Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

1994թ. հրադադարի հաստատման պահից մինչ այսօր ՀՀ իշխանություններն ամենատարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանը և նրա զինված ուժերը հանդիսանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Դեռևս 2013թ. հոկտեմբերին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, հայտարարել էր, որ պետք չէ ռազմական գործողություններ սկսել, հետո էլ բողոքել ՙօկուպացիայից՚։ Ապա հավելել էր. ՙՀիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով։ Վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամսից հետո ադրբեջանցիները բողոքելու են տարածքի ոչ թե 20, այլ 25, 30% կորստի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել՚։

Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, նախագահ Սարգսյանը, պաշտոնական այցով գտնվելով Մոսկվայում, հյուրընկալվել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և ուսանողների առջև ելույթ ունեցել։ Նա մասնավորապես ընդգծել էր, որ անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական։ Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին նախաձեռնած ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության։ Հայաստանը՝ որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով։ Դրա հետ մեկտեղ, շարունակել է Սարգսյանը, Հայաստանը պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի։ Բանակցություններին այլընտրանք չկա։
Հայաստանի այսօրվա իշխանությունը շարունակում է իրականացնել ԱՀ-ի անվտանգության երաշխավորի իր առաքելությունը, միաժամանակ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետևողականորեն պնդելով Արցախի մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված՝ համազգային օրակարգի ձևավորման խնդիրը պետք է համարել խիստ կարևոր և ժամանակին համահունչ՝ ղարաբաղյան հիմնախնդրի արդար հանգուցալուծման, հայկական պետությունների անվտանգության ապահովման և մյուս մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից։
Փաստ է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Արցախը ներգրավելու ուղղությամբ ՀՀ ղեկավարության ջանքերը հարուցեցին Բաքվի հիստերիկ արձագանքը։ Ադրբեջանական քարոզչությունը շրջանառության մեջ դրեց մի վարկած, ըստ որի՝ հայկական կողմը դեմ է Մինսկի խմբի ձևաչափին և խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը։ Երևանը փոխարտգործնախարարի մակարդակով հակադարձեց՝ հարևան երկրին հասկանալ տալով, որ Հայաստանը համանախագահող պետությունների առջև ընդամենը դրել է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման խնդիր, ինչի համար հիմք է հանդիսանում 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, դարձավ խաղաղ կարգավորման բանակցություններին մասնակցող սուբյեկտ։
Ամենևին զարմանալի չէ, որ Բաքուն չի ընդունում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը հիմնվում է 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի վրա։ Ստեփանակերտում մարտի 12-ին անցկացված՝ ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի Հանրապատության նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ այդ համաձայնագրերի անվերապահ իրականացումը նպաստելու է խաղաղ գործընթացի առաջմղմանը։ Համատեղ նիստում հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից գնահատական տրվեց Արցախի անվտանգության մակարդակին. պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա։
Մյուս հանգամանքը. հայկական երկու կողմերն ընդգծեցին իրենց հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
Մեջբերենք արտաքին աշխարհին ուղղված ևս մեկ ազդակ, որը հնչեց վարչապետ Փաշինյանի խոսքում. իր ղեկավարած դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար։ ՙՈւժեղ մանդատ՚ արտահայտությունը մեզ հիշեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը և Երևանում նրա կողմից արված հայտարարությունները։ Ստեփանակերտից հասկանալ տվեցին, որ Հայաստանի ժողովրդից ստացված մանդատը ծառայելու է միայն հայ ժողովրդին, որ արտաքին ուժերին չի հաջողվի անջրպետ ստեղծել հայ ժողովրդի երկու հատվածների միջև։
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանությանը, որի նպատակը բանակցային ձևաչափում փոփոխություն մտցնելու մեջ հայկական կողմին մեղադրելն է, ոչ այլ ինչ է, քան սովորական միմոսություն։ Փաստն այն է, որ նման բովանդակության հայտարարություններ Ադրբեջանից հնչել են հարձակողական զորավարժություններ նախաձեռնելուն զուգահեռ։ Դա ևս միջազգային հանրությանն ուղղված ազդակ էր առ այն, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում իր ագրեսիվ կեցվածքից։ Ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հաճախակի են լայնածավալ զորավարժություններ անցկացվում, ինչը նրա անփոփոխ մարտավարության վկայությունն է։ Եթե Ադրբեջանը նման ձևով է նախապատրաստվում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա այս հարթությունում անելիք ունի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, ով օրերս հանդիպումներ էր անցկացնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անելիք ունեն արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային հանրության միջնորդական մանդատը ստացած Մինսկի խմբի համանախագահող պետությունները։

;