ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՙՂԱՐԱԲԱՂՑԻ՚ ԱՆՁՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՊԱՏՄԵԼ Է` ԻՆՉՊԵՍ Է ԲՐԵԺՆԵՎԻՆ ԵՎ ԱՍԱԴԻՆ ՎԵՐՍՏԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ
Հուլիսի 8-ին լրացել է խորհրդային ու ռուսական ֆոտոլրագրության վարպետ Վլադիմիր Մուսայելյանի 80-ամյակը, ով օրերս Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվեց Պատվո շքանշանով` ՙհայրենական զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար՚:
Վլադիմիր Մուսայելյանը 1969թ.-ից մինչև 1982թ. ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչն էր:
Լուսանկարիչն ինքը վերհիշում է, որ Բրեժնևի հետ պատահական է աշխատել սկսել, 1960-ական թվականների վերջին խորհրդային հանրապետություններով երկրի ղեկավարի առաջին երկարատև շրջագայությունից հետո:
ՙՎերջնականապես հասկացա, որ գլխավոր քարտուղարի անձնական լուսանկարիչն եմ դարձել, երբ Լեոնիդ Իլյիչը մեկ կամ, գուցե, մեկուկես տարի անց, հանկարծ ասաց. ՙԿինս` Վիկտորիա Պավլովնան, գիտի քո մասին, Վոլոդյա, խնդրել է ամառանոց գալ` ընտանիքի լուսանկարներն անելու՚: Դե, մտածում եմ, փորձանքի մեջ եմ ընկել. մի բան է աշխատանքը, արարողակարգը, մեկ ուրիշ` ընտանեկան դիմանկարները: Ինչպե՞ս կընդունեն: Իսկ եթե չհավանե՞ն՚,- պատմել է Վլադիմիր Մուսայելյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Լուսանկարչի խոսքով` Լեոնիդ Բրեժնևի հետ աշխատանքը խարսխված էր վստահության վրա, բայց ՙվրիպումներ՚ աշխատանքում նույնպես պատահում էին:
Մուսայելյանը վերհիշում է, որ 1974թ. Լեոնիդ Բրեժնևի և Սիրիայի ղեկավար Հաֆեզ Ասադի հանդիպման ժամանակ պարզվեց, որ ֆոտոխցիկում ժապավեն չկա, ու ստիպված էի առաջնորդներին վերստին լուսանկարել:
ՙԵրբ հանդիպումն ավարտին էր մոտենում, Ալեքսանդրովը (արտաքին գործերի գծով օգնական Անդրեյ Ալեքսանդրով-Ագենտովը-խմբ.) ինձ կանչեց. ՙՆերս մտի՜ր՚: Մտա, տեսնում եմ, Բրեժնևը և Ասադը նստած են կողք կողքի: Լեոնիդ Իլյիչը հրամայեց. ՙԴե, Վոլոդյա, լուսանկարիր՚: Ժանրային լավ լուսանկար ստացվեց: Ես այն հետո գրքում հրապարակեցի՚,- նշել է լուսանկարիչը:
Վլադիմիր Մուսայելյանն իր հարցազրույցում պատմել է նաև ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում ամերիկացի նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ Բրեժնևի ունեցած հանդիպումների, ինչպես նաև Նահանգներում աշխատելու առաջարկի մասին:
Բրեժնևի վախճանվելուց հետո Մուսայելյանն աշխատել է նաև ԽՄԿԿ ԿԿ ուրիշ գլխավոր քարտուղարների` Յուրի Անդրոպովի, Կոնստանտին Չերնենկոյի և Միխայիլ Գորբաչովի հետ: Նրա խոսքով` ամենադժվարն Անդրոպովի և Գորբաչովի հետ աշխատելն էր, որոնք լուսանկարների վերաբերյալ սեփական ընկալումներն ունեին:
Վլադիմիր Մուսայելյանը ծնվել է 1938թ. Մոսկվայում` հայ-ռուսական ընտանիքում. հայրը սերում էր Լեռնային Ղարաբաղից, մայրը ռուսուհի էր: Չնայած նրան, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Մուսայելյանն աշխատանքի է անցել ավիացիոն գործարանում, նա մանկությունից մեծ սեր ուներ լուսանկարչության հանդեպ: Նրա պատմելով` իր առաջին լուսանկարներն արել է ռազմաճակատից հոր բերած լուսանկարչական ապարատով:
www.rusarminfo.ru