ԵՐԿՐԻ ՋԻՂՆ ՈՒ ԱՐՄԱՏԸ
Կամո ԲԱԼԱՅԱՆ
Թուրքը 91-ի մայիսի 11-ին` առավոտյան, առաջինը խուժեց երկրի հարավային Առաքել գյուղը, որը Ջաբրայիլի շրջկենտրոնից գտնվում էր ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա։ Անձնագրային ռեժիմի ստուգում էր։ Կենտրոնը դեռ հուսահատորեն ու ջղաձիգ պահվածքով ձգտում էր փրկել իրավիճակը և ադրբեջանական օմօնն այդ գործողությունները անց էր կացնում Ռևազանի օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության, կարմիր բերետավորներ կոչվող մարտական ստորաբաժանումների հետ։ Մի քանի ժամ հետո նրանք ներխուժեցին նաև Բանաձոր։
Հատուկ նշանակության ջոկատայինները և ադրբեջանական օմօնի զինյալները հետևակի երկու մարտական մեքենաներով փակեցին գյուղի ելքն ու մուտքը. գյուղը Բանաձորն էր։
Նպատակն ավելի հեռահար էր։ Բաքվից եկած օմօնական սպաները հենց այդպես էլ ասում էին, և հենց այդպես էլ շպրտեցին բառերը 64-ամյա Գրիգոր Առաքելյանի ճակատին։
-Միացում ես կանչել, ահա ստորագրիր այս թուղթը, դրանք միանման տպագիր բլանկներ էին, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ այսինչ գյուղի բնակիչ (ուհի), այսինչ այսինչյանը կամավոր թողնում է իր բնակավայրը, և ցանկանում է բնակության նոր վայր ընտրել Հայաստանը։ Նրանք կեղծ ու խորամանկ տոնով, բայց ընդգծված քաղաքավարությամբ էին խոսում գյուղի բնակիչների հետ։ -Շուտով գյուղ կգան ՙԿամազ՚ մակնիշի նախօրոք պատրաստված բեռնատարները, դու կբարձես քո փալաս-փուլուսը, հնարավորություն ենք տալիս վաճառելու նաև քո անասունները մեզ հետ եկած Ջաբրայիլի շրջանի մսամթերման գրասենյակի աշխատողներին, և սաղ-սալամաթ, հատուկ ուղեկցությամբ կտանենք մինչև Հայաստանի սահման, մինչև Խնձորեսկ գյուղից ներքև՝ Աքարու գետի հովիտը և դու քո քուլփաթի հետ կգնաս ու կմիանաս քո մայր Հայաստանին։
-Ղարաբաղի հողից թույլ ենք տալիս տանել ամենքդ մի տոպրակ հող, որպես հիշատակ, էդ էլ որպես երկար տարիներ իրար կողքի ապրած քիրվա, ազգական, հարևան ու բարեկամ ժողովուրդներ։
-Հողը մերն է, Ղարաբաղը աթադան-բաբադան մերն է եղել, դե, ուրեմն ստորագրիր ահա այս թուղթը, և քո ու գերդաստանիդ անվտանգությունը ապահովված է, եթե ոչ, մի քանի ժամ հետո այստեղ կխուժեն արաքսամերձ գյուղերից հազարավոր թալանչիներ, և ավարառուներ, և այն ժամանակ մենք ձեր կյանքի և կյանքի համար այլևս պատասխանատու չենք, և իր ասածներից գոհ ու բավարար, Բաքվից եկած միլիցիայի կապիտանը գոհ ու չարախինդ սկսեց հռհռալ։
Հետո նրանք ստուգեցին անձնագրերը` ֆիդայիններին երևան հանելու նպատակով, և խուզարկեցին գյուղի տարածքը, գոմերը, կհոլները, օժանդակ շենքերը` զենք ու զինամթերք հայտնաբերելու համար։ Երկու օրվա ընթացքում Առաքելը և Բանաձորը տեղահան եղան` թողնելով ավարառուներին իրենց ողջ ունեցվածքը։ Շարժման այս տարածքում մեկ տասնյակից ավելի ակտիվիստների ձերբակալեցին և տարան Ջաբրայիլի ներքին գործերի բաժին, մի մասին հարցաքննեցին, ծեծի ենթարկեցին և ազատ արձակեցին, իսկ մի քանի հոգու տարան Շահբուլաղ, այնտեղից էլ քշեցին Բաքու՝ Բայիլի բանտը։ Կարճ ժամանակահատվածում դեպորտացիայի, բռնատեղահանության ենթարկվեցին Հադրութի շրջանի հարավային համարյա բոլոր գյուղերը՝ Բանաձորից և Առաքելից հետո, Քարագլուխը, Բինյաթլուն, Մյուլքիդարան, Ջիլանը, Ծամձորը, Դոլանլարը, Խանձաձորը, Սարիշենը։ Այս տարածքում անառիկ մնացին Հին Թաղեր, Արփագյադուկ և Խծաբերդ գյուղերը։
Գրիգոր պապը չորս ամսից հետո կթևակոխի 93 տարին։ Եվ երբ թուրքերը 91-ին տակն ու վրա արեցին նրա երկհարկանի տան բոլոր ծակուծուկերը ու ոչինչ չգտան, նրան ստիպեցին կամավոր հանձնել որսորդական հրացանը, հարևան գյուղից եկող-գնացող թուրքերը արդեն հայտնել էին, որ նա այդ տարածքների ամենահմուտ որսորդներից էլ լավ է, որ կրտսեր որդին ժամանակին տարել էր հրացանը և թաքցրել ապահով տեղ։ Հետո նրա աչքը խոթեցին բռնատեղահանության մասին թուղթը։ Ինքը չենթարկվեց թուրքին, թուղթն առերես ստորագրեց, բայց չենթարկվեց։ Կնոջ` Մարոյի, երկու տղաների, հարսների ու թոռների հետ կարողացավ դուրս պրծնել օմօնակաների շղթայից և հասնել շրջկենտրոն Հադրութ։ Հետո սկսվեց նրանց կյանքի ոդիսականը։ Երկիրը, հզոր կայսրապետությունը չարաղետ արագությամբ փլուզվում էր, իսկ վերահսկողությունից դուրս մնացած փոքրիկ միավորները կանգնած էին տագնապալից իրադարձությունների առաջ։
Մեկ տարուց ավելի Առաքելյանների օջախը` 10 հոգուց բաղկացած, տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած, գոյատևեց Թաղասեռում, Հադրութում, բարեկամների, ծանոթների, լավ մարդկանց, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Թուրքն արդեն կործանել էր գյուղը, նրանց չորս երկհարկանի տները։
Հետդարձի ճանապարհները փակ էին…
1992թ. մայիսի 9-ին, երբ Արցախի զինուժը ազատագրեց Շուշին, նրանք վերաբնակվեցին հայոց ոգու ազատագրված քաղաքում։ Տղաները զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը։ Ուշքն ու միտքը պատերազմի դաշտում էր, և գերության մեջ գտնվող Բանաձորի դաշտ ու լեռների, աղբյուր ու առվակների, Շռշռան գետակի սառնորակ կանչ ու կարկաչին։
1994թ. ապրիլին, գյուղն ազատագրելուց հետո, առաջիններից մեկը ամբողջ գերդաստանով, հանդիպման ահագնացող ցավը սեղմած հոգիներում, վերադարձան Բանաձոր։
Հարուստ ու ծաղկուն գյուղի 170 տներից և ոչ մեկը կանգուն չէր։ Գյուղի ներքևի թաղամասը լրիվությամբ հարթեցված էր, իսկ դեպի բլրալանջի ստորոտը կանգնած էին տների հոշոտված կմախքները։ Կնոջ հետ երկար մնացին կանգնած իրենց իսկ ձեռքերով կառուցված երկհարկանի տան հողին հավասարեցրած ավերակների վրա, և այդ հզոր տղամարդու հոգին փղձկաց մի անասելի զգացողությունից, նրա և թուրքի, նրա և ժամանակի միջև ստեղծված ճեղքը ահագնացավ, դարձավ մի խոր անդունդ, և մի անդարմանելի վիշտ ու ցավ։ Նա այժմ միայն ըմբռնեց, թե ով է թուրքը։ Թուրքը, որի հետ անցած 70 տարիների ընթացքում ընկերություն, բարեկամություն և քիրվայություն է արել։ Հայրենականի ահեղ տարիներին՝ 1944¬ին, սովորել է Բաքվի արհեստագործական ուսումնարանում, 48-ից գերմանացի ռազմագերիների հետ կառուցեց Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը Քուռ գետի վրա, և ինտերնացիոնալ քաղաքը։ Հետո, երբ ընտանիքի կազմած, կնոջ և նորածին դստեր՝ Լյուդմիլայի հետ 55-ին վերադարձան Բանաձոր, խաղողայգիներում, անասնապահական ֆերմաներում, գինու գործարանում առօրյա կյանքում մշտապես աշխատում ու շփվում էր նրանց հետ, թուրքերի հետ։
Զգաստացավ, անկանխատեսելի, անքննելի և անվերծանելի են Տիրոջ գործերը, մտմտաց, թափ տվեց իրենից ծանր մտքերը, մտորումները։ Աշխարհը, կյանքը լի է անակնկալներով, դժվարություններով, դառնություններով, վիշտ ու ցավերով, սև ու սպիտակ շերտերով։ Կարևորը, որ թեկուզ ավերված, բայց կանգնած է իր տան հիմքերի վրա։ Կարևորը, որ բոլորը ողջ-առողջ են, իսկ երկիրը՝ թեկուզ փխրուն, բռնել է խաղաղության ճանապարհը։
Քայլերն ուղղեց դեպի իր իսկ ձեռքերով կառուցված թոնրատունը, թուրքերը թոնրատունն էլ էին ավերել։ Կռացավ, մի քանի քար, թիթեղի կտորներ դես ու դեն շպրտեց, ձեռքերով մաքրեց հողի ու շաղախի կույտերը, և ձեռքը դեմ առավ թոնրի երեսին դրած կափարիչին։ Զգուշորեն բարձրացրեց և նրա հոգին ծլնգաց ուրախությունից։ Թոնիրը, իր մատների ու հոգու ջերմությամբ շաղախված ու կառուցած թոնիրը, ասես թե հին օրերի պես ժպտաց նրան, երբ կինը, կռացած նրա վրա, շիկացած պատերից պոկում էր կարմիր, թաժա հացերը, և թոնրատունը, աշխարհը, լցվում էին սրբազան հացի և խաղաղության բույրով։ Շտկվեց, կանչեց կնոջը և որոշեց հենց թոնրատնից էլ սկսել։ Պատսպարվեցին, և՜ հաց էին թխում և՜ ջերմություն կար, և՜ անձրևից ու ցրտից էին պաշտպանված։ Գոմեր և ծածկեր կառուցեցին, համատեղ ուժերով տեղադրեցին երկու որդիների տների տարածքները։ Կյանքը շարունակվում է, և գյուղում, նոր շունչ ստացող Բանաձորում ծնվեց Մովսեսի, փոքր տղայի արու մանչը՝ Գագիկը։ Եվ նա հին, բարի, խաղաղ օրերի պես զգաց, թե ինչպես են իր մեջ ծառս լինում հոգևոր ու մարմնավոր ուժերը։ Գլխավորը, որ ազատագրված ու հաղթանակած Արցախի, հայրենի գյուղի, պապենական օջախների լույսը վառ է, որ ավերված ու վերաշինվող տների թիվը շատանում է, որ իր նորոգած թոնրատանը ճարճատում է կրակը, և հացի բույրը միախառնվում է օրորոցների մեջ մուշ¬մուշ քնած նորածինների խաղաղ շնչառությանը։ Դպրոց էլ կառուցեցին, ակումբ, գրադարան, բուժկետ, լույս ստացան, ԿՕԾ¬ի ծրագրի շրջանակներում գյուղը ապահովվեց մշտական խմելու և ոռոգելի ջրով։ Բարեկարգվեցին գյուղ եկող և գյուղամիջյան ճանապարհները։
Գյուղ վերադարձողների մեծ մասն իրենց հացը թխում էին հենց այստեղ՝ Ղուզունց Գիրոյի կառուցած ու պատերազմից հետո վերանորոգած թոնրատանը։
-Դարեր ի վեր այսպիսին է եղել մեր ճակատագիրը, հայը լինելով քրիստոնյա, ի սկզբանե խաղաղասեր ու արարիչ, միշտ էլ կարողացել է դիմագրավել չարին, կամ էլ բուժել է նրա հասցրած վերքերը։
Գրիգորը տղաների հետ գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա՝ ՙՔյահրիզ՚ տարածքում, ստորերկրյա սառնորակ ջրի առաջ, սկսեց բոստանաբանջարանոցային կուլտուրաներ մշակել։ Հետո սկսեց այգի հիմնադրել, ծառեր պատվաստել։ Տնկեց կեռասենու, բալենու, ընկուզենու, դեղձենու, խնձորենու շիվեր և խաղողի որթատունկեր։ Մի քանի հեկտարի վրա ցորեն ու գարի ցանեց։ Այդ արևահար, բրոնզաձույլ դեմքով ջլապինդ ու մկանուտ մարմնով, ուժեղ կազմվածքով մարդուն, որն ինձ միշտ հիշեցնում է ղարաբաղյան անտառների դարավոր կաղնի` հաստաբուն ու ստվերախիտ, կայծակների ու հողմահար քամիների առաջ աներեր կանգնած, անծանոթ մարդու վրա կարող է թողնել 40-50 տարեկանի տպավորություն, մինչդեռ նա արդեն 93 տարեկան է։ Ինչպես երիտասարդ տարիներին, նա ամբողջ օրը քայլում է և գործ անում։ Օրական 20-30 կմ ճանապարհ է կտրում, և ինչպես երիտասարդ տարիներին, նորից սկսեց զբաղվել նաև որսորդությամբ։ Կյանքը սկսեց կանոնավորվել, ապրուստը լավանալ։ Հիմա նրա դռանը 10 խոշոր և 100-120 գառ ու ոչխար կա, թոռները՝ Գրիգորը, Մասիսը, Գագիկը ծառայեցին Արցախի զինուժում, և՜ ժամկետային, և՜ պայմանագրային, հետո մարդատար ու բեռնատար մեքենա ու տրակտոր գնեցին։ Գրիգորը, որ մասնագիտությամբ շինարար է, ակտիվորեն մասնակցեց Արաքսի ափին կառուցվող Առաջամուղ, Արաքսավան գյուղերի շինարարությանը, խանութ բացեց Մեխակավանում, իսկ Մարիետա թոռնուհին բուժքույր է Ջաբրայիլի ռազմական հոսպիտալում։ Հիմա համարյա թե բոլոր ընտանիքներն օգտվում են ինտերնետ ծրագրից։ Հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան, բջջային հեռախոսը, ՙԱրիստոնը՚ վաղուց են խուժել նոր Բանաձորի կուլտուր¬կենցաղային պայմանների մեջ։
Օրը հիմա նոր Բանաձորի վրա բացվում է խաղաղությամբ, և իր սովորության համաձայն, գյուղում առաջինը` ծեգը¬ծեգին արթնանում է Գրիգոր Առաքելյանը, գյուղի այս տարածաշրջանի նահապետը, հող ու երկիր պահողն ու շենացնողը։
-Իմ ցանկությունը հիմա միայն մի բան է. խաղաղ երկնքի տակ հնչի հարսանիքի նվագը և պարեմ իմ թոռների Մասիսի և Գագիկի հարսանիքներում։ Պարողը՝ բանաձորցի, երկրապահ ու հովիվ, հարյուրամյակի շեմը թևակոխած Ղուզունց Գիրոն է, երկրի ջիղն ու արմատը։