ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Հարցազրույց ԱՀ ԿԸՀ նախագահ Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ
ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ԱՀ-ում այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ դրված նոր ընտրական օրենսգիրքն ու համապատասխան նորմատիվ որոշումները միտված են բարելավելու տեղամասային հանձնաժողովների աշխատանքները։
Հաշվի առնելով նախորդ ընտրություններում արձանագրված որոշ թերություններ, դրանք բացառելու նպատակով այս համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում նախատեսվել են նորամուծություններ։
ԿԸՀ նախագահի հետ զրույցում անդրադարձ է կատարվել գործող ընտրական իրավունքներին և դրանց իրացմանը վերաբերող մի շարք առանձնահատկությունների, ինչպես նաև սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացների իրավական կարգավորումներին։
- Տիկին Արզումանյան, նախ՝ ո՞վ ունի ընտրելու և ընտրվելու իրավունք։
-Համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն սույն թվականի մարտի 31-ի դրությամբ 18 տարին լրացած ԱՀ քաղաքացիները։ Ընտրվելու իրավունք ունեն. Հանրապետության նախագահի դեպքում՝ 35 տարին լրացած, վերջին 10 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ԱՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, իսկ ԱԺ պատգամավորի դեպքում՝ 25 տարին լրացած, վերջին 5 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում ԱՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
Օրենսդիրը նաև սահմանափակումներ է նախատեսել՝ համաձայն որի ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարած ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։
Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։
- Իսկ եթե քաղաքացին ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին։
- Դա նրա իրավունքն է։ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածով այս հարցը կարգավորված է։ Նշված է՝ ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։
-Ընտրական օրենսգրքով քարոզարշավին տրվում է 1 ամիս ժամանակ։ Դուք քարոզարշավ չե՞ք համարում վերջին ամիսներին տարբեր համայնքներում և դպրոցներում տեղի ունեցող հանդիպումները: Բնականաբար, խոսքս վերաբերում է բոլոր կուսակցություններին։
-Այստեղ կուզեի պարզություն մտցնենք. քարոզչությու՞ն, թե՞ նախընտրական քարոզչություն։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում ընտրական օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը։ Իսկ նախընտրական քարոզարշավին առաջադրվող պահանջներն ավելի խիստ են, սահմանափակումները՝ հստակ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումից հետո և տևում մինչև ընտրությունների օրվանից 1 օր առաջ։ Այս ընտրությունների դեպքում՝ 33 օր։
-Ըստ օրենքի ու՞մ է արգելվում իրականացնել նախընտրական քարոզարշավ։
-Ընդհանրապես նախընտրական քարոզարշավի առանձնահատկությունները, թույլատրելին, անթույլատրելին, սահմանափակումները և անելիքները շարադրված են ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածում և, մասնավորապես, այդ հոդվածի 5-րդ մասը նշում է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Արգելք է սահմանված նաև դատավորների, դատախազների, քննչական կոմիտեի ծառայողների, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, արտակարգ իրավիճակների պետական ծառայություններում ծառայողների, զինծառայողների համար։ Չի թույլատրվում քարոզարշավ իրականացնել ընտրական հանձնաժողովի անդամներին, բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին ու կազմակերպություններին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Հաշվեքննիչ պալատի անդամներին, ինչպես նաև հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։
-Կրկին դառնանք ընտրական իրավունքին։ Ինչպե՞ս է ապահովվում ստացիոնար բուժման մեջ գտնվողների, դատապարտյալների ընտրական իրավունքը, ինչպես նաև նրանց, ովքեր չեն կարող ներկայանալ ընտրական տեղամաս։
-Սկսեմ Ձեր հարցի վերջին մասից և, ցավոք, արձանագրեմ. տեղամաս ներկայանալու հնարավորություն չունեցող անձանց քվեարկությունը տներում կազմակերպելու հնարավորություն օրենսդիրը չի սահմանել։ Այստեղ բացառություն կա ստացիոնար բուժական հաստատություններում գտնվողների մասով։ Բուժհաստատության ղեկավարությունը, նախապես հաշվի առնելով բուժխնամքի մեջ գտնվող քաղաքացիների ցանկությունը՝ ընտրություններին մասնակցելու հարցում, հայտ է ներկայացնում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով և ընտրությունների օրը քվեարկությունը կազմակերպվում է հայտ ներկայացրած բուժական հաստատությունում շրջիկ արկղով։
Դատապարտյալների և կալանավորված անձանց քվեարկությունը կազմակերպվում է քրեակատարողական վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից։ Քվեարկության ընթացքը բաց է, մի քիչ առանձնահատուկ։ Քվեարկության սկիզբը ազդարարվում է ժամը 09։00-ից հետո։
-Սույն թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոր ձևաչափով։ Մենք միանգամից ընտրելու են և՜, Հանրապետության նախագահ, և՜ Ազգային ժողովի պատգամավորներ։ Արդյոք դժվար չի՞ լինելու, եթե հաշվի առնենք նաև, որ ընտրություններին մասնակցելու են տասնյակ կուսակցություններ։
-Բնականաբար, տեխնիկական դժվարություններ կարող են լինել, բայց դրանք լուծելի են, և մենք բոլորս՝ ընտրական հանձնաժողովականների առաջին աստիճանակարգից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այս գործին լծված ենք և ընտրությունները կկազմակերպենք հավուր պատշաճի։
Գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտի դրությամբ ունենք հետևյալ պատկերը. առաջադրվել է Հանրապետության նախագահի 14 թեկնածու, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Թեկնածուների առումով այս ընտրությունները բավականին մրցակցային կլինեն ։ Ի դեպ, արցախյան ընտրական պատմության մեջ առաջին անգամ է մասնակցության այսպիսի մեծ ակտիվություն արձանագրվում։ օրինակ, Հանրապետության նախագահի պարագայում ամենամեծ մասնակցությամբ դիմումներ ունեինք 2007 թվականին, երբ թեկնածություն էր առաջադրել 5 քաղաքացի, իսկ ԱԺ ընտրությունների պարագայում ունեինք 206 թեկնածուի ընդգրկմամբ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների պատկերը։
Աշխատանքի մեծ ծավալ կա, իրոք, բայց ամեն ինչ կառավարելի է։ Ընտրական հանձնաժողովները պատրաստ են լրիվ ծավալով իրենց գործառույթները կատարել բարձր մակարդակով։
-Նախորդ համապետական ընտրությունների փորձը ի՞նչ է ցույց տալիս, նախընտրական գործընթացներում հատկապես ի՞նչ խախտումներ էին արձանագրվում և ինչո՞վ էին պայմանավորված։
-Նախ դրանց թիվը մեծ չէր, համենայն դեպս, ընտրական հանձնաժողովները և ընտրական գործընթացը դրանից զերծ մնալ չեն կարող։ Հիմնական բացթողումները տեխնիկական բնույթի էին, և այդպիսիք հետագայում թույլ չտալու համար ԿԸՀ-ի կողմից այս ընտրույթուններին ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, նորություններ, մասնավորապես՝ ձեռք են բերվել նոր քվեատուփեր, պատվիրվել և արդեն առկա են նոր քվեախցիկներ, առաջին անգամ կօգտագործվեն մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնցում կտեղադրվեն և տարածքային ընտրական հանձնաժողովներ կտեղափոխվեն տեղամասային ընտրական հանձնաժողովի ողջ ընտրական փաստաթղթերը։ Սրանք ապահովության միջոցներ են, որոնք զգալիորեն բարելավում են և՜ ընտրությունների գաղտնիության սկզբունքը, և՜ բավականին բարձրացնում ընտրությունների ելքի հանդեպ վստահության մակարդակը։
Կցանկանայի արձանագրել մի քանի դիտարկումներ։
Այս ընտրությունները 29 տարվա անկախություն ձեռք բերած ԱՀ թվով 15-րդ համապետական նշանակության ընտրական միջոցառումն է և այն անցկացվում է 2020 թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքի հիման վրա։
Մինչ այդ, ընդհանուր առմամբ, մեր հանրապետությունում, 1991 թվականից սկսած, կազմակերպվել են համապետական նշանակության 3 հանրաքվե, հանրապետության նախագահի՝ 5 և խորհրդարանական 6 ընտրություններ։
Ընտրութունների և հանրաքվեների կազմակերպման տեսանկյունից ընտրական հանձնաժողովների համար կարևորվում է ինչպես ձգտումը Արցախում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների ու հանրաքվեների անցկացումը, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող իրավական դաշտի անընդհատ կատարելագործումը։
Տեղին ենք համարում նկատել, որ ԱՀ-ում ընտրություններն ու հանրաքվեները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Օրինակ՝ 1991 թվականի Անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82%-ը, 1996-ին՝ 87%-ը, իսկ համապետական ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը 65-70% է։
Տարիների հետ միջազգային հետաքրքրությունը ԱՀ հանդեպ ավելացել է։ Եթե, օրինակ, 1991 թվականի Անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ, ապա արցախյան վերջին համապետական ընտրական միջոցառմանը՝ Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեին, մասնակցել են դիտորդներ 30-ից ավելի երկրներից` ընդհանուր թվով 207 դիտորդ, իսկ ավելի ուշ՝ 2019 թվականի ՏԻՄ ընտրություններին դիտորդների թիվը հասավ 324-ի։
2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների հիմքում ԱՀ 2020 թվականի հունվարի 1-ին գործողության մեջ դրված նոր ընտրական օրենսգիրքն է և ըստ այդմ` ԿԸՀ կողմից մանրամասն մշակված և ընդունված գրեթե 60 իրավական ակտ։ Այս նորմատիվ իրավական ակտերն իրենց բնույթով և բովանդակությամբ կոչված են բարելավելու առաջին հերթին տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը, քանի որ ժողովրդի վստահության առաջին ուղենիշը հենց տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն է։ Այս համատեքստում մեր կողմից բավական կարևորվեց և արդեն իսկ մեկնարկած են մասնագիտական դասընթացները տեղամասային ընտրական հանձնաժողովների պոտենցիալ անդամության ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, բավական ակտիվ հայտավորում տեղի ունեցավ. գրեթե 1500 մարդու մասին է խոսքը։ Մինչև փետրվարի վերջ ավարտին կհասցնենք դասընթացները, իսկ արդեն ձևավորված հանձնաժողովների հետ լրացուցիչ աշխատանքներ կկազմակերպենք մարտին։ Մեր առջև խնդիր ենք դրել նախորդ ընտրությունների համեմատ ունենալ ավելի բարձր պատրաստվածությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովներ։
-Հաճախ են դժգոհություններ հնչում ընտրական ցուցակների անճշտությունների վերաբերյալ։ Դրանք ինչո՞վ են պայմանավորված։
-Ընտրացուցակների ճշտման գործընթացը մշտական է, նաև ոչ ընտրական ժամանակաշրջանում է սա իրականացվում։ Այս աշխատանքով զբաղվում է ԱՀ ոստիկանությունը՝ տարածքային ոստիկանական ծառայությունների միջոցով։ Ինչքանով տեղյակ ենք, այս աշխատանքները գտնվում են նրանց ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Ավելի մանրամասն տեղեկատվություն, բնականաբար, կարող է տրամադրել լիազորը, տվյալ դեպում` ԱՀ ոստիկանությունը։
-Եվ վերջում Ձեր խոսքն ու հորդորը և՜ ընտրողներին, և՜ ընտրվողներին։
-Լինենք բոլորս զուսպ, հանդուրժողական` մեկս մյուսի նկատմամբ ու մեր ընտրական իրավունքն իրացնենք իրավամբ քաղաքակիրթ եղանակով։