ՔԱՂԱՔ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Երազում շատ հաճախ եմ այցելում քաղաքը, որն այլևս չկա՚,- այս արտահայտությունը, հավանաբար, կարելի է լսել Բաքվի յուրաքանչյուր հայի շուրթերից։ Իսկապես, նախկին Բաքուն, որն այնպես, ինչպես և Օդեսան, տարբերվում էր իր կոլորիտով, խոսվածքով, հումորով, այլևս չկա և, ցավոք սրտի, երբեք չի լինի…
30 տարի է անցել Բաքվի հայկական ջարդերից: 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը այդ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ճիշտ վերարտադրությունն էին և սումգայիթի շարունակությունը։ 1990թ. հունվարի 13-ին Լենինի հրապարակում, հանրահավաքից հետո, որին մասնակցում էր շուրջ 50 հազար մարդ, ամբոխը բաժանվեց խմբերի և գնաց հայերին ջարդի մատնելու։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիների որոշակի հատվածի վայրագության տրվելն սկսվել էր ոչ թե իննսունականներին, այլ ավելի վաղ, Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումից շատ ավելի վաղ։ Մեկ այստեղ առանց պատճառի մի հայի աշխատանքից հեռացրին, մեկ այնտեղ՝ սպանեցին…Բաքվի հայերը գիտակցում, իրենց հանդեպ զգում էին մի ինչ-որ անառողջ լարվածություն, բայց ամեն ինչ վերագրում էին հանցավորությանը։ Իսկ այդ հիստերիան ամբողջ ուժով դրսևորվեց 1988 թվականին. Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման մասին Ղարաբաղի հայության՝ իր էությամբ խաղաղ և ժողովրդավարական կամարտահայտությանն ի պատասխան, արյունոտ գործողություններ կազմակերպվեցին` սկզբում Սումգայիթում, ապա Ադրբեջանի ուրիշ հայաշատ բնակավայրերում և վերջում էլ Բաքվում։ Բոլորին արդեն վաղուց հայտնի է, որ այդ, ինչպես Կրեմլի որոշ պաշտոնյաներ էին անվանում, ՙանկարգությունները՚ տարերային չէին, այլ եղել են լավ նախապատրաստված. գործարաններում ամբողջ թափով պատրաստում էին զենք, տարատեսակ նիզակներ, մետաղաձողեր, դանակներ, իսկ բնակշահագործման գրասենյակներում ճշգրտվում էին հայերի հասցեները։ Մի ամբողջ շաբաթ քաղաքը մատնված էր սանձարձակ ամբոխի հոշոտմանը. նրանք ներխուժում էին հայերի տները, նրանց ծեծում, բռնարարքների ենթարկում, դուրս նետում պատուհաններից, այրում, ծաղրանքների ենթարկում դիակները, թալանում…Ու այս ամենն արվում էր ԽՍՀՄ իշխանությունների, Ադրբեջանի ոստիկանության, ՊԱԿ-ի լուռ համաձայնությամբ։ Դա նրանց քիչ էր թվում, օրը ցերեկով բոլորի աչքի առաջ քաղաքի կենտրոնում ամբոխը հրկիզեց Հայկական եկեղեցին, քահանային ծեծի ենթարկեցին, խաչերը ջարդեցին, և վերջում էլ բուլդոզերներով անցան հայկական գերեզմանատան վրայով։ Եվ հետաքրքիր մի հանգամանք. ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ օրերին գրում էին. ՙՀայաստանում հատուկ մեր մզկիթներին և գերեզմանոցներին ձեռք չեն տալիս, որպեսզի ասեն, որ մենք գազան ու բարբարոս ենք, իսկ իրենք՝ քաղաքակիրթ ազգ՚։
Հավանաբար, շատերը կարդալով այս տողերը, իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ հայերն իսկույն չհեռացան սումգայիթյան ողբերգությունից հետո։ Նախ, նրանցից շատերը խորապես համոզված էին, որ Սումգայիթի կոտորածի կազմակերպիչները և իրագործողները խստորեն կպատժվեն, երկրորդ, որ խորհրդային իշխանությունները երբեք թույլ չեն տա ջարդերի կրկնություն և կպաշտպանեն նրանց, երրորդ, շատ դժվար էր բաժանվել հարազատ օջախից, սերնդեսերունդ կուտակած ունեցվածքից, իսկ չէ՞ որ նրանցից շատերը բավականին հասուն տարիքում էին…և, ի վերջո, ևս մի հանգամանք, որի մասին քչերը գիտեն։ Սումգայիթյան դեպքերից հետո հայերը սկսեցին զանգվածաբար մեկնել, ռուսները, հրեաները ճամպրուկներն էին հավաքում, գործարանները և ֆաբրիկաները չէին աշխատում։ Հանրապետության ղեկավարությունը հասկացավ, որ որակյալ կադրերի կարիք կլինի և ձեռնամուխ եղավ վտարված քաղաքացիների հետ վերադառնալու գործին` երաշխավորելով նրանց անվտանգությունը, և նրանք անշրջահայեցորեն հավատացին ու վերադարձան, ինչի համար էլ կյանքով հատուցեցին։ Թե քանի հայ է զոհվել Բաքվի ջարդերի ժամանակ մինչ օրս հայտնի չէ։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մոռացության տալ այդ փաստը՝ ի ցույց դնելով հունվարի 20-ը, այն օրը, երբ, վերջապես, խորհրդային զորքերը Բաքու մտցվեցին՝ արյունահեղու
թյունը կանգնեցնելու համար։ Նրանք այդ օրն անվանում են համաժողովրդական սգո օր, երբ խորհրդային զորքերին դիմադրություն ցույց տալու ժամանակ զոհվեց՝ նրանց տվյալներով 171 մարդ (նշենք, որ տարբեր աղբյուրներում ուրիշ թվեր են)։ Ամեն տարի այդ օրը Բաքվում մարդու իրավունքների այսպես կոչված`ջատագովներն իրենց մտահոգությունն են հայտնում ավազակների, քրիստոնյա բնակչության դեմ իրականացված ահաբեկման կազմակերպիչների, այլ ոչ թե զոհերի իրավունքների համար։ Նրանց համար ահաբեկման երկու տեսակ գոյություն ունի՝ վատ և լավ։ Վատ ահաբեկումն այն է, երբ ոչնչացվում են խաղաղ մարդկանց կոտորածների պարագլուխները և կազմակերպիչները, այդ ժամանակ Բաքվում գոռում-գոչում, օգնություն են կանչում, իրենց զոհի տեղ դնում, իրենք իրենց համար համաժողովրդական սգո օր հայտարարում, իրենց համար շեհիդների պուրակ կառուցում։ Իսկ լավ ահաբեկումն այն է, երբ սպանում են հայերի, ռուսների և ուրիշ քրիստոյաների։ Այդ պարագայում, լավագույն դեպքում, գոհունակությամբ լռում են։ Եվ շատերը չգիտեն, որ երբ խորհրդային տանկերը Բաքու մտան, փողոցները պատնեշված էին բեռնատարներից կազմված արգելափակոցներով, իսկ նրանց առաջ դուրս էին բերվել մարդկանց երկու շարքեր. առաջինը կազմված էր ձեռքերը և իրար կապկպված հայերից, երկրորդը՝ մոտակա տներում բնակվող կանանցից, ծերերից և երեխաներից, իբր, զինվորները չեն տրորի ծերերին և երեխաներին։ Արգելափակոցների հետևում թաքնվել էին զինված ավազակներ։ Ահա թե ինչ է պատմում այդ իրադարձությունների ականատեսներից մեկը (նավատորմի սպա, ազգությամբ ոչ հայ). երբ տանկերը լրիվ մոտեցան արգելափակոցներին, բարձրախոսներով ամբոխին դիմեցին, որ նրանք ցրվեն։ Տանկիստներն այդ ժամանակ չգիտեին, որ այդ մարդկանցից շատերը պատանդներ են։ Ի պատասխան` արգելափակոցներից ինքնաձիգի կրակահերթեր լսվեցին։ Մի քանի զինվոր գետնին ընկավ՝ նրանք առաջին մարտական կորուստներն էին։ Բոլոր փամփուշտները կրակելուց հետո ավազակները հապճեպորեն թաքնվեցին։ Տանկերը շարժվեցին արգելափակոցի ուղղությամբ։ Պաշտպանության երկրորդ գծում կանգնած տեղացի ադրբեջանցիներն ասես հօդս ցնդեցին։ Հայերը չգիտեին` ինչ անել, նրանք խճճվել էին պարանների մեջ, վայր էին ընկնում…Սպաներից մեկը նկատեց, որ նրանք պատանդներ են և կանգնեցրեց ընթացքը։ Նրանք արագորեն կտրեցին պատանդների կապանքները և հորդորեցին տուն գնալ։ Նրանց գլխով չէր անցնում, որ այդ խեղճ մարդիկ արդեն տուն չունեն, այդ պատճառով են նրանք տանկերի շուրջը վազում, նրանք այլևս ոչ մեկի վրա հույս դնել չեն կարող և նրանք փախչում էին վերջին ուժով` իմանալով, որ եթե հետ մնան, ապա նրանց կսպանեն և հավատալով, որ խորհրդային զինվորը թույլ չի տա իրենց սպանել։
Հիմա շատերը փորձում են այդ բոլոր չարագործություններն արդարացնել անցումային շրջանով, ողջ մեղքը բարդել Ադրբեջանի Ազգային ճակատի վրա, որն այդ պահին իշխանության էր ձգտում, անօրենության ժամանակաշրջանում զանգվածային ագրեսիայի չպատճառաբանված բռնկումների, Գորբաչովի վրա, որի մեղքով զորքերը Սումգայիթ են մտցվել երեք օր, իսկ Բաքու մի ամբողջ շաբաթ ուշացումով, Ադրբեջանի կոմկուսի վրա… Իսկ գուցե ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Ադրբեջանական հասարակությունը վարակված է անբուժելի հիվանդությամբ, որը կոչվում է հայատյացություն։ Հայատյացությունը դարձել է ադրբեջանական կյանքի անբաժանելի տարրը, որը վարպետորեն շահարկում են իշխող դասերը։
Փաստերը համառ բան են, բայց ադրբեջանական գիտակցությունը փաստերից ավելի համառ է։ Փաստերն ասում են, որ Ղարաբաղը դարեր ի վեր եղել է Հայաստանի անքակտելի մասը, և միայն Ստալինի ճակատագրական սխալի պատճառով է 1921թ. հանձնվել Ադրբեջանին, ինչը հաստատում են բազմաթիվ պատմական աղբյուրներ։ Ադրբեջանական գիտակցությունը չի ցանկանում այդ հանգամանքն իմանալ, այն ոչինչ չի տեսնում, չի լսում և խելացնոր համառությամբ սպիտակն անվանում է սև, սևը՝ սպիտակ, ագրեսորին՝ զոհ, իսկ զոհին՝ ագրեսոր։ Նրանք ապրում են հետևյալ սկզբունքով՝ ինչքան ավելի լկտի լինի սուտը, այնքան ավելի շուտ կհավատան։ Նորահայտ հումանիստները կոկորդիլոսի արցունքներ են թափում այսպես կոչված՝ ՙշեհիդների՚՝ մահապարտ ահաբեկիչների սպանության առիթով՝ բնավ մոռանալով այն մասին, թե իրենք ինչ են արել հայ երեխաներին, կանանց, ծերերին…
Այսօր հայերն ունեն երկու հայկական պետություն` Հայաստանը և Արցախը, և ամբողջ աշխարհում ոչ մի խաժամուժ այլևս երբեք մեզ չի խանգարի մեր մարդկային արժանապատվությունը և ապրելու իրավունքը պաշտպանել։
Իսկ մենք գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի առաջ և արցունքն աչքերին խնկարկում նրանց հիշատակը։