[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵՄԱՆ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ

Օրերս  ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ղեկավարությունն ՙԱրմենիա՚ հյուրանոցում կազմակերպել է կլոր սեղան, որին մասնակցելու հրավեր էին ստացել ԼՂՀ ԱԺ¬ում  ներկայացված բոլոր կուսակցությունների խմբակցությունների, այդ կազմակերպությունների երիտասարդական թևերի, ինչպես և ինքնուրույն գործող քաղաքական և  երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կլոր սեղանի թեման էր հաղթանակի գրավականները։ Այն վարում էր ԱԺ ՀՅԴ խմբակցության  ղեկավար, ԱրՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Թեման հրատապ է այն առումով,  որ ներկայումս, դիվանագիտական ասպարեզում Արցախի հարցն ամբողջությամբ չլուծված պարագայում, երբեմն հարցի լուծման վերաբերյալ հնչում են կարծիքներ զիջողական կամ պարտվողական տրամաբանությամբ: Սա խոսում է այն մասին, շեշտել  է  Ա. Սարգսյանը, որ  մենք ճիշտ չենք հաշվարկում հաղթանակի գրավականները, խորապես չենք վերլուծում հաղթանակի երաշխիքներն  ու պատճառները, ինչն էլ իր հերթին տանում է սխալ տրամաբանությամբ թելադրված քայլերի: Համեմատել պատերազմի տարիներն ու ներկան և գտնել այն ճանապարհները, որոնք շարունակելով, կարող ենք վերջնական հաղթանակի հասնել նաև դիվանագիտական ասպարեզում. պատմաբանն առաջարկեց այս տեսանկյունից դիտարկել  քննարկվող  թեման:
Մեզանում ամեն մեկն էլ այս կամ այն չափով մասնակից է եղել հաղթանակին, ամեն մեկը յուրովի մի քար է դրել հաղթանակի շենքի պատին, ճշմարտացիորեն նկատել է պատմաբանը: Ուստի նպատակը մեկն է. երիտասարդությունը, որ պիտի շարունակի մեր գործը և հաղթանակը վերջնական ավարտին հասցնի, պետք է ճշմարիտ  կողմնորոշում ունենա, ճիշտ վերլուծություններ կատարի, որպեսզի  բացառվեն սխալ  քայլերը:
Բաժանելով  ենթաթեմաների` ՙՍոցիալական արդարությունը որպես հաղթանակի գրավականներից մեկը՚, ՙՀայրենասիրությունը և բարոյական արժեքները որպես բացարձակ ճշմարտություն՚, ՙԹիկունքի ներուժը և տնտեսական գրավականը՚, ՙՌազմական ներուժը և ֆիդայական ջոկատները՚, ՙԵրիտասարդության մասնակցությունը Արցախի ազատագրման և զարգացման ճանապարհին՚, Արմեն Սարգսյանն առաջարկեց ելույթները կառուցել այս հարցերի շուրջ:
Ավագ սերնդից ելույթներ ունեցան  Արցախի  կոմկուսի Կենտկոմի առաջին  քարտուղար Հրանտ Մելքումյանը, ԱԺ փոխխոսնակ  Արթուր Թովմասյանը,  ՙԱրցախի Արմենական  կուսակցության՚ նախագահ Բորիս Առուշանյանը, երիտասարդներից` ՀՅԴ Արցախի Կենտկոմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արցախի թեմի երիտասարդական թևի պատասխանատու Սամվել Մկրտչյանը, ՌԴ հայերի միության ԼՂՀ մասնաճյուղի տնօրեն Դավիթ Մելքումյանը, ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Սերգեյ Մելքումյանը, ՀՅԴ Արամ Մանուկյան ուսանողական միության ներկայացուցիչ Վահագն Դադայանը,  երիտասարդական  այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մոտ երկու ժամ տևած ելույթների և քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու գնահատականները, առաջարկներն ու վերլուծությունները հանդիսացան որպես վառ ապացույց այն բանի, որ մեր երիտասարդները խորապես գիտակցում են, որ ամենայն լրջություն ու պատասխանատվություն է պահանջվում ԼՂՀ ճանաչման, ասել է թե` վերջնական հաղթանակի գործը: Ամփոփելով կլոր սեղանի թեմայի շուրջ ծավալված քննարկումները, Արմեն Սարգսյանը կարևորեց այսպիսի հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպելու անհրաժեշտությունը:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ