ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Օրերս Լյուքսենբուրգում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամառային նստաշրջանը, որն ընդունել է ամփոփիչ բանաձեւ։ Ադրբեջանական քարոզչությունը համարում է, որ հաջողվել է Հայաստանի նկատմամբ հասնել ՙդիվանագիտական եւս մեկ հաղթանակի՚։
Փաստաթղթում տեղ է գտել ձեւակերպում, ըստ որի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մինչդեռ կառույցում հայաստանյան պատվիրակությունը մեկնաբանել է, որ բանաձեւի նախնական տարբերակում խոսք է եղել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների ՙօկուպացիայի՚ մասին, որը հաջողվել է հանել վերջնական տեքստից։ Բացի այդ, բանաձեւի նախընթաց կետում շեշտված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ-բանակցային ճանապարհով՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի, սկզբունքների հիման վրա։
Ադրբեջանի իշխանություններն ու այդ երկրի փորձագիտական հանրությունը համառորեն անտեսում են ԵԱՀԿ ԽՎ բանաձեւի այդ կետը, շեշտադրում հաջորդը, որտեղ, ինչպես ասացինք, խոսվում է հետխորհրդային չորս երկրի՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին։ Բայց Ադրբեջանը, որպես կանոն, հայտնվում է իր իսկ ստեղծած քարոզչական ծուղակներում եւ ցուցաբերում անհետեւողականություն։
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել խորհրդարանական ընտրությունները դիտարկելու մասին ԵԽԽՎ-ին իր դիմումը, եւ Կիեւ մեկնած դիտորդական առաքելությունն ստիպված է եղել ընդհատել իր գործունեությունը։ Այդ առաքելության կազմում ներկայացուցիչներ կային նաեւ Ադրբեջանից։ Մեկնաբանները գտնում են, որ ուկրաինական կողմի այդ որոշումը պայմանավորված է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մանդատը ճանաչելու մասին որոշմամբ։ Ուկրաինան որոշել է սառեցնել անդամակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ մինչեւ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հրապարակումը։ Կիեւում գտնում են, որ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը չի կարող աշխատել, քանի որ ՌԴ պետդումայի ընտրություններ անցկացվել են նաեւ օկուպացված Ղրիմում։
Այս առթիվ մեկնաբանություն է արել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը։ Նա ԵԽԽՎ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ եւ մասնավորեցրել, թե ինչու՞ պիտի Ղրիմի հարցում Ռուսաստանը ճանաչվի օկուպանտ, իսկ Հայաստանը ԼՂ դեպքում՝ ոչ։ Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մանդատը վերականգնելու հարցով քվեարկությանն Ադրբեջանը միաձայն կողմ է քվեարկել, ինչը հասկանալիորեն բարդացրել է հարաբերություններն Ուկրաինայի հետ։
Ադրբեջանը եւ Ուկրաինան ՎՈՒԱՄ կազմակերպության հիմնադիր անդամներ են, համարվում են ռազմավարական գործընկերներ։ Միջազգային հարթակներում ուկրաինական պատվիրակությունները մշտապես սատարել են Ադրբեջանին, պաշտպանել վերջինիս նախաձեռնությունները, եւ պաշտոնական Կիեւը բոլոր հիմքերն ուներ հուսալու, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը Ռուսաստանի հետ կապված քվեարկության ժամանակ առնվազն ձեռնպահ կմնա։ Ադրբեջանի համար, պարզվում է, թանկ են ոչ թե ավանդական հարաբերությունները, այլ՝ առարկայական շահերը եւ նպատակահարմարությունը։
Ադրբեջանը, ինչպես Վրաստանի պարագայում, հանուն Ուկրաինայի եւս պատրաստ չէ հարաբերությունները բարդացնել Ռուսաստանի հետ։ Դա հասկանալի է, որովհետեւ միջազգային ասպարեզում Ադրբեջանի ներկայիս ռեժիմի գրեթե միակ ակնհայտ աջակիցը պաշտոնական Մոսկվան է։ Բայց առավել հետաքրքրական է, որ Բաքուն մի ձեռքով հիացական մեկնաբանություններ է անում ԵԱՀԿ ԽՎ հասցեին, մյուսով քարկոծում ԵԽԽՎ-ին, որը, չնայած Ադրբեջանի գործադրած ահռելի ջանքերին եւ ներդրած հսկայական միջոցներին, այդպես էլ Հայաստանին չի ճանաչում ՙօկուպանտ՚ եւ պատժամիջոցներ չի կիրառում։ ՙԵթե Հայաստանը չի պատժվում, ինչու՞ Ռուսաստանը պետք է պատժվի՚- հռետորական հարցադրում է անում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամը։ Հարցադրման ենթատեքստն, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ այսպես. ՙԵթե ԵԽԽՎ-ում Ուկրաինան հանդես չի գալիս հօգուտ Հայաստանին օկուպանտ ճանաչելու ադրբեջանական նախաձեռնությանը, ապա ինչու՞ պիտի Ադրբեջանը պաշտպանի ուկրաինական շահերը եւ բարդացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ՚։
Ահա սա է ադրբեջանական ՙռազմավարական համագործակցությունը՚։ Այսպես է Բաքուն ՙպաշտպանում՚ գործընկեր երկրի շահերը։ Այսպիսին է եվրոպական խորհրդարանական կառույցների նկատմամբ ադրբեջանական կողմի ՙսկզբունքային՚ մոտեցումը։ Մի դեպքում Բաքուն ՙօվսաննա՚ է ասում ԵԱՀԿ ԽՎ-ին, իսկ հաջորդ պահին՝ ՙանարգանքի սյունին գամում՚ ԵԽԽՎ-ին։ Եւ այդպես էլ Ադրբեջանն ընդհանուր հայտարարի չի գալիս, չի կարողանում վերջնականապես կողմնորոշվել՝ Եվրոպայի հետ արժե՞ համագործակցել, թե՞ ոչ։