ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ. ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հարութ Սասունյան
ՙԿալիֆորնիա Կուրիեր՚ թերթի
հրատարակիչ և խմբագիր
Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական ՙԱլ-Մոնիտոր՚ կայքում՝ ՙԻնչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը ՙթշնամի՚ հռչակվել Թուրքիայում՚ վերնագրով։ Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության և թուրքական Կիպրոսի ղեկավարի միջև առկա հակասության մանրամասները։
1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր, Թուրքիայի Հանրապետությունը ծախսել է միլիարդավոր դոլարներ և տեղակայել հազարավոր թուրքական զորքեր՝ իր դիրքերը կղզու վրա պահպանելու համար։
Վերջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի կառավարության և կիպրացի թուրք ղեկավարի միջև թշնամանքի մասին։ ՙԹուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք այցելում են միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հոկտեմբերից հրաժարվել են հանդիպել նրա նախագահ Մուստաֆա Աքինջիի հետ՚, գրել է Չենգիզը։
Հակասությունն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման կապակցությամբ, երբ Աքինջին համարձակվել է քննադատել Թուրքիայի ՙսուլթանին՚՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. ՙՀիմա, եթե նույնիսկ մենք դա [Սիրիա թուրքական ներխուժումը] անվանենք ՙԽաղաղության ակունք՚ գործողություն, ապա թափվել է ոչ թե ջուր, այլ՝ արյուն։ Այդ իսկ պատճառով իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն սկսվեն հնարավորինս արագ՚։ Թուրքիայում հարյուրավոր թուրքեր բանտարկվել են թուրքական ռազմարշավը Սիրիայում քննադատելու համար։ Սիրիայի մասին խոսելուց բացի, Աքինջին իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելու վերաբերյալ. ՙՉնայած մենք այն անվանում էինք Խաղաղություն գործողություն, սակայն դա պատերազմ էր և արյուն թափվեց 1974-ին՚։ Ըստ Չենգիզի՝ ՙհամեմատություն կատարելով երկու ներխուժումների միջև, Աքինջին ակնհայտորեն փորձել է ասել, որ օտար երկրներում ռազմական գործողությունները հարատև խնդիրներ են ստեղծում, և, հետևաբար, նա Թուրքիային հրավիրել է դիտարկել այլ տարբերակներ Սիրիայում՚։
Չնայած նրան, որ Աքինջիի կողմից թուրքական ռազմական ներխուժումների քննադատությունը բարի մտադրությամբ էր արված, Էրդողանը, որը չի հանդուրժում այլախոհություն, կատաղեց, հայտարարելով, որ Աքինջին ՙչափն անցել է՚ և հավելեց, որ ընտրազանգվածը շուտով նրան ՙմի լավ դաս՚ կտա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես դատապարտեց կիպրացի թուրք ղեկավարին։ Չենգիզն ասել է, որ ՙայդ ընթացքում, Հյուսիսային Կիպրոսում Աքինջին մահվան սպառնալիքներ է ստացել, ինչի համար նա դատական ??հետաքննություն է պահանջել՚։
Այնուհետև սյունակագիր Չենգիզը հավելել է, որ ՙԱքինջիի խոսքերը նրան դարձրել են քավության նոխազ Թուրքիայում և առաջացրել աննախադեպ արձագանքների ալիք, ամենադաժանը, որ երբևէ տեսել է Հյուսիսային Կիպրոսի որևէ ներկայացուցիչ։ Թուրքիայի ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելին կոչ է արել Աքինջիին անհապաղ հրաժարական տալ։ ՙԱքինջին և նրա համախոհները չպետք է մոռանան, որ Կիպրոսը թուրքական է և թուրքական կմնա՚, ասել է Բահչելին։ Նա նաև Աքինջիին առաջարկել է տեղափոխվել հունական Կիպրոսի հարավ։ ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հորդորել է Աքինջիին ներողություն խնդրել, իսկ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը ՙթշնամաբար է վերաբերվում Թուրքիային՚ և, որ իր կյանքում երբեք չի տեսել ՙնման անազնիվ քաղաքական գործիչ՚։ Բարձրագույն քաղաքական գործիչների նման տրամադրության պայմաններում, իշխանամետ թերթերն ավելի կոշտ են դարձել։ ՙԽաչակիրների Աքինջին պետք է անհապաղ հրաժարական տա՚, գրել է թերթերից մեկը, իսկ մյուսը հայտարարել, որ Աքինջին ՙկարծես թշնամի՚ լիներ։
Չենգիզն իր հոդվածում բացատրել է՝ ՙդա Թուրքիան է, որ վճարում է հաշիվները Հյուսիսային Կիպրոսում՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական օգնության միջոցով։ Հետևաբար, կիպրացի թուրքերը միշտ պետք է երախտապարտ լինեն Անկարային։ Թուրքիան ՙմայրն է՚, իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ նրա ՙերեխան՚։ Ամեն ինչ, որ դուրս է այս ենթակայության գաղափարից, կվտանգի ստատուս-քվոն՚։
2020 թ. փետրվարի 6-ին ՙԳարդիան՚ թերթին տված հարցազրույցում Աքինջին նախազգուշացրել է ՙԿիպրոսի հունական և թուրքական համայնքների մշտական բաժանման մասին, եթե արագ ձեռք չբերվի համաձայնություն՝ ՙարդար՚ դաշնային լուծմամբ՚։ Աքինջին ասել է, որ ինքը համաձայն չէ Էրդողանի տեսլականի հետ՝ Անկարայի և Նիկոսիայի միջև հարաբերությունների առումով՝ որպես ՙմայր և երեխա... Ես ուզում եմ անկախ, եղբայրական հարաբերություններ՚, բացատրել է նա։ Նա խոստովանել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է ավելին անի, որպեսզի իր տնտեսությունն ավելի քիչ կախվածություն ունենա Թուրքիայից, որը վճարում է կառավարության հաշիվները։ Սա անելու համար ինքը աջակցության կարիք ուներ [հունական] հարավից, ասել է Աքինջին ՙԳարդիան՚-ին։
ՙԱքինջին, որը չորեքշաբթի երեկոյան [փետրվարի 5, 2020 թ.] սկսեց վերընտրվելու իր քարոզարշավը, ասել է, որ Կիպրոսի գրեթե կեսդարյա բաժանման միակ կենսունակ լուծումը վերամիավորումն էր դաշնային ՙտանիքի տակ՚... ՙԵթե սա տեղի չունենա՚, ասել է Աքինջին ՙԳարդիան՚-ին, ՙհյուսիսը գնալով ավելի ու ավելի կախված կլինի Անկարայից և ի վերջո կարող է կուլ գնալ, որպես փաստացի թուրքական նահանգ՚։
ՙԱքինջիի տեսլականը, որը կիսում են բազմաթիվ կիպրացի թուրքեր, կոչ է անում երկհամայնքային, երկտարածքային Կիպրոսի, քաղաքական հավասարությամբ և մեկ ՙիրավաբանական անձով՚, ասել է նա ՙԳարդիան՚-ին։ Այն հիմնված է Կիպրոսի կղզիաբնակներ լինելու ընդհանուր ինքնության, այլ ոչ թե թուրք կամ հույն լինելու վրա՚, գրել է Չենգիզը։
ՙԸնտրություններում Աքինջիի հավանական մրցակիցը Էրսին Թաթարն է, Անկարայի բացահայտ կողմնակից մի պոպուլիստ, որը դեմ է հարավի հետ հաշտեցմանը։ Թաթարը՝ ներկայիս վարչապետը, կողմ է երկկողմանի լուծմանը։ Նա մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նորաբնակների կողմից, որոնք անհաշիվ թվով ժամանել են մայրցամաքից՝ փոխելով կղզու կրոնական և մշակութային դիմագիծը՚, գրել է ՙԳարդիանը՚։
ՙԵս չեմ պատրաստվում լինել երկրորդ Թայֆուր Սոքմենը՚, ասել է Աքինջին ՙԳարդիան՚-ին, վկայակոչելով Հաթայի նախագահին, որը 1930-ական թվականներին իր հանրապետությունը՝ նախկինում ֆրանսիական մանդատ ունեցող Սիրիայի մի մասը հանրաքվեից հետո միացրեց Թուրքիայի հետ։
Թուրքիայի և կիպրացի թուրք առաջնորդի միջև վեճը շեղում է Թուրքիայի կառավարության ուշադրությունը մի շարք այլ լուրջ հակամարտություններից, որոնք Թուրքիան ունի Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ։