ՄԱԿՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԲԱՔՈՒ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Նախորդ շաբաթ Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նա հանդիպել է ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ եւ քննարկել ԼՂ կարգավորման ներկայիս փուլը։ Որոշ փորձագետներ եզրակացրել էին, թե, հնարավոր է, արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հերթական հանդիպման կազմակերպիչ կարող է հանդես գալ ֆրանսիական կողմը։ Հարցի նրբություններին ծանոթ վերլուծաբանների մի մասը գտնում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ԱՄՆ նախաձեռնությունը, որի մասին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, իսկ հայկական կողմը խորհուրդ էր տվել ժամանակից առաջ չընկնել եւ սպասել պաշտոնական հրավերի, որոշակի դժգոհությունների տեղիք է տվել Մոսկվայում։
Ռուսական մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն կտրվածքով, որ, նախաձեռնություն ցուցաբերելով ԼՂ կարգավորման միջնորդությամբ, ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել ներկայությունը Հարավային Կովկասում եւ հետապնդում է երկու նպատակ՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ, այսպես ասած, հյուսիսից ՙփակել Իրանը՚։ Ըստ երեւույթին, այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա որոշ փոխըմբռնում։ Համենայն դեպս, ադրբեջանական փորձագիտական հանրության մեծ մասը զգալի հույսեր է կապում ամերիկյան նախաձեռնության հետ եւ խոսում, որ գոյություն ունի ԼՂ կարգավորման Բոլթոնի ծրագիր, որը հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի պատկերացումներին։ Այս համատեքստում չափազանց ուշագրավ տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը՝ տեղադրելով անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձը։ Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերություններում սառնության շրջան է։ Դա պայմանավորված է նրանով, որ երբ ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին Հայաստանում էր Ֆրանսիայի նախագահը, Բաքուն դիվանագիտական մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի նա այցելի նաեւ Ադրբեջան՝ պահպանելով կողմերի միջեւ իր երկրի վերաբերմունքի հավասարակշռությունը։ Այդ ժամանակ, սակայն, Ֆրանսիայի նախագահը չընդառաջեց ադրբեջանական կողմի խնդրանքներին եւ Երեւանից վերադարձավ Փարիզ։ Ադրբեջանում Ֆրանսիայի նախագահի այդ որոշումն ընդունվեց չափազանց ցավագին։ Մամուլը հեղեղվեց հակաֆրանսիական հրապարակումներով։ Դրանց հիմնական ուղղվածությունն էր, որ Ֆրանսիան Հայաստանի ՙքույր պետություն է, վարում է հակաթուրքական եւ հակաադրբեջանական քաղաքականություն, չի կարող անաչառ միջնորդ լինել ԼՂ կարգավորման հարցում՚։ Որոշ վերլուծաբաններ նույնիսկ համարում էին, որ Ադրբեջանը պետք է բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահության աննպատակահարմարության հարցը։ Բայց դա երեւույթի միայն արտաքին, գերազանցապես ներքին լսարանին ուղղված դրսեւորում էր։ Իրական ռեժիմում Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական մեծ ջանքեր՝ շտկելու իրավիճակը։ Շտապ կարգով Փարիզ գործուղվեց առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, որը ժամանակին Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի ադրբեջանական կողմից համանախագահն է եղել եւ որոշակի կապեր ունի ֆրանսիացի խորհրդարանականների շրջանում։ Եւ ահա անկախության տոնի առթիվ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա Բաքվում քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նույն տեղում Ֆրանսիայի նախագահը վստահեցնում է, որ իր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ կարգավորման գործընթացում անաչառ միջնորդի հանձնառությանը եւ ամեն ինչ կանի՝ հասնելու բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանական կողմից առայժմ չի անոնսավորվել, թե երբ են սպասում Ֆրանսիայի նախագահին։ Բայց Մակրոնի ուղերձից հասկացվում է, որ նրա այցն Ադրբեջան տեղի կունենա ամենամոտ ապագայում։ Թերեւս՝ ամռանը։ Եւ եթե ուղերձի հիմնական շեշտադրումը վերաբերում է ԼՂ կարգավորմանը, ապա, թերեւս, Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Ադրբեջան այցելել՝ ինչ-որ գաղափաներ ներկայացնելու Իլհամ Ալիեւին։ Ֆրանսիան այդ գաղափարները հայկական կողմի հետ արդեն իսկ քննարկե՞լ է։ Կարելի՞ է ենթադրել, որ Մակրոնը փորձում է միջնորդ հանդիսանալ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Ֆրանսիայի հավանական դերակատարությունը համաձայնեցվա՞ծ է Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ը Ֆրանսիայի միջնորդությունն ընդունու՞մ է։ Մակրոնի Ադրբեջան այցը, հավանաբար, պարզություն կմտցնի այդ եւ այլ հարցադրումների շուրջ։