ԱԼԻԵՎԻ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ուկրաինայում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։ Քվեարկության ուշագրավ պատկեր է արձանագրվել Բաքվում Ուկրաինայի դեսպանատանը բացված տեղամասում։ Ընտրություններին մասնակցել է Ադրբեջանում ապրող Ուկրաինայի 233 քաղաքացի։ Զելենսկու օգտին քվեարկել է 51,5 տոկոսը։ Դա այն դեպքում, երբ Զելենսկին ընդհանուր առմամբ շահել է ընտրողների 74 տոկոսի ձայները։
Հատկանշական է, որ քվեարկության առաջին փուլում Ադրբեջանում բնակվող ուկրաինացիների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել էր Պորոշենկոյի օգտին։ Անկասկած է, որ Ադրբեջանում բնակվող ուկրաինացիների ընտրության վրա մեծ է եղել այդ երկրի ընդհանուր մթնոլորտի ազդեցությունը։ Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում կցանկանային այսուհետ եւս Ուկրաինայի նախագահի պաշտոնում տեսնել Պորոշենկոյին, թեեւ նրա եւ Ալիեւի հարաբերություններն էլ առանձնակի ջերմությամբ աչքի չէին ընկնում։ Բավական է ասել, որ անցյալ գարնանը Պորոշենկոյի Բաքու կատարած այցը հիմնավորապես ձախողվել էր։ Այնքան, որ տեղի չունեցավ Իլհամ Ալիեւի փոխադարձ այցը Կիեւ։
Ուկրաինայի հետ Ադրբեջանի հարաբերությունների ջերմությունը համընկնում է անկախության առաջին տարիների հետ։ Ուկրաինան Ադրբեջանին զենքի եւ սպառազինությունների հիմնական մատակարարն էր այդ տարիներին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա։ Բազմաթիվ ուկրաինացի վարձկաններ են ադրբեջանական կողմից մասնակցել 1992-94թթ. պատերազմին։ Նրանց շարքում կա Ադրբեջանի ազգային հերոս։
Ուկրաինայի հետ Ադրբեջանի հարաբերությունների աստիճանական անկումն սկսվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կանոնակարգմանը եւ զարգացմանը զուգընթաց, եւ ներկայում կողմերը միայն շփվում են դիվանագիտական պատշաճության սահմաններում։ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով աջակցում է ուկրաինական ներքաղաքական զարգացումների ռուսական գնահատականին եւ համարում, որ Կիեւի ՙմայդանը՚ կազմակերպել են արեւմտյան ուժերը։
Վլադիմիր Զելենսկու հաղթանակը, որքանով կարելի է դատել ադրբեջանական կողմի առաջին արձագանքներից, Իլհամ Ալիեւի իշխանության համար ամպրոպ էր պարզ երկնքում։ Բաքվում հատկապես ցնցված են հետխորհրդային տարածքի երկրներին Զելենսկու հղած կոչից, որտեղ Ուկրաինայի փորձն ընդօրինակելու հորդոր կա։
Ադրբեջանում բավական ցավոտ են տարել իշխանությունից Նուրսուլթան Նազարբաեւի կամավոր հեռանալը։ Ավելի վաղ Բաքուն անհանգստացած էր Ուզբեկստանում տեղի ունեցող փոփոխություններով։ Այսօր դրանց ավելանում է Ուկրաինան։ Հետխորհրդային տարածքում Ադրբեջանի համար միակ ցանկալի իշխանություն է մնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստեղծած ավտոկրատիան։
Չափազանց պարզորոշ զգացվում է, որ Իլհամ Ալիեւը տագնապած է եւ փորձում է վերեւից ՙհեղափոխություն՚ իրականացնել։ Ադրբեջանում եկող տարի տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Տեղի է ունենում քաղաքական ուժերի վերախմբավորում։ Ավանդական, հիմնականում` իշխանությունից սնվող ընդդիմությունը կորցնում է իր նշանակությունը։ Քաղաքական ասպարեզ են մտնում երիտասարդ բարեփոխիչներ։
Այս իմաստով Ալիեւի իշխանության համար լուրջ ահազանգ էին նաեւ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ իշխող կուսակցությունը պարտություն կրեց Անկարայում եւ հատկապես Ստամբուլում։ Real շարժումը տասնյակ-հազարավոր ստորագրություններ է հավաքել՝ Բաքվի քաղաքապետի ուղղակի ընտրություններ անցկացնելու պահանջով։
Ադրբեջանում սկզբնավորվում է իշխանություն-հասարակություն նոր դիմակայություն։ Այս իմաստով Ուկրաինայի նախագահի ընտրություններում Զելենսկու ջախջախիչ հաղթանակը կարող է ազդանշանային լինել Ադրբեջանի հանրության համար։ Երիտասարդ քաղաքական գործիչներն Ադրբեջանում տրամաբանական հարց են հնչեցնում՝ ինչու՞ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում հնարավոր է ընտրություններով հասնել իշխանափոխության, իսկ Ադրբեջանում՝ ոչ։ Եւ հանրությանն սկսել են ներշնչել, որ դա հնարավոր է նաեւ իրենց մոտ։ Որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է փոփոխությունների։
Եթե Ուկրաինայի նախագահի պաշտոնում վերընտրվեր Պորոշենկոն, Բաքվում անկասկած կողջունեին դա։ Հաղթել է Զելենսկին։ Ադրբեջանից որեւէ պաշտոնական արձագանք չկա։ Այն հավանաբար կուշանա։ Եւ Ուկրաինայի հետ Ադրբեջանի հարաբերությունները երկար տեղապտույտի մեջ կլինեն։ Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի։ Կա՜մ գնում է քաղաքական փոփոխությունների, կա՜մ՝ դատապարտվում մեկուսացման։
Եկող տարվա խորհրդարանական ընտրություններն, ըստ երեւույթին, կտան այդ հարցի պատասխանը։