[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՕՐ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ

altՄայիսյան եռատոնին նվիրված զորահանդեսին ու տոնական մյուս միջոցառումներին մասնակցելու համար Արցախի Հանրապետություն էին հրավիրվել հայ և արտասահմանյան պետական ու քաղաքական գործիչներ, միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ, Արցախյան պատերազմին  մասնակցած Սփյուռքի մեր հայրենակիցները։

Մեր խնդրանքով հյուրերն  իրենց տպավորությունները կիսեցին ՙԱԱ՚-ի հետ՝ հիացմունքի խոսքեր ասելով վստահաբար  իր ապագային նայող արցախցու, նրա անվեհեր կամքի ու ոգու, կազմակերպված և երկրի պաշտպանության համար մշտապես պատրաստ բանակի մասին, ինչպես նաև կարևորելով հայ ժողովրդի երեք հատվածների միասնության ամրապնդման ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու խնդիրները

Միրա ՑԱՎՐԵԲՈՎԱ (Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ).-Նախ շնորհավորում եմ  ղարաբաղցիներին այս կարևոր իրադարձությունների առթիվ և ի սրտե ցանկանում եմ, որ  բոլոր այն զոհողություններն ու տառապանքներըը, որ կրել է այս ժողովուրդը, մնան անցյալում։ Գիտեմ, որ քսան երկար ու ձիգ տարիները ոչ այնքան դյուրին ժամանակներ են եղել Ղարաբաղի հայության համար, սակայն այդ ժամանակաընթացքում ժողովրդի գործադրած ճիգերը ցանկալի արդյունք են տվել։ Այո, ես արդեն տեսնում եմ, որ բոլոր զոհողություններն ու ջանքերն ապարդյուն չեն անցել։ Ելնելով Հարավային Օսիայի փորձից, որը նույնպես Խորհրդային Միության փլուզումից հետո պայքար է ծավալել իր անկախության համար, իսկ մեր   և ձեր  ժողովուրդների փորձը գրեթե նույնն է, ուզում եմ ասել, որ նման պայքարի բովով անցած ժողովուրդներն ուրիշ կերպ են սիրում իրենց հայրենիքը։ Դա իմ խորին համոզմունքն է։ Եվ եթե երկրի վերակառուցման փուլում Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի ժողովուրդները հաղթահարում են դժվարություններ, ապա դրանք, անկասկած, ժամանակավոր բնույթ ունեն։ Համոզված եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մտահղացել են երկու ժողովուրդները։ Միակ մտահոգությունս պատերազմի վերսկսման հետ է կապված. Աստված կայուն խաղաղություն պարգևի մեր ու ձեր ժողովուրդներին, կրկին չտեսնենք զոհեր ու ավերածություններ։ Ի սրտե ցանկանում եմ, որ այն տանկը, որը ես տեսա Շուշի տանող ճանապարհին և որի պատվանդանին ծաղիկներ դրեցի, լինի վերջին խփված տանկը ձեր անկախության համար մղված պայքարում։        
Հասցրել եմ մի փոքր շրջել Ստեփանակերտում, և պիտի ասեմ, որ անչափ տպավորված եմ։ Իմ ասածը ոչ թե բարյացակամության դրսևորում է, այլ իրականության արձանագրում. ղարաբաղցիներն արարում են, անընդհատ կառուցում, և ամենագլխավորը, զգացվում է, որ մարդիկ սիրում են իրենց երկիրը։ Դա նկատելի է ամենուրեք և իրոք արժանի է ընդօրինակման։ Նաև պետք է շեշտեմ, որ Ղարաբաղն արագ թափով է առաջ ընթանում, երևում է, որ մեծ ուշադրություն է դարձվում տնտեսական ու սոցիալական խնդիրներին։ Մեր պարագայում իրավիճակն այլ է. մենք նույնպես առաջ ենք շարժվում, բայց ավելի դանդաղ տեմպերով։ Հարավային Օսիայի ժողովրդի առաջ գրեթե նույն խնդիրներն են, ինչ որ այստեղ է։ Մեր պատմական ճակատագրերը կարծես միահյուսված են, մեզ միավորել է հանուն անկախության մղվող պայքարը։ Այսօր բազում դժվարություններ ենք հաղթահարում, բայց մենք մեծ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ապագային՝ շատ լավ  հասկանալով, որ գլխավորն ու որոշիչը մեր կամքն է։
Չեմ կարող թաքցնել ապրումներս. այս երեք օրերի ընթացքում, որ ես գտնվում էի ձեր հանրապետությունում, Ղարաբաղի հայությունն ինձ համար դարձավ շատ մոտ ու շատ հարազատ։
Վազգեն ՍԵԴՐԱԿՅԱՆ (ԱՄՆ, Նյու Ջերսիի նահանգ).- Շատ եմ այցելել Արցախ, եկել եմ պատերազմի տարիներին։ Ղարաբաղի օգնության կազմակերպությանն էի անդամակցում, որը լուծում էր Ղարաբաղին օգնելու հետ կապված խնդիրներ։  
Զորահանդեսը հիանալի էր, մեծ տպավորություն թողեց ինձ վրա։  Առհասարակ, նորություններն անչափ շատ են. երեք տարի առաջ այստեղ էի, բայց կարճ ժամանակահատվածում շատ փոխություններ են կատարվել։ Հատկապես ուզում եմ շեշտել բանակի տեսքը, խիստ կարգապահությունը,  քաղաքի մաքրությունը, մարդկանց սերը դեպի ուսումը։ Հույս ունեմ, որ գոյամարտի ծանր տարիները հուշ կդառնան, և ժողովուրդը կապրի խաղաղ կյանքով, իսկ վտանգի դեպքում Աստված պահապան կկանգնի մեր բանակին ու ժողովրդին։        
Այցելել ենք Գանձասար, ներկա գտնվել պատարագին։ Մեծ բավականություն եմ ստացել Արցախի բարեկարգված ճանապարհներով երթևեկելուց։ Մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղ ու երջանիկ կյանք։ Առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ սփյուռքահայությունն իր ներդրումները պիտի անի այստեղ և նպաստի երկրի շենացմանն ու հզորացմանը։ Երևանում բացել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ աշխատում են հայ երիտասարդներ։ Նրանցից ոմանք, չեմ թաքցնում, մտածում են ԱՄՆ կամ Ռուսաստան մեկնելու մասին։ Համապատասխան աշխատանք պետք է սկսել, որպեսզի մեր երիտասարդները նման մտքերը հանեն իրենց գլխից։ Կառավարությունն այս գործում բավականին անելիք ունի։
Աստված մեզ հնարավորություն է տվել արցախյան հողում անկախ երկիր կառուցել, ուրեմն, այդ գործն իր տրամաբանական ավարտին պիտի հասցնենք։ Նկատի ունենանք նաև, որ աշխարհն այսօր գործ ունի միասնական ու հզոր հայության  հետ, մյուս կողմից էլ՝ համաշխարհային գործընթացներում ներգրավված լինելը  նոր խնդիրներ է դնում մեր առաջ։
altՄարտիրոս ԺԱՄԿՈՉՅԱՆ (Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերը, պահեստային սպա, մայոր).- Ծնվել ու մեծացել եմ Լիբանանում։ Մոնթեի հետ ծանոթացել եմ 1978 թվականին, Բեյրութում։ Ղարաբաղում իմ մարտական ճանապարհն սկսվեց Շահումյանից։ Մասնակցեցի Ղարաբաղի տարբեր շրջանների ու բնակավայրերի ազատագրմանը։ Ավոյի հետ շարունակեցի իմ մարտական ուղին Մարտունու պաշտպանական շրջանում, մինչև նրա մահվան օրը՝ 1993-ի հունիսի 12-ը։ Այնուհետև դարձա սպարապետ Վազգեն Սարգսյանի օգնականը՝ ծառայության մեջ մնալով մինչև 1997 թվականը։
Այս զորահանդեսից հետո ես ինձ ավելի հզոր եմ զգում։ Երանի Մոնթեն տեսներ այս պահը. նա ծանր զինտեխնիկայի սիրահար էր։ Պատկերացնում եմ, թե մինչև ուր կհասնեինք, եթե նորմալ զինտեխնիկա ունենայինք։ Բայց այսօրվա մեր ձեռքբերումները պահպանելու համար պետք է միասնական  լինենք,  չթուլանանք դիվանագիտական խաղերի առաջ։ Կան նաև արտաքին մարտահրավերներ. փորձում են տարբեր միջոցներով, տարբեր ծրագրերով (աղանդներ և այլն), մեծ գումարներ ծախսելով շեղել մեզ մեր ընտրած ուղուց։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը նման գայթակղություններից հեռու կմնա։
Լինելով ծննդով լիբանանցի, լավ գիտեմ, որ այնտեղի հայությունը պատրաստ է հարկ եղած դեպքում մասնակցել Արցախի պաշտպանությանը։ Ունեմ շատ հարազատ ընկերներ ու մերձավորներ, ովքեր ծառայում են Սիրիայի, Լիբանանի բանակներում, և ամենևին չեմ կասկածում, որ անհրաժեշտության դեպքում այդ մարդիկ կգան  Արցախ և կկանգնեն արցախցի զինվորի կողքին։    
Հաճախակի եմ լինում այստեղ, որովհետև Արցախն իմ տունն է։ Հանդիպում եմ մարտական ընկերներիս, ինչպես ասում են, հիշողությունները թարմացնում ենք, բայց ավելի շատ այցելում ենք շփման գիծ՝ մեր զինվորներին հանդիպելու և նրանց հետ զրուցելու նպատակով։         
 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ