Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Արցախում հարգեցին սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը

1988-ի փետրվարը Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ առանձնացավ նաև ծանր ու դաժան իրողությամբ՝ սումգայիթյան եղեռնագործությամբ։ Երեսունմեկ տարի առաջ, 1988-ի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը երեք տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաշատ Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ, ադրբեջանական խաժամուժը հայ բնակչության նկատմամբ իրականացրեց սարսափելի ոճրագործություն։ Փետրվարի 27-ին քաղաքում ծայր առավ ավելի քան 18 հազար հայ բնակիչների ջարդը։ Երեք օր շարունակ Սումգայիթը հեղեղված էր հայերի արյամբ… Ականատեսների ու տուժածների պատմածները, տեղի ունեցածի մասին, սահմռկեցուցիչ մանրամասնությունները հավաստեցին, որ 1988-ի դահիճները ոչնչով չեն տարբերվում 1915-ի իրենց նախահայրերից։ Նույնն էին և՜ նպատակը, և՜ այդ նպատակին հասնելու միջոցները։
Սումգայիթյան ոճրագործությամբ Ադրբեջանը բացեց 20-րդ դարավերջի ցեղասպանությունների մի նոր շղթա։
Փետրվարի 28-ի վաղ առավոտից մարդկային հոսքը ձգվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և կրթօջախների կոլեկտիվներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ դաժան ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով եկել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, այլև մեկ անգամ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ միջազգային ատյաններում կատարվածին առ այսօր քաղաքական գնահատական չտալու համար։ Ընդհանուր կարգախոսը մեկն էր՝ Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պետք է ստանա իր համապատասխան գնահատականը, այլապես ՙսումգայիթները՚, ՙբաքուները՚, ՙկիրովաբադները՚ կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում։
Հուշահամալիր այցելեցին Արցախի հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Ի՞նչ դասեր ենք քաղել սումգայիթյան եղեռնագործությունից, ի՞նչ աշխատանքներ են տարվել բռնագաղթածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Տարիներն անցնում են, իսկ մինչ այսօր Ադրբեջանի հայահալած քաղաքականությունն ամենևին էլ չի փոխվել։ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի եղեռնագործությունների հեղինակ ազերի-թուրքը՝ միջազգային հանրության ներողամիտ հայացքի ներքո, ոչ միայն մարսեց իրականացրած ոճիրը, այլև մինչ օրս շարունակում է քարոզչության դաշտում արդարացնել իրականացրածը՝ կեղծելով իրականությունը։ Դեռ ավելին. Ադրբեջանի քարոզչական հնարքներից մեկն էլ Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում հայության դեմ իրականացված ցեղասպանությունների հակակշռի ստեղծումն է. ալիևյան վարչախումբը փորձում է այդ նպատակին ծառայեցնել այսպես կոչված Խոջալուի դեպքերը, որոնք իրականում իրենց իսկ կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կազմակերպված ջարդերն էին։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, Ազգային ժողովի նախագահ.
-Այն տրամաբանությունը, որ կար մեր ազգային-ազատագրական պայքարի հիմքում, և այն քաղաքականությունը, որ վարում էր Ադրբեջանը այդ և նախորդ տարիներին, խոսում է այն մասին, որ ադրբեջանական խտրական քաղաքականությունը պետք է ինչ-որ ժամանակ պայթեր։ Կարծում եմ, եթե 1988-ին մենք չսկսեինք Արցախյան շարժումը, մեզ սպասում էր Նախիջևանի օրինակը։ Շարժումը մեր ազգի նորագույն պատմության մեջ մեծ նշանակություն և կարևորություն ունեցավ՝ որպես համաժողովրդական պայքար։
Մենք միջազգային հանրության հետ խոսում ենք միջազգային լեզվով, անընդհատ բարձրացնում ենք ազգերի ինքնորոշման խնդիրը։ Բայց այն հանգամանքը, որ ազգային-ազատագրական մեր պայքարով կանխեցինք հաջորդ ցեղասպանությունը, որն անպայման տեղի կունենար և գուցե թե հենց այս տարածքում՝ որևէ կասկած չպիտի հարուցի։ Բոլոր հնարավոր տարբերակներով տարաբնույթ հանդիպումների, տարբեր կառույցների հետ քննարկումների ժամանակ մենք փորձում ենք միջազգային հանրությանը հասցնել և ամրապնդել այն գաղափարը, որ Արցախում 1988-ին սկսած պայքարը պատահական չի եղել, որ դա էր միակ ձևը՝ այս տարածքում ապրող բնիկ հայությանը ցեղասպանությունից փրկելու համար։
Ցավալի է, անշուշտ, որ Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության մեջ փորձում է օգտագործել այնպիսի հարցեր, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Ըստ իս՝ Ադրբեջանում բավական հաջող օգտվում են միջազգային տարբեր կառույցների և տարբեր երկրներում հանրային շրջանակների անտեղյակությունից։ Ադրբեջանը երկար ժամանակ փնտրում էր Սումգայիթում իրենց կատարած սպանդին որևէ հակակշիռ, հակափաստարկ, որպեսզ ցույց տա, որ միայն ադրբեջանցիները չեն ոճրագործություն կատարել։ Ուստի նրանք Խոջալուն դարձրին այն կետը, որից կարելի էր կառչել և հորինելով ուռճացնել՝ դարձնելով հայության կողմից իրականացված ոճրագործություն։ Մենք լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում, ինչի էր վերածվել այդ բնակավայրը, և ինչ մարդասիրական դիրքորոշում են ունեցել Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունները։ Շրջափակման պայմաններում այլ ելք չունեինք, և պետք էր վերացնել Խոջալուի կրակակետը, որը պատուհաս էր դարձել հարակից խաղաղ բնակավայրերի համար։ Բայց այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է Խոջալուն հակակշիռ դարձնել և դա նրանց քաղաքականության շարունակությունն է, ինչի համար շատ մեծ հնարքներ, միջոցներ ու ռեսուրսներ են օգտագործվում։ Ժամանակի առումով գուցե թե դա որոշակի արդյունք տալիս է, բայց, կարծում եմ, ընդհանրական պատմության կտրվածքով այն նստվածք չի տա։


Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ, ԱՀ արտաքին գործերի նախարար.

-Միջազգային ատյաններում սումգայիթյան ոճրագործությանը իրավական գնահատական տալու ուղղությամբ աշխատանքներ, անշուշտ, տարվում են։ Մոտ օրերս այդ կապակցությամբ դարձյալ հայտարարություն է տարածվելու միջազգային կառույցներում։ Ընդհանրապես վերջին տարիներին այդ առումով ակտիվություն կա, բազմաթիվ նյութեր ենք տարածում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդարանում։ Անցյալ տարի մոտ 10 ծանրակշիռ փաստաթղթեր ենք ստեղծել ու տարածել միջազգային կառույցներում՝ իրազեկելով կատարված ոճրագործությունների մասին։ Սումգայիթյան սպանդի 31-րդ տարելիցի կապակցությամբ նույնպես փաստաթղթերը պատրաստ են։ Դրանցում մեկ անգամ ևս միջազգային հանրությանն իրազեկում ենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում, նաև տեղեկացնում ենք այս տարիներին կատարված մյուս դեպքերի մասին, և ձգտում համոզել, որ մեր ժողովրդի գոյության միակ երաշխիքն ու գրավականը մեր անկախ պետությունն է։
Իհարկե, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում՝ աշխատելով հակառակ ուղղությամբ, տարբեր շինծու մեղադրանքներ են տարածում՝ փորձելով հայերիս մեղադրել ոճրագործության մեջ։ Կարելի է ասել, որ այս առումով մենք կարողանում ենք հավասարակշռել իրավիճակը։ Բայց արդարությունը մեր կողմն է, և մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի սումգայիթյան ոճրագործությունն, ի վերջո, ստանա իր քաղաքական գնահատականը։
Ինչ վերաբերում է բռնագաղթածների իրավունքների պաշտպանությանը, այդ առումով ևս շատ անելիքներ ունենք։ Պետությունը համագործակցում է մի շարք հասարակական կառույցների հետ՝ ադրբեջանահայության շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով։