ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԹՈՖԻԿ ԶՈՒԼՖՈՒՂԱՐՈՎԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
1994-ի մայիսին ՙԿրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՚ համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի ջանքերը մի կողմից ուղղված են եղել ուժային ճանապարհով հիմնախնդրի լուծմանը, մյուս կողմից էլ՝ Ալիևները քաղաքական հաշվարկներ են արել համաշխարհային ուժային կենտրոնների աջակցության վրա։ Իշխող վարչակազմում և նրանից դուրս, նախկին և ներկայիս քաղաքական դեմքերը հիմնախնդրի՝ ի նպաստ Ադրբեջանի լուծումն առավելապես Մոսկվայի աջակցությամբ են պայմանավորում։ Դրան հասնելու ճանապարհը Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելն է։
Ադրբեջանում դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումից։
Հիշեցնենք՝ հունվարի 28-30-ը Ժնևում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերն առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։ Հունվարի 30-ին՝ հանդիպման ավարտից հետո, համանախագահները հայտարարություն հրապարակեցին, որում վերահաստատեցին խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը։
Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը դեկտեմբերին էր՝ Բրատիսլավայում, որի նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացել էր առաջարկությունների փաթեթով։ Այնուհետև լրատվամիջոցների հետ զրույցում ՙԼավրովի պլանի՚ մասին է ակնարկել։ Նաև ասել էր, թե բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են ՙկարմիր գծերը՚։ Տեղեկատվական աղբյուրը մեջբերել էր նրա խոսքերը՝ եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և հարկ կլինի այսպես թե այնպես շարունակել բանակցությունները։ Բաքուն դժգոհում է, որ իր կողմից դրված պահանջները հայկական կողմն անընդունելի է համարում։ Հակամարտության պատճառները մի կողմ դրած՝ Ադրբեջանը խոսում է դրա հետևանքների մասին։ Մենք սովոր ենք հարևան երկրից լսել կոշտ հայտարարություններ, որովհետև այնտեղ դեմ են ստատուս քվոյի պահպանմանը։ Բայց, դրա հետ մեկտեղ, նրանք գիտակցում են, որ պատերազմական գործողությունների վերսկսումն իրենց ոչինչ չի տա՝ բացի կորուստներից։ Այս հանգամանքի գիտակցումով էլ մշտապես իրենց մեղադրանքներն ուղղում են միջնորդներին՝ փորձելով հասնել միակողմանի զիջումների։
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում խիստ անձնական տեսակետ արտահայտեց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը։ Նա հատուկ ընդգծեց, որ ժամանակն է կոնկրետ հարցերով դիմել Ռուսաստանին։ Ադրբեջանը Մոսկվայի առջև հարց պիտի դնի՝ ինչո՞ւ բանակցություններ չկան և ինչո՞ւ է ՌԴ-ն ՙանվտանգության հովանոց՚ տրամադրում Հայաստանին։ Նախկին արտգործնախարարն այն համոզմունքին է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի քաղաքականությանը։ Իսկ թե ինչու է ՌԴ-ն աջակցում, Զուլֆուղարովը հետևյալ կերպ է բացատրում. ՀՀ վարչապետ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին, քանի որ ռուսաստանյան քաղաքական գործընկերների մոտ իրեն յուրային չի համարում։
Ադրբեջանի նախկին արտգործնախարարը ՀՀ վարչապետին սադրիչ անվանելով՝ իրականում ինքն է հանդես գալիս սադրողի դերում՝ արտաբերելով հետևյալ խոսքերը՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում պետք է ի ցույց դնի իր իսկական քաղաքականությունը, քանի որ դա է հուշում տրամաբանությունը։ Զուլֆուղարովի կարծիքով՝ ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, բայց երկար տարիներ իրեն զուսպ է պահել, որովհետև ցանկացել է խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, Ռուսաստանին պետք է ասել՝ ադրբեջանական հասարակությունը բանակցություններին չի հավատում և գիտակցում է, որ հայերը մեկ սանտիմետր անգամ խաղաղ ճանապարհով չեն հանձնի։ ՙԱյժմ մենք ուզում ենք ստանալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի ասենք մեր ժողովրդին՚,-եզրակացրել է նախկին արտգործնախարարը։
Վերջին արտահայտությունից սկսենք։ Խորհրդարանական ընտրությունների շեմին գտնվող ադրբեջանական քաղաքական վերնախավն իր հասարակությանն ասելիք չունի։ Ինչ էլ որ ասի՝ շարքային քաղաքացու համար գրոշի արժեք չի ունենա, քանի որ ենթատեքստում ալիևյան վարչակազմի գոյատևման հարցն է շոշափելու։ Վերջինս ներքին լսարանին բավարարելու համար արտաքին ուղղությունում ակտիվանալու սովորություն ունի։ Ինչ վերաբերում է բուն սպասելիքներին, ապա Զուլֆուղարովը կարծես ակնարկում է անցյալ տարվա հոկտեմբերի սկզբներին Սոչիում ՙՎալդայ՚ ակումբում Պուտին-Ալիև հանդիպումը, որի հետ Բաքուն առանձնակի հույսեր էր կապել։ Սակայն ակումբում ՌԴ արտգործնախարարի արտահայտությունները նման սպասումների համար տեղ չեն թողել։ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը մյուս համանախագահող պետությունների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ տարաձայնություններ չունի։ Միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ քաղաքական գործընթացն արգելակված է և ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը հաջողություն չեն ունենում։ Պուտին-Ալիև հանդիպման ֆոնին նա հայտարարել է, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չի տեսնում։ Այսինքն՝ Մոսկվան Բաքվին հասկանալ է տվել, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում գլխավոր պատասխանատուն Ռուսաստանն է։ Այս իրողության գիտակցումով էլ ՌԴ-ն վերահսկողության տակ է պահում իրավիճակը։ ՌԴ արտգործնախարարի խոսքերը հիասթափեցրել են ադրբեջանցի այն գործիչներին, որոնք ակնկալում էին ռուսաստանյան աջակցությամբ խնդրի հանգուցալուծում։ Դա, իհարկե, իրականության հետ աղերս չունեցող ակնկալիք էր։
Նախկին արտգործնախարարը նաև փորձում է հակասություններ փնտրել Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ ասելով, թե վարչապետ Փաշինյանը ռուսաստանյան քաղաքական գործընկերների մոտ իրեն յուրային չի համարում։ Սա անհաջող հնարք է. Բաքվում լավ գիտեն, որ Հայաստանը վստահելի գործընկեր է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Արևմուտքի համար։
Ուրեմն, ինչո՞ւ է աղմկում Թոֆիկ Զուլֆուղարովը։ Վերջին տարիներին նա միայն քննադատում է իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ բանակցային գործընթացում ոչ պատշաճ կեցվածք որդեգրելու համար։ Իսկ մեկ տարի առաջ էլ իր ֆեյսբուքյան էջում քարկոծել է Մամեդյարովին՝ գրելով, որ նա աշխատել չգիտի է պետք է հեռանա՝ ադրբեջանական դիվանագիտությանը չխայտառակելու համար։ Այս պարագայում ակնառու է Զուլֆուղարովի անձնական ակնկալիքը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում Ալիևներից ևս մեկ անգամ արտգործնախարարի պորտֆել ստանալ։
;