ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
ԱՀ Ազգային ժողովի փետրվարի 20-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել էր օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։ Կառավարության անդամները՝ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, խորհրդարան էին ներկայացել ավանդական ժամին։
Հարցեր հնչեցնելու համար գրանցվեց 3 պատգամավոր։
Պատգամավոր Գագիկ Բաղունցը հանդիպում էր ունեցել Ստեփանակերտի երաժշտական դպրոցի կոլեկտիվի հետ։ Զրույցի ժամանակ շոշափված հարցերից մեկը հավելավճարի հետ էր կապված. կոլեկտիվի աշխատակիցներից ոմանք երկարամյա ծառայության համար աշխատավարձի հետ նաև հավելավճար էին ստանում։ Վերջերս դադարեցվել է հավելավճարի տրամադրումը, ինչը և պատճառաբանվել է ֆինանսների բացակայությամբ։ Երաժշտական դպրոցի տնօրինությանն ու քաղաքապետարանին ուղղված Բաղունցի հարցադրումները թույլ չտվեցին ստանալ հստակ պարզաբանումներ։ Բացատրությունը պատգամավորը գործադիրից ակնկալեց։
Երկրորդ հարցը. գործող կարգի համաձայն՝ երիտասարդ ուսուցիչներին այլ բնակավայրեր գործուղելու դեպքում տրամադրվում է հավելավճար՝ առավելագույնը 6 տարի ժամկետով։ Բաղունցի վկայությամբ՝ կան բազմաթիվ մասնագետներ, որոնք շարունակում են աշխատել այդ կարգավիճակում, բայց առանց հավելավճարի։ Նման ուսուցիչների կարիքը հատկապես զգացվում է ծայրամասային գյուղերի դպրոցներում։ Պատգամավորին հետաքրքրում էր, թե հավելավճարի տրամադրման հարցում ժամկետային սահմանափակումն ինչո՞վ է հիմնավորվել։
Առաջին հարցի առնչությամբ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ ինքը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում։ Նա հավաստիացրեց, որ հրատապ ռեժիմում կպարզեն պատգամավորի ներկայացրած տեղեկատվությունը և բարձրացված խնդրին լուծում կտան։
Երկրորդ հարցին պատասխանեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ Իրոք, գործող կարգի համաձայն, ուսուցիչն այլ բնակավայր է ուղեգրվում երեք տարով, այնուհետև, ցանկության դեպքում, կնքում է երկրորդ պայմանագիրը ևս երեք տարով։ Նախարարության կողմից ուսումնասիրվել են ուղեգրման արդյունքները և պատրաստվել է մի նախագիծ, որով վերացվում է կիլոմետրերով պայմանավորված սահմանափակումը։ 30կմ և ավելի հեռու ուղեգրվող ուսուցիչն ստանալու է և՜ կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով, և՜ աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար։ Իսկ մինչև 30կմ հեռավորության բնակավայրեր ուղեգրվող ուսուցիչների համար նախատեսվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք օգտվելու են երթուղային մեքենաներից, իսկ եթե ոչ՝ փոխհատուցումը կլինի մասնակի։ Փոփոխության նպատակը մոտակա բնակավայրերում դասավանդող ուսուցիչներին խրախուսելն է, հատկապես բնագիտական առարկաներ դասավանդողներին, որպեսզի նրանք հարակից գյուղերում էլ դասավանդեն, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Նոր կարգը կգործարկվի մարտի 1-ից։ Բնականաբար, պատգամավորի կողմից նշված 6 տարվա սահմանափակումն էլ կվերանա։
Պատգամավոր Հայկ Խանումյանն իր հարցն ուղղեց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին։ 1997-2005 թվականներին Արցախում վերաբնակված քաղաքացիների հետ վերաբնակեցման պայմանագիր չի կնքվել։ Այժմ, սեփականաշնորհման կարգի հետ կապված, համապատասխան ընթացակարգերով անցնելու պահանջ կա։ Նշված ժամանակահատվածում եկած մարդկանց համար առկա ընթացակարգերը որոշ խնդիրներ են ստեղծում։ Այդ քաղաքացիների տունն ու հողամասը սեփականաշնորհելու նպատակով կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի վկայությամբ՝ նախկինում այդ հարցին անդրադարձել են։ Փաստն այն է, որ վերաբնակեցման գործընթացը կարգավորվում է կառավարության կողմից ընդունված որոշումներով, որոնց շրջանակներում իրականացվում է քաղաքացիներին սեփականության իրավունքով գույքի տրամադրումը՝ պայմաններն ապահովելու պարագայում։ Կա մի խավ, որը տարիներ շարունակ ապրել է վերաբնակեցվող շրջաններում, բայց առ այսօր վերաբնակչի կարգավիճակ չունի։ Գրիգորյանի խոսքով՝ եթե սեփականաշնորհման խնդիրը դիտարկենք վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, ապա այս հարթությունում կարգավորումները հստակ են։ Խնդիրն այն է, որ վերաբնակչի կարգավիճակ չունեցող քաղաքացիները ևս պիտի հնարավորություն ունենան օգտվելու սեփականաշնորհման իրավունքից, քանի որ նրանք հանդիսանում են իրավատեր։ Ներկա դրությամբ խնդիրը քննարկվում է կառավարությունում, վերաբնակների վերաբերյալ տեղեկություններն առկա են։ Համապատասխան որոշումները կայացնելուց հետո նշված քաղաքացիների խնդիրը կլուծվի։ Կառավարությունը չունի որևէ խտրական վերաբերմունք սոցիալական այս կամ այն խմբի նկատմամբ։ Բոլոր վերաբնակները կօգտվեն այն իրավունքներից, որոնք սահմանված են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընթացակարգերի հետ կապված հարցերը քննարկման փուլում են։
Խանումյանին ժամկետի հարցն էր նաև հետաքրքրում. քաղաքացիները ե՞րբ կարող են սեփականաշնորհման հարցով դիմումներ ներկայացնել։ Նախարարը դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել, քանի որ աշխատանքը բավականին ծավալուն է։ Խորհուրդ տվեց բոլոր վերաբնակներին, ովքեր քննարկվող հարաբերությունների տիրույթում են, դիմումները ներկայացնել իրենց շրջանի վարչակազմին։ Սեփականաշնորհման գործընթացն իրականացվում է շրջվարչակազմերի համապատասխան հանձնաժողովների եզրակացության հիման վրա։ Կարող են հաշվառվել և սպասել գործադիրի որոշմանը։
Պատգամավոր Վիլեն Սաֆարյանը նախկինում իր կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզել է, որ հանրապետության տարածքում առկա սողանքային մարմինները ժողովրդական տնտեսությանը տարեկան առնվազն 60-65 մլն դրամի վնաս են հասցնում։ Դա վերաբերում է ճանապարհային ցանցին, բնակարանային ֆոնդին, կոմունիկացիաներին։ Սաֆարյանի հարցը՝ գործադիրը չի՞ նախատեսում նմանօրինակ խնդիրների ուսումնասիրման նպատակով պետպատվերի շրջանակներում համապատասխան աշխատանքների իրականացում և ֆինանսավորում։ Խոսքը վերաբերում է սողանքների առաջացմանն ու նրանց վտանգավորությանը, նաև ռիսկերի գնահատմանը։
Հարցին պետական նախարարը պատասխանեց, քանի որ այն վերաբերում էր մի քանի գերատեսչությունների։ Հանրապետության մի քանի համայնքների տարածքներում սողանքներ կան, որոնք բավականին մեծ վնաս են հասցնում։ Այս պահի դրությամբ դրանց վերաբերյալ ամփոփ ուսումնասիրություն կամ վերլուծություն չկա։ Պահանջվում են բավականաչափ ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ։ Հարցը կուսումնասիրվի։ Դա կարող է լինել գիտական թեմաների շրջանակներում, կարող է լինել կառավարության առանձին մարմինների կամ էլ հայաստանյան գործընկերների միջոցով։ Ուսումնասիրությունների ծրագիր կկազմվի, և ապա, ըստ եզրակացությունների, կձեռնարկվեն միջոցներ։ Մարտիրոսյանն առաջին հերթին իրավիճակի վերլուծությունը կարևորեց։ Քանի որ հարցը վերաբերում է բնությանը, հողային շերտին, ապա ուսումնասիրությունները կարող են իրականացվել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կամ էլ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։