[ARM]     [RUS]     [ENG]

Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՙՓՈԽԶԻՋՈՒՄԸ ԿԱՆԽՈՒՄ Է ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚

altՕրերս մեր հանրապետություն այցելեց ռուս հայտնի դիվանագետ, դեսպան Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ, ով 1992-96 թվականներն ընկած ժամանակահատվածում  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում հանդես էր գալիս նախ որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, իսկ այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ։ 
Ներկա դրությամբ նա ՌԴ  արտգործնախարարության վետերանների խորհրդի նախագահն է։
Դիվանագետը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ։ 
Ստորեև ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցազրույցը։ 
-Պարոն Կազիմիրով, նախ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հարցազրույցի հնարավորություն ընձեռելու համար։ Կուզենայի, որ անկեղծ պատասխանեիք մեր հարցերին, չնայած դիվանագետի համար դա այնքան էլ դյուրին գործ չէ։ Քանի որ մեր զրույցը տեղի է ունենում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման 18-ամյակի նախօրեին, ուստի նախևառաջ կխնդրեինք Ձեզ պատասխանել այն հարցին, թե որոնք էին Հրադադարի համաձայնագրի ստորագրման գլխավոր նախապայմանները։ Արդյո՞ք ՄԱԿ-ի բանաձևերը։
- Իհարկե, ոչ։ Ես Ռուսաստանն եմ ներկայացրել, բնականաբար, պետք է հանդես գայի Ռուսաստանի դիրքերից։ Հրադադարի հաստատման գործում կարևորում եմ հոգեբանական գործոնը, ինչը պետք է ընկալվի հետխորհրդային վաղ ժամանակաշրջանի իրողությունների համատեքստում։ Անշուշտ, առկա էր նաև քաղաքական գործոնը. մի՞թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն օգնում էր Ռուսաստանին՝ ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Ընդհակառակը, Ռուսաստանի թուլացման պայմաններում տարածաշրջան էին մտնում արևմտյան տերությունները, որոնցից առավել հզորը ԱՄՆ-ն էր։ Արևմտյան այլ տերություններ   իրենց հերթին փորձում էին թելադրել այս տարածաշրջանին, իսկ նրանց հուշողը, անկասկած, Միացյալ Նահանգներն էր։ Այնպես որ՝ պատերազմական գործողությունների դադարեցումը բխում էր մեր շահերից, անհրաժեշտ էր ինչ-որ կերպ դադարեցնել զանգվածային արյունահեղությունը։
- Մեզ հայտնի է հրադադարի հաստատման վերաբերյալ Ձեր տեսակետը, ըստ որի՝ պատերազմող կողմերը դրանում շահագրգռված էին հավասարապես, քանի որ հոգնած էին և ի վիճակի չէին շարունակել պատերազմը։ Սակայն այստեղ այդ կարծիքը չի ընդունվում, քանի որ ղարաբաղյան կողմը հենց միջնորդների ցանկությանն ընդառաջելով է համաձայնել դադարեցնել ռազմական գործողությունները։
- Ես լուրջ չեմ ընդունել Բաքվի գրավման վարկածը, որի մասին ինձ հետ խոսել են այստեղ ունեցած իմ հանդիպումներից մեկի ժամանակ։ 
- Բայց փաստ է, պարոն Կազիմիրով, որ մեր բանակը հաղթականորեն առաջ էր ընթանում։
-Համաձայն եմ, չի կարելի ասել, որ զինադադարի հարցում կողմերը հավասարապես էին շահագրգռված։ Բայց չի կարելի ասել նաև, թե պատերազմող կողմերից մեկն անընդհատ ցանկանում էր կանգ առնել, իսկ մյուս կողմը, հակառակը՝ միայն շարունակել պատերազմը։ Իրավիճակը փոփոխվում էր։ Եղել է Սուրեթ Հուսեյնովի հարձակողական գործողությունների փուլը, ինչը հայերի օգտին չէր, այդ պատճառով էլ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց ռազմական գործողությունները 30 օրով դադարեցնելու մասին կողմերին ավելի վաղ արված առաջարկը։ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Ա. Էլչիբեյը տվեց իր համաձայնությունը, ԼՂՀ ՊՊԿ նախագահ  Ռոբերտ Քոչարյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը պարզապես չպատասխանեցին։ 
Պատերազմի վերջին փուլում միանգամայն այլ իրավիճակ էր. հայերը հարավում բավականաչափ խորացել էին։ Եթե այդ ուղղությամբ հայերի հարձակողական գործողությունները հաջողությամբ ավարտվեին, ապա նրանք կարող էին Արաքսից հասնել մինչև Քուռ գետը և հատել Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածը։ Եվ եթե ադրբեջանցիներն սկզբում ձգձգում էին ռազմական գործողությունների դադարեցումը՝ անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերը, ինչպես նաև խաղաղարարական բոլոր առաջարկները, ապա վերջին փուլում նրանց պահվածքն ուրիշ էր։ Ասվածը հիմնավորելու համար անդրադառնամ մի դրվագի։ Բիշքեկի արձանագրության տեքստերը ես սկզբում ուղարկել էի Երևան և Ստեփանակերտ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երկու փոփոխություն էր արել. տեքստի տարբեր տեղերում երկու տող առաջարկել էր հանել։ Այսօր ես հստակ չեմ կարող ասել, թե ինչ կարգի փոփոխություններ էին, բայց սովորական պայմաններում դա կենթադրեր երկար բանավեճ. Ադրբեջանը պարտադիր կարգով առարկություններով հանդես կգար, իր կողմից մի բան կավելացներ։ Բայց ահա այս դեպքում նրանք առանց որևէ քննարկման ընդունեցին այդ երկու փոփոխությունները, ինչը հազվագյուտ երևույթ է հակամարտող կողմերի և միջնորդների հարաբերություններում։ Եվ այսպես, մայիսի 9-ին փաստաթուղթն ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, մայիսի 10-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, իսկ Ղարաբաղում ստորագրեց Ս. Բաբայանը՝ մայիսի 11-ին։ Ես ուզում եմ ընդգծել, որ ադրբեջանցիները շատ թեթև ընդունեցին այդ փոփոխությունները։ 
- Այն ժամանակվա մեր ղեկավարները վկայում են, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը զանգել էր Ստեփանակերտ և ասել, որ Բաքուն շահագրգռված է կրակի դադարեցման գործում։ Մերոնք Բաքվից ռազմական գործողությունների դադարեցում չէին խնդրել։
- Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչն ինձ բավականաչափ հայտնի չէ։ Չեմ կարող, քանի որ ստույգ տեղեկություններ չունեմ։       
- Իսկ ի՞նչ կասեք բանակցային գործընթացի ներկա փուլի մասին։
- Ես չէի ցանկանա այդ մասին խոսել, քանի որ արդեն 12 տարի է, ինչ պաշտոնաթող եմ եղել, և պիտի ասեմ, որ ներկայիս ոչ բոլոր գործընթացների մասին են ինձ իրազեկում։
Հարկ եմ համարում նաև նշել, որ վերջերս ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ Հայաստան և Բաքու կատարած այցերի ժամանակ արծարծվել են այն ժամանակաշրջանին վերաբերող շատ հարցեր, մասնավորապես՝ ռազմական գործողությունների դադարեցման, Մինսկի խմբի ստեղծման հետ կապված։ Լավրովի դիրքորոշումն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի գլխավոր բովանդակությունը՝ կրակի դադարեցումը, ի կատար է ածվել։ Ինչ վերաբերում է  տարածքներին, Լավրովը գտնում է, ես նույնպես այդ կարծիքին եմ, որ դրանք կարող են լինել բանակցությունների առարկա։ 
- Դրանք հայկական պատմական տարածքներ են և  ամրագրված են ԼՂՀ Հիմնական օրենքում։ Ներեցեք, պարոն Կազիմիրով, բայց պետք է ասեմ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Հարավային Կուրիլյան կղզիները, որոնք պատմականորեն պատկանում էին Ճապոնիային, անցան Խորհրդային Միությանը, քանի որ ԽՍՀՄ-ը դա ձեռք է բերել պատերազմի արդյունքում։ Ռուսաստանն այսօր մտադի՞ր է դրանք վերադարձնել տիրոջը։
- Այո, Երկրորդ աշխարհամարտի հետևանք է դա։ 
- Մեր պարագայում խոսքը գնում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքում ազատագրված հայկական պատմական տարածքների մասին։ 
- Ես չեմ կարող ընդունել նման դիրքորոշումը։ Գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամքի հիման վրա։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ տարածքներին, կարծում եմ, կողմերի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ռուսաստանն ուղղակի իմաստով ոչ մի շահ չունի ճնշելու հայերին կամ ադրբեջանցիներին։ Մենք ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ։  
- Ինչո՞ւ հայերը պիտի լինեն տարածքներ կորցնողի դերում։ Ձեզ քաջ հայտնի է նաև Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, պատմական այն տարածքի, որը Թուրքիան պատերազմի արդյունքում չի ձեռք բերել։ Նրան պարզապես նվիրել են ռուս բոլշևիկները։ Դուք լավ գիտեք այդ պատմությունը։
- Մենք պետք է ժամանակակից բարքերը ձևավորենք և ոչ թե հեռավոր անցյալից բերենք օրենքներ ու բարքեր, քանզի այսօրվա կյանքը շատ ավելի ծանր է։ Մարդկությունը պետք է կարողանա կառավարել այդ բարքերը։ Ես այդպես եմ հասկանում, ողջախոհությունը ստիպում է ինձ այդպես դատել։ 
- Բայց համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ հակամարտությունները կարգավորելիս ելնում են պատերազմի արդյունքում արձանագրված իրողություններից։
- Հակամարտությունը նոր հակամարտություն կարող է ծնել։ Կարծում եմ, հայերը նոր հակամարտություն չեն ուզում։ Ես կասեի՝ փոխզիջումը վեր է հաղթանակից, որովհետև փոխզիջումը բացառում է ծայրահեղությունները, կանխում ռևանշիստական տրամադրությունները։ 
- Եթե մենք ապրելիս լինեինք եվրոպական որևէ պետության հարևանությամբ, ապա պայմանավորվելն ավելի հեշտ կլիներ։ Ձեզ հայտնի են ադրբեջանցիների կողմից իրականացված այն բոլոր կոտորածները, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի հայկական քաղաքներում։ 
- Դե ինչ, նոր պատերա՞զմ եք ուզում։
- Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդն ապրի խաղաղ ու անվտանգ, որպեսզի նրա նկատմամբ տեղի ունեցած ոճրագործություններն այլևս չկրկնվեն։ 
- Իսկ ես կրկնում եմ՝ փոխզիջումն ավելի հուսալի է։ Ես նկատի չունեմ միակողմանի զիջումները։ 
- Եվս մի հարցի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել։ Հայտնի է, որ Ադրբեջանին հաջողվել է ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալ Ռուսաստանի ակտիվ աջակցության շնորհիվ։ Նախ քվեարկել է Ռուսաստանը, նրան հետևել են Իրանը, այնուհետև լատինաամերիկյան, ինչպես նաև Իսլամական կոնֆերանսի այն պետությունները, որոնք սերտ համագործակցության մեջ են ՌԴ-ի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք։
- Այո, Ռուսաստանը կողմ է քվեարկել։ Ռուսաստանն իրեն դրսևորում է այնպես, ինչպես իրեն է պետք։ Իսկ Ռուսաստանին հարկավոր են լավ հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Հնարավոր չէ ինչ-որ քաղաքական գիծ պարտադրել Մոսկվային, նա միշտ առաջնորդվելու է իր շահերով։ Ես, ի դեպ, բոլոր հարցերի վերաբերյալ իմ անձնական տեսակետն եմ արտահայտում, ըստ այդմ ասեմ, որ Ռուսաստանը չէր կարող քվեարկել նախկին խորհրդային որևէ հանրապետության դեմ, ով ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ։ Վրաստանի մասով թերևս կարող եմ որոշ վերապահում անել։
- Վերջում կխնդրեի մանրամասնել Ձեր այցի նպատակը։ 
- ՀՀ ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոցում ես հաճախակի եմ դասախոսություններ կարդում։ Ունկնդիրներին հետաքրքրում է ղարաբաղյան կարգավորման իմ տեսլականը։ Եվ բացի այդ, ինձ հրավիրում են գուցե այն բանի համար, որ բավականաչափ տեղյակ եմ հակամարտության պատմությանը, նրբություններին և այլն։
Պետք է ասեմ, որ այս հակամարտության շուրջ անչափ շատ են աղավաղումները, կեղծիքները, սխալ մեկնաբանությունները։ Ամեն անգամ հրադադարի տարեդարձի նախօրեին ես շատ թերթերում հրապարակախոսություններով հանդես եմ գալիս ու բացատրում, որ Բիշքեկում չի ստորագրվել Հրադադարի համաձայնագիրը. այնտեղ հանդիպել են հակամարտող բոլոր կողմերի խորհրդարանների ղեկավարները, որոնց կողմից պետք է աջակցության արժանանար կրակի դադարեցման նախաձեռնությունը։  Բիշքեկում հրադադարի կոչ է ուղղվել պատերազմող կողմերին։                     
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ