ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱ՞ՆՆ Է ՈՒԶՈՒՄ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Երեւանում Բելառուսի դեսպանն անսպասելի հայտարարություն է արել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հավանական անդամակցության մասին, ինչին ռուսական կողմը զուսպ արձագանքել է, որ դրա համար հարկ կլինի ունենալ կազմակերպության բոլոր անդամ երկրների համաձայնությունը։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը տարեսկզբից զբաղեցնում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։ Վերջինս պրոֆեսիոնալ զինվորական է, ավարտել է Բաքվի համազորային ռազմական ուսումնարանը եւ ունի ադրբեջանամետ գործչի կայուն համարում։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ նախապատրաստվում է Զասի այցը Երեւան։ Զուգահեռաբար Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարել է Բելառուսին երկու լցանավ ադրբեջանական նավթ մատակարարելու մասին։
Տարեսկզբին Ռուսաստանը եւ Բելառուսը համաձայնության չեն եկել նավթի գնի հարցում, բելառուսական նավթավերամշակման գործարանները կանգնած են պարապուրդի մատնվելու սպառնալիքի առջեւ, եւ Մինսկը ստիպված է մատակարարման այլ աղբյուրներ փնտրել։ Ադրբեջանի դեպքում դա կարող է տեղի ունենալ միայն միջնորդավորված։ Ընդ որում, ծագում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիր։ Ներկայումս Մոսկվայի քաղաքական աջակցությունն Ալիեւին անհրաժեշտ է ավելի, քան երբեք։ Խորհրդարանական ընտրությունները բացահայտել են իշխանության բուրգում ճեղքվածքներ։ Բավական է մի ցնցում, եւ սոցիալական ընդվզումը կարող է պատմության աղբանոց նետել Ալիեւին։ Չնայած գործադրվող ջանքերին եւ Արեւմուտքի, առանձնապես Միացյալ Նահանգների հասցեին շողոքորթություններին, Ալիեւը որեւէ քաղաքական օժանդակություն Բրյուսելից եւ Վաշինգտոնից չի ստանում։ Ընթանում է ՙխաղ մեկ դարպասի վրա՚։ Արեւմուտքն Ալիեւին պարտադրում է կատարել խոստումները՝ ավարտին հասցնել այսպես կոչված ՙՀարավային գազային միջանցք՚ ծրագիրը՝ որպես Եվրոպայում ռուսական գազային մենաշնորհին այլընտրանք։ Մոսկվան շարունակում է պահպանել զսպվածություն՝ պաշտոնապես հայտարարելով, որ ոչինչ չունի ադրբեջանական էներգետիկ նախագծերի դեմ։
Միաժամանակ, սակայն, Ռուսաստանը գործի է դնում ազդեցության լծակներ, որպեսզի Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով դեպի Ադրբեջան գազամուղ կառուցելու ծրագիրն իրականություն չդառնա։ Եթե ՙՀարավային գազային միջանցքը՚ չի լցվում ղազախական եւ թուրքմենական գազով, ապա նախագիծը, որ իրականացնելու համար ահռելի գումարներ է խժռել, դադարում է շուկայական եւ դրանից բխող՝ նաեւ աշխարհաքաղաքական արժեք ներկայացնել։ Իլհամ Ալիեւն արդեն իսկ հայցել է ԱՄՆ նախագահի աջակցությունն այդ հարցում, բայց վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանը զիջումների չի գնա։ Իրավիճակի վրա ազդեցություն չի կարող ունենալ նաեւ Թուրքիան։ Սիրիական Իդլիբում ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմ է ընթանում։ Մոսկվան շատ սառնասրտորեն մերժել է մարտի 5-ին Պուտին-Էրդողան բանակցություններ կազմակերպելու թուրքական կողմի առաջարկը։ ՙՆախագահ Պուտինի աշխատանքային ժամանակացույցում նման հանդիպում նախատեսված չէ՚- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը։ Ուշագրավ է, որ նա չի ակնարկել մոտ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման նույնիսկ հավանականության մասին։ Երեւում է, ռուս-թուրքական համաձայնությունները ենթարկվում են պատմական փորձության։
Խնդիրն, ըստ երեւույթին, առնչվում է Ադրբեջանին։ Իդլիբում լարվածության առաջին շրջանում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն խոսել էր Լեռնային Ղարաբաղում ջանքերի համատեղման մասին։ Փորձագետները դա գնահատել էին որպես առաջարկ Ռուսաստանին՝ ինչ-որ բան զիջել Իդլիբում, փոխարենն ինչ-որ բան ստանալ Ադրբեջանում, թեկուզ խաղաղապահ զորքեր մտցնելու տեսքով։ Առաջարկությունը, երեւում է, Ռուսաստանի կողմից չի ընդունվել։ Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրեթե համոզված են, որ ԼՂ կարգավորման ցանկացած սցենարի դեպքում խաղաղապահ առաքելություն այսպես, թե այնպես իրականացնելու է հիմնականում ռուսական կողմը եւ այդ հարցում Թուրքիայի հետ սեպարատ համաձայնության կարիք չկա։ Այլ բան է, եթե Ռուսաստանն ամբողջական Ադրբեջան ունենա՝ որպես եվրասիական նախագծերի մասնակից եւ անվտանգային ռուսական համակարգի մաս։ Այդ գնով, թերեւս, Ռուսաստանը կհամաձայնի սիրիական հարցում Թուրքիայի ՙկենսական հետաքրքրությունը՚ հարգելու տարբերակին։ Խնդիրն այն է, թե Էրդողանը փետրվարի 25-ին այցելելով Բաքու՝ նման հեռանկար քննարկե՞լ է Ալիեւի հետ։
Խորհրդանշական է, որ դրա նախօրեին Թուրքիան փակել էր Նախիջեւանի հետ սահմանային անցակետը։ Դա ակնարկ չէ՞ր, թե իրականում ով է Նախիջեւանում տեր։ Կողմերն, ըստ երեւույթին, ինչ-որ համաձայնության եկել են, Թուրքիան բացել է Նախիջեւանի հետ սահմանը։ Իսկ Իդլիբի հարցում Էրդողանն առայժմ հույսեր է կապում ՆԱՏՕ-ի օժանդակության հետ։
Կգնա՞ Արեւմուտքն Ռուսաստանի հետ բաց առճակատման։ Հազիվ թե։ Այդ դեպքում կամ Թուրքիան Ադրբեջանին կհանձնի Ռուսաստանի կատարյալ հովանավորությանը, կամ ստիպված կլինի պայմանավորվել Սիրիայի նախագահի հետ։ Եթե, իհարկե, վերջինս հարկ համարի բանակցել Էրդողանի հետ։
;