարձ կապ է ի հայտ գալիս

Օրերս ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հաջողվել է լարվածության որոշակի նվազեցման հասնել։ Նրա խոսքով` ՙմիջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը վերջին ամիսներին հանգեցրել են լարվածության նվազեցման, ինչը ՙթույլ է տվել ակտիվացնել լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հետագա աշխատանքի համար անհրաժեշտ երկխոսությունը՚։
Խոսքը ՙՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր դարձած հանդիպումների՚ մասին է, որոնք թույլ են տվել խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման շուրջ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել՚, ինչպես նաև այն մասին, որ ՙվերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուղիղ կապ է հաստատվել բարձր մակարդակով՚։ Միևնույն ժամանակ, ինչպես գտնում է Սիդորովը, ՙՀավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում բարդ իրադրություն է պահպանվում՚, որը պայմանավորված է ՙնախևառաջ նրա սահմանների մոտակայքում հակամարտային բարձր ներուժի առկայությամբ, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում իրենց ներգործությունն ամրապնդելու ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ձգտմամբ՚։
Մենք ռուս գեներալի հնչեցրած խոսքերին ուշադրություն դարձրինք մի քանի պատճառներով։ Առաջին, հավանաբար, և գլխավորը նրանում է, որ եթե նախկինում հիմնականում միայն փորձագետներն էին փոխադարձ կապ տեսնում փոթորկուն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին միջև, ապա այժմ այդ մասին արդեն խոսում են զինվորականները։ Բայց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գլխավոր իրադարձություններից որո՞նք են ազդում կամ կարո՞ղ են ազդել Անդրկովկասի տարածաշրջանային զարգացումների վրա։ Դեռ մի քանի տարի առաջ, երբ Մերձավոր Արևելքում զարգանում էր ՙարաբական գարնան՚ ֆենոմենը, քչերն էին կանխատեսում, որ տարածաշրջանային պատերազմներին կներքաշվեն Թուրքիան և նրա ամենամոտ հարևանները։ Դեռ ավելին, ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չէր ենթադրում, որ Վաշինգտոնը կսկսի ակտիվորեն առաջ մղել Քուրդիստան աշխարհաքաղաքական նախագիծը, որի ստեղծումը Թուրքիային, Իրաքին, Սիրիային և Իրանին սպառնում է տարածքային ամբողջականության հնարավոր կորստով։ Մեր գնահատմամբ, քրդական ուղղությամբ գերլարվածություն է ուրվագծվել, իսկ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) հետ շարունակվող կամ ավարտվին մոտեցող պայքարը միայն ֆոն է տեղի ունեցող իրադարձությունների համար։
Հիշեցնենք, որ Իրաքում փաստացի արդեն գոյություն ունի ինքնավարության կարգավիճակ ունեցող մեկ քրդական պետություն, առկա են օբյեկտիվ նախադրյալներ Սիրիայում և Թուրքիայում նման ինքնավարությունների կազմավորման համար։ Մենք համաձայն ենք այն փորձագետների հետ, ովքեր համարում են, որ քրդերի գլխավոր ռազմավարական նպատակը համընկնում է ոչ թե Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի ազգային շահերի և զարգացման ռազմավարության հետ, այլ` ամերիկացիների ծրագրերի, որոնք անում են ամեն բան քրդական մեծ պետություն ստեղծելու համար, որն ունակ կլինի զսպող ներգործություն ունենալ Թուրքիայի և Իրանի վրա: ԱՄՆ-ն, սատարելով քրդերին, հասկանում է, որ դա կարող է Թուրքիայի փլուզմանը հանգեցնել, բայց դրան չի խոչընդոտում, քանի որ ամերիկացիների կողմից Թուրքիան այլևս չի ընկալվում որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանին և Իրանին, մինչդեռ քրդական պետությունը կարող է բազմաթիվ երկրների վրա ներգործություն ունենալու լծակ դառնալ` ի շահ Վաշինգտոնի:
Ու այդ ամենը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի սահմաններից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա, երկրներ, որոնք արդեն երկար տարիներ ՙհանգուցված են՚ լեռնայինղարաբաղյան հակամարտությունով:
Դեռ ավելին, քրդական խնդիրը և լեռնայինղարաբաղյան հակամարտությունը որոշ ընդհանուր բնորոշ գծեր ունեն, որոնցից մեկը նրանց միջազգայնացումն է:
Այդ առումով վերադառնանք Սիդորովի մյուս թեզիսին, ով կովկասյան ուղղությամբ տիրող լարվածությունը բացատրում է ՙտվյալ տարածաշրջանում իրենց ներգործությունն ամրապնդելու ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ձգտման՚ գործոնով: Իսկապես, վերջին ժամանակներս Անդրկովկաս հաճախակի այցելում են ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բաքուն և Երևանը ռազմատեխնիկական կապեր են զարգացնում ՆԱՏՕ-ի հետ, թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նախկինում դա չէր հարուցում Մոսկվայի առանձնակի անհանգստությունը: Իսկ հիմա՞: ԱՄՆ-ն և Ֆրանսիան Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, որի ձևաչափում, համենայն դեպս, հրապարակային մակարդակում նրանք ղարաբաղյան կարգավորման հարցում քաղաքական կամ աշխարհաքաղաքական ակներև օպորտունիզմ չեն դրսևորում, չեն ցուցադրում, որ նրանք ՙԼեռնային Ղարաբաղ՚ առանձին նախագիծ ունեն: Դեռ ավելին, նկատվում է Արևմուտքի պասիվությունն այդ ուղղությամբ, ինչը հետևյալ մտքին է հանգեցնում. նա շահագրգռված է այդ հակամարտությունը ՙսառեցված վիճակում՚ պահպանելու մեջ:
Բայց, Արևմուտքից և Ռուսաստանից բացի, այդ ուղղությամբ հետաքրքրություններ ունեն նաև Թուրքիան և Իրանը: Ի դեպ, Թեհրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ հրաժարվում է ճանաչել լեռնայինղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման շուրջ 2009 թվականի Մադրիդյան նորացված սկզբունքները, քանի որ դրանց համաձայն` կարգավորման գոտում պետք է միջազգային խաղաղապահ հավաքակազմ տեղակայվի: Իրանը պնդում է հայ-ադրբեջանական հակասությունները բացառապես տարածաշրջանի պետությունների ջանքերով լուծելու վրա: Երևանն ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից է, անդամակցել է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել: Ադրբեջանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությանը` հավասարակշռություն պահպանելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Միևնույն ժամանակ, Բաքուն ի վիճակի չէ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր օգտին փոխակերպել նավթագազային տարաբնույթ միավորումներում (Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Անդրադրիատիկ գազամուղ) իր մասնակցությունը, դրանից բացի, այդ միավորումները նրա համար Հայաստանի հետ ռազմական դիմակայության գործոնը մղում են երկրորդ պլան: Դրանում է այժմ Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական արտաքին պարադոքսի իմաստը:
Բաքվի համար վտանգավորությունը նրանում է, որ սիրիական կարգավորման հեռանկարները կարող են այնուհետև նաև լեռնայինղարաբաղյան հակամարտության հարթություն տեղափոխվել, նման թակարդից Ադրբեջանը կկարողանա դուրս պրծնել միայն արտաքին քաղաքական ճկուն ուղեգիծ տանելու պարագայում:
Ադրբեջանը ձգտում է հակամարտության արագ հանգուցալուծման սեփական անվտանգության հետ կապված ակնհայտ պատճառներով: Իր սահմանների երկայնքով Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունները, սիրիական ճգնաժամը և Թուրքիայում տիրող իրավիճակը Բաքվին ստիպում են ոչ ստանդարտ գործողությունների դիմել: Երևանում իրավիճակին փոքր-ինչ այլ գնահատական են տալիս, համարելով, որ Հայաստանը որոշ առումներով կարող է հույսեր կապել Արևմուտքի հետ: Բայց այդ տեսակետի հետևորդներն ստիպված կլինեն հաշվի նստել աշխարհաքաղաքական իրողության հետ: Այսպես թե այնպես, գեներալ Սիդորովն իրավացի է նրանում, որ վերջին հաշվով Լեռնային Ղարաբաղում կարգավորման կարելի է հասնել միայն մեկ եղանակով` հակամարտության անմիջական մասնակիցների խաղաղ երկխոսությամբ:
www.regnum.ru

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.