[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏՆԱՎԹԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Արևմտյան հայտնի BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությունը վերջերս անդրադարձավ Ադրբեջանում ստեղծված իրավիճակին՝ արձանագրելով, որ այս երկիրը, որպես Արևմուտքի գործընկեր, արդեն կորցրել է իր նախկին նշանակությունը։ Եթե նախկինում Ադրբեջանը Հարավային Կովկասում իրեն առաջատար էր կարծում, ապա այսուհետ ստիպված կլինի հրաժարվել նման հավակնություններից։ Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ էապես նվազել է այդ երկրի հանդեպ միջազգային հետաքրքրությունը։ Դա էլ իր հերթին ունեցել է տնտեսական ու սոցիալական հետևանքներ։ Լրատվամիջոցն այնուհետև եզրակացրել է, որ Ադրբեջանը թևակոխել է հետնավթային ժամանակաշրջան։ Առանձին հարթությունում դիտարկվել են ժողովրդավարական Հայաստանն ու ադրբեջանական ամբողջատիրական համակարգը. Արևմուտքում կարծում են, որ ՙթավշյա՚ հեղափոխությունը վատ դրության մեջ է դրել Բաքվին։

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի այս անդրադարձը, նախևառաջ, հարկ է դիտարկել Արևմուտք-Հարավային Կովկաս հարաբերությունների և մասնավորապես Արևմուտքի հետ, էներգակիրներով պայմանավորված, գործընկերային հարաբերությունների խորապատկերին։ Ուշագրավը, թերևս, այն է, որ մանրադիտակի տակ են դրվել Ալիևների ընտանիքի կողմից իշխանությունը բռնազավթելու պատճառներն ու վարչակարգի պահպանմանն ուղղված քաղաքականությունը։ Հարց է հնչեցվել. արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են գնալ բարեփոխումների, թե՞ զբաղված են դրանց իմիտացիայով։ Միջազգային փորձագետները, բնականաբար, Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերի մեկնաբանության կարիքը չունեն և հասկանում են, թե ինչով է պայմանավորված մոտ հինգ տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այնպես չէ, որ Բաքուն կարևորություն է տվել միջազգային կառույցների հորդորներին։
Հարկ է նշել, որ BBC-ի դիտարկումն իր աշխարհաքաղաքական ենթատեքստով հանդերձ, իրականության արձանագրումն է։ Նավթային պաշարների նվազման հետ կապված՝ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել վերջին տարիներին տեղեկատվական աղբյուրների կողմից հրապարակված վիճակագրական տվյալները։
Կոնկրետ՝ 2015թ ապրիլ ամսին Բաքուն պաշտոնական տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ ՙԱզերի-Չըրաղ-Գյունեշի՚ նավթագազային հանքահորերի համալիրում էներգակիրների արդյունահանումից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 47%-ով։ Պաշտոնական աղբյուրը նաև հաղորդել է, որ նույն տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ նավթային եկամուտները 4-5 մլրդ դոլարով պակասել են։ 2016 թվականին միջազգային Standard & Poor’s ծառայությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի վարկային վարկանիշը ՙկայուն՚ ցուցանիշից անկում է արձանագրում։ Ծառայության կանխատեսմամբ՝ երկրի գործադիր իշխանությունը բյուջեի թերակատարում է արձանագրելու մինչև 2018 թվականը։ Ադրբեջանի կենտրոնական բանկի միջազգային պահուստները 2014-ի համեմատ կրճատվել են մեկ երրորդով։
Միջազգային փորձագետները, հիմք ընդունելով այս իրողությունները, եզրակացրել են՝ էներգակիրների արտահանման վրա հիմնված Ադրբեջանի տնտեսությունը նավթի համաշխարհային գների անկումից հետո սկսել է փլուզվել։
2018 թվականին Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են եղել ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական մեդիա դաշտում։ Բոլոր վերլուծություններն ունեցել են մեկ եզրահանգում՝ նավթարդյունաբերությունն Ադրբեջանում մեծ արագությամբ անկում է ապրում։ Ադրբեջանցի տնտեսագետների հաշվարկներով՝ նավթագազային պաշարները կարող են բավականացնել երեք տասնամյակ։ Արդյունահանվում է օրական առավելագույնը 600 հազ. բարել նավթ, այն դեպքում, երբ 7 տարի առաջ արդյունահանման ծավալները գերազանցում էին 1,5 միլիոնը։ Տնտեսագետ Նատիգ Ջաֆարլիի համոզմամբ՝ Ադրբեջանն այլևս երբեք չի մոտենա 1մլն բարելի սահմանագծին, քանի որ չունի այդ քանակությամբ նավթ։ Եվ դեռևս հարց է՝ արդյո՞ք երեք տասնամյակ դրանք կբավարարեն երկրի պահանջները։ Տնտեսագետները վկայակոչել են բրիտանական ՙBP՚ (Բրիտիշ պետրոլիում) ընկերության հայտարարությունն այն մասին, որ 2012-ից հետո ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալներն իրեն չեն բավարարում, և ընկերությունն այդ երկրում մնում է զուտ այն պատճառով, որ չկորցնի տարածաշրջանի նկատմամբ իր տնտեսական վերահսկողությունը։ Եվս մի խոշոր գործընկեր՝ նորվեգական ՙStatoil՚ ընկերությունը, հայտարարել է Ադրբեջանից հեռանալու մասին՝ ընդգծելով նավթային պաշարների նկատմամբ միջազգային հետաքրքրության էական նվազման փաստը։
Հաշվի առնելով 2015-18թթ. ցուցանիշները՝ ադրբեջանցի տնտեսագետներն ահազանգել են, որ երկրաչափական պրոգրեսիայով նվազող նավթային պաշարներն առաջիկա տարիներին ամբողջությամբ կսպառվեն՝ Ադրբեջանը դարձնելով անմրցունակ երկիր։ Դա կարող է տնտեսական խոր ճգնաժամի հանգեցնել, քանի որ բացի նավթային արդյունաբերությունից, երկրում տնտեսության որևէ այլ ճյուղ զարգացած չէ։ Այս պարագայում կոռուպցիայի մեջ խրված Ադրբեջանը, միջազգային հանրության կողմից ճանաչված լինելով որպես ոչ ազատ ու նաև ագրեսիվ պետություն, զրկվելով նավթային պաշարներից ու նավթադոլարներից, կարող է կանգնել քաղաքացիական պատերազմի, ասել է թե՝ պետականությունը վտանգելու փաստի առաջ։
Ադրբեջանցի մասնագետները բավարարվել են այսքանով և, բնականաբար, հռետորական հարց չեն հնչեցրել. բնական պաշարների սպառման պարագայում ինչպե՞ս է գոյատևելու ալիևյան կլանը։ Պատասխանը պետք է որ միանշանակ լինի։
Փաստ է, որ պաշտոնական Բաքուն շարունակում է հասարակության աչքին թոզ փչելու անխախտ ավանդույթը, որի դրսևորումներից մեկը ժողովրդավարության նմանակումն է։ Ավանդույթն իրեն զգացնել տվեց Նովրուզի տոնի նախօրեին. նախագահ Ալիևի հրամանագրով ներում շնորհվեց մոտ 400 բանտարկյալի, որոնցից 50-ը քաղբանտարկյալներ են՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ավելորդ է ասել, որ Իլհամ Ալիևն ազատ է արձակել բազմաթիվ անմեղ մարդկանց, ովքեր բանտ են նետվել ազատ արտահայտվելու կամ մարդու տարրական իրավունքները պաշտպանելու համար։
Չնայած այս ամենին` ալիևյան վարչակազմի քայլը ողջունեցին միջազգային կառույցները, բայց, դրա հետ մեկտեղ, ժողովրդավար աշխարհից հասկանալ տվեցին, որ երկրում անհրաժեշտ է իրականացնել արմատական ժողովրդավարական բարեփոխումներ։ BBC-ի վերը նշված հարցադրումը՝ արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են գնալ բարեփոխումների, թե՞ զբաղված են դրանց նմանակմամբ, այդ մասին է վկայում։
Տիրապետող վերնախավը, համենայն դեպս, հասկանում է, որ նավթագազային ռեսուրսների վրա հիմնված քաղաքականության վերջը մոտենում է, միջազգային էներգետիկ նախագծերում Ադրբեջանի նշանակությունը լուսանցք է մղվում, այսինքն՝ լուսանցք են մղվում գործընկերային հարաբերությունները։ Իշխանության պահպանման միակ միջոցն, անտարակույս, ռեժիմի խստացումն է։ Ադրբեջանցի քաղաքագետ և ընդդիմադիր գործիչ Զարդուշտ Ալիզադեն օրերս հրապարակավ հանդես եկավ երկրի ներքաղաքական իրավիճակի վերլուծությամբ՝ իր հոդվածում շեշտելով այն միտքը, որ եթե որևէ մեկն այս երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետ հույսեր է կապում, խորապես սխալվում է։
;