ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՇՈՒՏՈՎ ԱՎԱՐՏՎԵԼ...
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Շանահանը սպառնացել է վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ԱՄՆ-ի օդուժի ամենաառաջատար F-35 կործանիչների ծրագրին և պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան շարունակի համառել հաջորդ ամիս Ռուսաստանից S-400 հրթիռների ձեռքբերման հարցում։ Ռուսական հրթիռներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին և վտանգի են ենթարկում F-35 կործանիչների աշխատանքը, այսպիսով սպառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի բողոքները և պնդել ռուսական հրթիռներ ձեռք բերելու վրա, որոնց համար Թուրքիան 2.5 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ։ Մի քանի թուրք զինվորականներ արդեն սովորում են Ռուսաստանում, թե ինչպես աշխատեցնել նոր հրթիռները։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է, որ թուրք օդաչուները, որոնք մի քանի ամիս է F-35 կործանիչների վերապատրաստման դասընթացներ էին անցնում Միացյալ Նահանգներում, պետք է հեռանան երկրից 2019թ. հուլիսի 31-ին։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Շանահանի նամակը ցնցում առաջացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարող շրջաններում, քանի որ Թուրքիան դեռ չգիտի, թե ՙինչպես պատասխանել՚, ասել է անվտանգության գծով բարձրաստիճան թուրք պաշտոնյան ՙԱլ Մոնիտոր՚-ին։ Միաժամանակ, Թուրքիան վճարել է ավելի քան մեկ միլիարդ դոլար 100 հատ F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից կպահանջի վերադարձնել այդ գումարը։ Բացի դրանից, Թուրքիան, որպես F-35 ծրագրի գործընկեր, արտադրում է կործանիչների որոշ մասեր, որոնք այլևս չեն ստացվի Թուրքիայից։
Շանահանը Թուրքիայի պաշտպանության նախարարին գրել է. ՙF-35-ի նկատմամբ ձեռնարկված բոլոր գործողությունները հիմնված են վտանգների վրա, կապված S-400-երի առկայության հետ Թուրքիայում, և դրանք անջատ են Ռուսաստանին առնչվող ՙՊատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին՚ օրենքի (CAATSA) պատժամիջոցներից։ ԱՄՆ Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված տեսնել CAATSA-ի պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան ձեռք բերի S-400։ Բացի F-35-ի նման պլատֆորմների անվտանգության սպառնալիքից, Թուրքիայի կողմից S-400-ի գնումը կխոչընդոտի ձեր երկրի հնարավորությանը ամրապնդելու կամ պահպանելու համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, հանգեցնելով Թուրքիայի ռազմավարական և տնտեսական չափազանց կախվածությանը Ռուսաստանից և խոչընդոտելու Թուրքիայի հզոր պաշտպանական արդյունաբերության և տնտեսական զարգացման հավակնոտ նպատակները։ Այս ուղիով գնալը կհանգեցնի աշխատատեղերի, համախառն ներքին արդյունքի և միջազգային առևտրի կորստի։ Նախագահ Թրամփը պատրաստակամ էր երկկողմ առևտրի ծավալները 20 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 75 միլիարդի, սակայն դա կարող է դժվար լինել, եթե ԱՄՆ-ն կիրառի CAATSA-ի պատժամիջոցները՚։
2019թ. հունիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն սպառնաց, որ Թուրքիան կհակադարձի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին: ՙՄի երկիրը չի կարող ցուցումներ տալ մյուս երկրին, թե ինչպես վարվել։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այս վարքագծից։ Բոլորը մտահոգված են այս առնչությամբ։ Ինչքա՞ն հեռու այն կարող է գնալ։ Եթե ??ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկի մեր դեմ, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլեր ձեռնարկել՚,-հայտարարել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Որո՞նք են հաջորդ քայլերը։ Էրդողանը նախորդ փորձից սովորել է, որ Թրամփը միշտ չէ, որ լսում է Կառավարության կամ Կոնգրեսի անդամներին։ Էրդողանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել, որպեսզի Թրամփին համոզի ստեղծել համատեղ հետազոտական խումբ՝ Թուրքիայի համար ժամանակ շահելու նպատակով։ Այդ ժամանակամիջոցին, բնականորեն կամ արհեստականորեն ստեղծված համաշխարհային իրադարձությունները կարող են փոխել ներկա իրավիճակը։ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները նախատեսում են հանդիպել հունիսի վերջին Տոկիոյում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում։ Դա կլինի Էրդողանի վերջին շանսը` համոզելու Թրամփին՝ փոխել իր որոշումը հուլիսին ռուսական հրթիռների ձեռքբերման վերաբերյալ։
Եթե Էրդողանը չկարողանա մտափոխել Թրամփին, ապա նա առաջ կգնա և ձեռք կբերի ռուսական հրթիռներ՝ խուսափելու Միացյալ Նահանգների նվաստացումներից։ Սակայն դա միայն սկիզբ կդնի ավելի մեծ հակամարտության... Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ՝ լրջորեն վնասելով նրա տնտեսությունը։ Էրդողանը կարող է հակադարձել՝ արգելելով Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը Թուրքիայում։ Այնուհետև Միացյալ Նահանգները իր կործանիչները կտեղափոխի Հորդանան (ինչպես Գերմանիան արեց), կամ Հունաստան (ՆԱՏՕ-ի անդամ), կամ` Կիպրոս։
Հարվածների և հակահարվածների այս արատավոր շրջանը կարող է ավարտվել կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալով, կամ` ՆԱՏՕ-ի որոշմամբ՝ Թուրքիային հեռացնելով։
Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից մի քայլ է, որ վաղուց կանխատեսվում էր, այն ժամանակվանից, երբ Էրդողանը գործում էր ՆԱՏՕ-ի համաձայնագրի տառին ու ոգուն հակառակ: Չնայած Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից լուրջ որոշում է, հղի ծանր հետևանքներով, Էրդողանը ՆԱՏՕ-ի նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների բազմիցս խախտման պատճառ է հանդիսանում՝ անտեսելով նրա բոլոր նախազգուշացումները։
Այս իրադրության ակնհայտ հաղթողը լինելու է Ռուսաստանը, որը կարող է հաջողության հասնել ՆԱՏՕ-ի թուլացման գործում հեռացնելով Թուրքիային, որը զինծառայողների թվով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր անդամն է, միաժամանակ հրթիռների վաճառքից ձեռք բերելով խիստ անհրաժեշտ եկամուտ իր փլուզված տնտեսության համար?
Սակայն Ռուսաստանի հաջողությունը կարող է կարճատև լինել։ Հենց որ աշխարհաքաղաքական հակասություն առաջանա Ռուսաստանի և Թուրքիայի միջև, նոր ձևավորված սիրո տոնախմբությունը կավարտվի, վերջ դնելով Թուրքիայի ակրոբատիկ շարժումներին Արևելքի և Արևմուտքի միջև և լքված լինելով երկուսի կողմից...