ԱԱՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
Հերմինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի ազատամարտիկների միությունն (ԱԱՄ) իր գործունեության առանցքում ունի մեկ գլխավոր նպատակ. գոյապայքարի մասնակիցների ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով նպաստել հայրենի բնօրրանի հզորացմանն ու բարգավաճմանը։ Եվ ինչպես միշտ, 2019 թվականին ևս կառույցի գործունեությունը նպատակաուղղված էր մեր նորանկախ հանրապետության կայացման գործում իրենց անուրանալի ավանդը ներդրած երեկվա պատերազմի մասնակիցների համախմբմանն ու հայոց պետականակերտման ուղղությամբ նրանց կատարածի գնահատմանը։
Հաշվետու տարվա ընթացքում, Միության վարչության կողմից հաստատված աշխատանքային պլանի համաձայն, Միությունը կյանքի է կոչել համապետական ու տեղային նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետականաշինության տարբեր ոլորտներում կազմակերպության անդամների ակտիվ ներգրավմանը։ Նրանց մասնակցությամբ բանակային ստորաբաժանումներում և հանրակրթարաններում իրականացվել են ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումներ։
Այս և մյուս գործընթացներին զուգահեռ Միության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակել է մնալ երեկվա պատերազմի մասնակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը, ինչն արտահայտվել է նյութական ու բարոյական օժանդակությամբ։ Մասնավորապես՝ 2019թ. ընթացքում բուժման և սոցիալական հարցերի լուծման նպատակով թվով 457 ազատամարտիկի ցուցաբերվել է 29 մլն. 315 հազ. դրամ ընդհանուր գումարով ֆինանսական օժանդակություն, ԱԱՄ միջնորդությունների արդյունքում իրականացվել է 57 ազատամարտիկի անվճար բուժում ԱՀ ՊՆ զինվորական հոսպիտալներում։ Նշանակալի աշխատանք է տարվել նաև ազատամարտիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։
ԱԱՄ մի շարք անդամների բնակարանները նորոգելու համար Միության վարչության որոշմամբ հատկացվել է 12 մլն 542 հազ. դրամի շինանյութ։
Ներկայացվել և պաշտպանվել են ԱԱՄ մի շարք անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական այլ կազմակերպություններում։ Ներկայացվել և պետական ամենաբարձր մակարդակով իրենց կատարածի համար արժանավայել կերպով գնահատվել են մեծ թվով ազատամարտիկներ։ Վկայությունը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով տարվա ընթացքում պարգևատրված 298 ազատամարտիկներն են, որոնցից 1-ն արժանացել է ՙԱրցախի հերոս՚ բարձրագույն կոչման, 6-ը՝ ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի, 3-ը՝ ՙԱրիության համար՚, 285-ը` ՙՄարտական ծառայություն՚, իսկ 3-ը՝ ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալներով։ Նույն ժամանակահատվածում Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ 36 ազատամարտիկներ պարգևատրվել են ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալով և այլն:
Բացի պարգևատրումներից և խրախուսանքներից, Միության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել իր անդամների համար տոնական միջոցառումների (Ամանորի և Սուրբ Ծննդի) կազմակերպմանը։
Հատկանշական է Միության կողմից ծավալած հանրային ոլորտի գործունեությունը։ Բացի վերոնշյալից, Միությունը հաշվետու տարում շարունակել է մշտական սերտ կապ ապահովել ԱՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։
Միության ներկայացուցչությունը մասնակցել է ԱՀ տարբեր շրջանների համայնքներում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանների բացման հանդիսավոր արարողություններին, որոնց ժամանակ իրականացվել են ազատամարտիկների պարգևատրումներ, զոհված ազատամարտիկների հարազատներին (թվով 29 հոգու) ցուցաբերվել է դրամական օգնություն։ Միության վարչության որոշմամբ` ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանների կառուցման, վերանորոգումների և կազմակերպական հարցերի համար։
Մի խումբ ազատամարտիկներ իրենց ընտանիքների հետ Միության նախաձեռնությամբ կազմակերպել է ծովափնյա ամառային իրենց հանգիստը ՌԴ Անապա քաղաքի ծովափում և Սևանա լճի Ծովինար համայնքի ՀՀ երկրապահների ճամբարում։
Հավելենք, որ ԱԱՄ-ի կողմից Ստեփանակերտի ՙՄոր և մանկան առողջության կենտրոնին՚, թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը, Վերականգնողական կենտրոնին հատկացվել են նվերներ։
Հավատարիմ մնալով ՙԱռողջ հոգի` առողջ մարմնում՚ կարգախոսին, Միության ֆինանսավորմամբ գործում է ՙԿարատե-դո՚ մարզական խմբակ, որտեղ անվճար պարապմունքներ է անցկացնում մոտ 25 երեխա։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ այդ մարզական խմբակի անդամներից ոմանք արդեն հաղթող են ճանաչվել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում: Նրանք մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, և այսօր էլ շարունակում են վայելել Արցախի ազատամարտիկների միության վարչության հատուկ ուշադրությունը։ Համալրվել է Միության տարածքային միավորումների նյութատեխնիկական բազան։ Ասկերանի, Մարտունու, Շուշիի տարածքային միավորումների գրասենյակներին հատկացվել են համակարգիչներ: Միությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրել է ձյուն մաքրող մեքենա։
Արցախի պետական-հասարակական կյանքում ապահովելով իր ակտիվ ու կառուցողական դիրքը, այդուհանդերձ, Արցախի ազատամարտիկների միությունը, որպես երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպություն, իր գլխավոր խնդիրն է համարում Հայրենիքի պաշտպանությունը։ Հիմք ընդունելով այս առաջնահերթությունը, Միությունը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում դա։
Ինչպես իր ստեղծման օրից մինչ այսօր, այնպես էլ այսուհետ, Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող, իր առաքելությունը պատվով կատարող հասարակական այս կազմակերպությունն իր ուժերն ու հնարավորությունները կներդնի Հայոց պետականակերտման կարևորագույն գործում:
;