Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԺՈՂՈՎՈՒ՞ՐԴ, ԹԵ՞ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հանրապետության վաստակավոր իրավաբան
ՙԺողովուրդն է տարածքի բախտը որոշողը,
եւ ոչ թե տարածքը՝ ժողովրդի՚։
Հարդի ԴԻԼԱՐԴ
ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության
դատարանի դատավոր
Հոկտեմբերի 3-ին Սոչիի ՙՎալդայ՚ միջազգային բանավեճի ակումբում տեղի ունեցած համաժողովում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հեգնանքով շեշտել է, թե ՙԼեռնային Ղարաբաղի ժողովուրդ՚ հասկացություն գոյություն չունի։ Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որ մինչև հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցիներից եւ հայերից, որոնք հավասար իրավունքներ ունեին՚։
Ադրբեջանի նախագահը, քաջ գիտակցելով, որ տեղեկատվական-հոգեբանական պատերազմում հակառակորդին բարոյալքելու հնարքներից մեկն էլ ապատեղեկատվության քարոզչությունն է, ուստի եւ բառախաղերի միջոցով փորձել է Արցախի ժողովրդին վերածել ՙտեղական բնակչության՚ կամ ՙազգային փոքրամասնության՚, դրանով իսկ, աղավաղելով Արցախի ժողովրդի արդեն իսկ իրականացրած ինքնորոշման իրավունքը, առանց որեւէ իրավական հիմքի միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Արցախի։
Իրականում ինչպիսի՞ հանրություն են արցախցիները՝ ժողովու՞րդ, թե՞ բնակչություն։ Սրանք առօրյա խոսք ու զրույցում հաճախակի կիրառվող հասկացություններ են, որոնց միջեւ առկա տարբերությանը շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում։
Հայոց լեզվի բառարաններում ՙԺողովուրդ՚ բառի հոմանիշներ են հանդիսանում ազգ, ազգություն, ածու, էթնոս, ազգաբնակչություն, բնակչություն, ցեղ և այլ հասկացությունները։ Միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում հանդիպում ենք ժողովուրդ եզրույթի, բայց դրանցից ոչ մեկում էլ տրված չէ այդ հասկացության ծավալուն բնորոշումը։ Հարցին առավել մոտ բնորոշումը տրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցներից մեկում, ըստ որի՝ ժողովրդի (ազգի) բնութագրիչներն են մշակութային միատարրությունը, լեզվական միասնությունը, ընդհանուր պատմական ավանդույթը, ազգային ինքնությունը, կրոնական միասնությունը եւ ընդհանուր տնտեսական կյանքը։
Միջազգային-իրավական բառապաշարում, 1957 թվականից սկսած հայտնվեց ՙբնիկ, տեղաբնիկ ժողովուրդ՚ եզրույթը, որի տակ նկատի է առնվում այն ժողովուրդներին, որոնք վաղնջական ժամանակներից կազմում են տվյալ տարածքի բնակչությունը եւ որոնց ավանդույթներն ու մշակույթը համահունչ են այն տարածքին, որտեղ նրանք ապրում են։ Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ հաճախ տեղաբնակությունը համարվում է պետական անկախության կամ պետության մեջ հատուկ իրավունքների ձեռքբերման պայմանագրերի գլխավոր նախապայման։ Այդ համատեքստում 2007թ. սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի ընդունած ՙԲնիկ ժողովուրդների իրավունքների մասին՚ Հռչակագիրը (որի ընդունմանը ձեռնպահ է մնացել Ադրբեջանը), կարեւոր իրավական փաստաթուղթ է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համար։ Մասնավորապես, Հռչակագրի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում արձանագրված են, որ բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, որի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական իրավիճակը եւ ազատորեն իրագործում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը։
Այստեղից պարզ է, թե ինչու Ադրբեջանը ձեռնպահ է մնացել Հռչակագրի ընդունմանը։ Ավելին, Ադրբեջանն անընդհատ թմբկահարում է՝ հայերի՝ Կովկասում իբր թե բնիկ չլինելու եւ Իրանի ու Թուրքիայի խորքերից ադրբեջանական հողերում վերաբնակվելու մասին թեզը։ Բայց կեղծարարությունն էլ երեւի թե սահմաններ ունի։ Մի կողմ թողնենք Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Ա Մեծի (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան) տիրապետության օրոք գրված Բիսիթունի արձանագրությունը(մ.թ.ա. 520-518 թվականներ), հայ եւ օտար պատմիչների աշխատությունները, պատմական Հայաստանում սփռված վիմագրերը եւ գանք 18-րդ դար, երբ մի շարք թյուրքական խաշնարած, վաչկատուն ցեղեր՝ թյուրքալեզու ջավանշիր ցեղի քոչվորական ծագմամբ առաջնորդ Փանահ Ալիի գլխավորությամբ, օգտվելով Արցախի որոշ մելիքների, հատկապես Վարանդայի Մելիք-Շահնազար 2-րդի պառակտիչ, դավաճանական պահվածքից եւ Պարսկաստանում տիրող խառնաշփոթից, որ սկիզբ էր առել Նադիր շահի սպանությունից (1747թ.) հետո, կարողացան ներթափանցել Ղարաբաղի (Արցախի) կուսակալության տարածք եւ Շուշի բերդաքաղաքը դարձնել, այսպես կոչված, ՙխանական՚ նստավայր։ Ինչպես հայտնի է, հայկական հողերի վրա ՙխանական՚ կառավարումը վերացվեց 1822թ.՝ փոխարինվելով ռուսական վարչակազմով։
Արցախահայության տեղաբնիկ լինելը վկայում են թեկուզ եւ հենց վերջին տարիներին միջազգային հնագիտական արշավախմբերի կողմից կատարված պեղումները, որոնց համաձայն՝ հայությունը մարդաբանական տեսակետից տեղաբնիկ ժողովուրդ է, եւ հայերը հետնորդներն են այն բնակչության, որ այստեղ ապրում է 6-7 հազար տարի շարունակ։
Ազգությունը նույնպես մարդկանց պատմական ընդհանրություն է, որն ունի միասնական լեզու, տարածք, սովորույթներ եւ մշակույթ։ Բայց ժողովուրդը գտնվում է հասարակության զարգացման ավելի բարձր մակարդակի վրա, քան ազգությունը։
Քննարկվող հարցի կապակցությամբ պետք է տարբերակել նաև ՙազգային փոքրամասնություն՚ եւ ՙսփյուռք՚ եզրույթները։ Առաջինն ազգային խմբեր են, որոնց պատմական հայրենիքը գտնվում է տվյալ պետության սահմաններից դուրս եւ, ի տարբերություն բնիկ ժողովուրդների, չունեն միջազգայնորեն ճանաչված իրավունքներ։ Իսկ երկրորդը բավարար չափով տարածված է ամբողջ աշխարհում եւ նշանակում է ժողովրդի (ազգի) մի մաս, որն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս։ Հենց այդպիսի ճակատագիր է վիճակված հայ ժողովրդի մեծ հատվածին։
Այսպիսով, միջազգային փաստաթղթերով ժողովրդին տրված բնութագրականները լիովին համապատասխանում են Արցախի ժողովրդի չափորոշիչներին։ Արցախի ժողովրդի մեծամասնությունը հայեր են, ում մայրենի լեզուն հայերենն է, իսկ կենցաղում կիրառում են հայոց լեզվի ղարաբաղյան (արցախյան) բարբառը, դավանում են քրիստոնեություն, կրում են հայ ժողովրդի հնագույն մշակութային արժեքները, ունեն ազգային ինքնություն եւ պատմական տարածք, որը կամայականորեն հայտնվել է Ադրբեջանի կազմում։ ՙԱրցախի ժողովուրդ՚ եզրույթը նշանակում է նաեւ, որ հանրապետության սահմաններում բնիկ մեծամասնություն կազմող հայ ժողովրդի հետ մեկտեղ, խաղաղ եւ փոխշահավետ գոյատեւում են տարբեր ազգային խմբեր՝ ռուսներ, հույներ, ադրբեջանցիներ եւ այլն։ Այդ են վկայում մարդահամարի վերաբերյալ վերջին հարյուր քսան տարվա վիճակագրական տվյալները։ Ռուսական կայսրության բնակչության առաջին մարդահամարի 1897թ. տվյալներով, Շուշիի գավառում բնակվում էր 138771 մարդ, որից 58,2%-ը՝ հայեր, մնացածը՝ այլազգիներ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի, քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի սիրախաղերի արդյունքում երրորդ երկրի նորմատիվ իրավական ակտի ուժ չունեցող կուսակցական որոշմամբ Արցախը հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում եւ նրա մի մասին տրվեց մարզային ինքնավարություն (1923թ.), հայերը կազմում էին ինքնավար մարզի բնակչության 94%-ը։ Փաստորեն այլազգիներն այնքան քիչ էին, որ համաձայն ԱդրԽՍՀ Կենտգործկոմի՝ հիմնարկություններն ազգայնացնելու վերաբերյալ 1923թ. հուլիսի 31-ի որոշման, եթե Խորհրդային Ադրբեջանի հիմնարկ-ձեռնարկություններում եւ կազմակերպություններում գործավարությունը պետք է տարվեր թուրքերեն, ապա Լեռնային Ղարաբաղում՝ հայերեն լեզվով։ Տեղին է հիշեցնել, որ ցարական Ռուսաստանում կովկասաբնակ մահմեդականներին անվանում էին մուսուլմաններ կամ կովկասյան թաթարներ, Խորհրդային Միության կազմավորումից հետո՝ թուրքեր, իսկ հետագայում՝ ՙժողովուրդների մեծ հայր՚ Ստալինի ցուցումով, նրանք կոչվեցին ադրբեջանցիներ։ Ադրբեջանի կողմից Արցախին շնորհված ՙՍահմանադրություն՚-ից (1924թ.) նկատելի է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե գտնվել է Ադրբեջանի կազմում, այլ նրա ՙմի բաղկացուցիչ մասն է՚ կազմել եւ ներկայացված էր Ադրբեջանի բոլոր մարմիններում՝ համեմատական չափի սկզբունքով։ Իսկ դա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում պետական իշխանության կրողներից մեկն էլ Արցախի հայ ժողովուրդն էր իր պատմական տարածքով։ Վերջին փաստաթղթում նենգամտորեն նշվել է, որ ՙԻնքնավար Լեռնային Ղարաբաղում ամբողջ գործավարությունը, դատավարությունը եւ դպրոցներում ուսուցումը կատարվում է մայրենի լեզվով՚։ Դժվար չէ կռահել, որ հեռագնա նպատակային ենթատեքստ ունի ՙմայրենի լեզու՚ առեղծվածային հասկացությունը։ Մինչդեռ ինքնավար մարզ կազմավորելու մասին Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետում նշված էին ՙհայ-մուսուլմանական՚, ՙհայերի եւ մուսուլմանների՚, ՙԼեռնային Ղարաբաղի հայկական մաս՚ բառակապակցությունները, որոնցից հասկանալի է, որ բառակապակցության առաջին մասը վերաբերում է հազարամյակների խորքից եկող բնիկ տերերին՝ հայ ազգությանը, իսկ ՙմուսուլման՚ հասկացությունը կոնկրետ ազգ կամ ազգություն չի ենթադրում, այլ միայն նշանակում է իսլամի հետեւորդներ։
Երբ Խորհրդային Միության մայրամուտին Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, Արցախին այլ բան չէր մնում, քան հրաժեշտ տալ Խորհրդային Ադրբեջանին։ Երկրամասի ազատասեր ժողովուրդը կարողացավ բռունցքվել եւ ազգային-ազատագրական պայքարի միջոցով թոթափել գաղութային լուծը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հռչակել իր պետական անկախությունն ու Արցախի ժողովրդի անունից ընդունել եւ հռչակել իր Մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Եվ պատահական չէ, որ հանրապետության Սահմանադրությունը սկսվում է ՙԱրցախի ժողովուրդը՚ եզրույթով։ Իսկ դա արտացոլում է օբյեկտիվ իրականությունը եւ ցուցաբերում երկրի արժանապատվությունը։
Սահմանադրության մեջ 7 անգամ օգտագործված է ՙժողովուրդ՚ եզրույթը (նախաբան, հոդվ. 2 մաս 1 և 2, հոդվ. 91, 110, 131, 132) ՝ որպես երկրի տարածքի բնակիչների մի ամբողջություն։ Այս համատեքստում արցախցի (ղարաբաղցի) ասելով, սկզբունքորեն պետք է նկատի ունենալ հանրապետության տարածքում բնակվող ցանկացած ազգության բնակչի։
Ինչ վերաբերում է ՙբնակչություն՚ եզրույթին, ապա միջազգային իրավունքում դրա տակ նկատի է առնվում պետության տարածքում բնակվող բոլոր անձանց համակեցությունը, որոնք գտնվում են տվյալ պետության իրավազորության ներքո։ Այդ հասկացության տակ մտնում են պետության քաղաքացիները, երկքաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք։ Դրանց տակ չեն ընկնում դիվանագիտական գործակալները, հյուպատոսական աշխատողները, հատուկ առաքելության աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները։
Բնակչությունն ավելի շուտ վիճակագրական եւ նրա հետ կապված ժողովրդագրական տերմին է։ Այդ առումով կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, տարածաշրջանի, աշխարհամասի եւ նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։
Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի ժողովուրդը, որպես կուռ միասնություն, իր իրավունքների եւ ազատությունների ու համազգային գաղափարների համար պայքարել գիտի։ Չի կարելի Արցախը վերածել տարածքի, իսկ ժողովրդին՝ բնակչության, հակամարտության սուբյեկտից՝ օբյեկտի։ Իրականությունն այն է, որ.
- Արցախի ժողովուրդը պետության սահմանադրականության տարրն է, նրա սուբյեկտը,
- Արցախի ժողովուրդն իշխանության աղբյուրն է,
- Արցախի ժողովուրդը կոնկրետ ազգություն ունի, բնակչությունը՝ ոչ,
- Արցախի ժողովուրդն ազգային եզրույթ է, բնակչությունը՝ ոչ,
-Արցախի ժողովուրդը պատմականորեն ձեւավորված մարդկանց ընդհանրություն է՝ արմատապես ու գիտակցականորեն կապված իր երկրի հողի հետ, իսկ բնակչությունը վիճակագրական ամփոփագիր է,
- ժողովուրդը համընդհանուր հասկացություն է, իսկ բնակչությունը կոնկրետ կետի (գյուղ, շրջան, քաղաք եւ այլն) բնակիչներն են։
ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերով եւ Արդարադատության միջազգային դատարանի վճիռներով աներկբա ճանաչված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այդ փաստաթղթերի իրավական բովանդակությունից բխում է, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իր իրավունքն իրականացրել է հանրաքվեի միջոցով՝ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա՝ առանց որեւէ ճնշման, հարկադրման կամ դրսի միջամտության։ Այդ իրավունքը հնարավորություն է ընձեռել ընտրելու իր կառավարման ձեւը, պետական եւ սոցիալ-տնտեսական կառուցվածքը եւ քաղաքական ռեժիմն ու կառուցելու իր հարաբերությունները միջազգային հանրության հետ։