ՆՈՐՕՐՅԱ ԱՐՑԱԽԸ՝ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ, ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
Հարցազրույց ԱՀ նախագահի թեկնածու Սերգեյ ԱՄԻՐՅԱՆԻ հետ
- Ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնի համար անցկացվելիք առաջիկա ընտրություններին։
- Հաշվի առնելով Արցախ աշխարհի և արցախահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, գնահատելով առկա իրողությունների կարևորությունը, խորապես գիտակցելով Արցախի ժողովրդի, ապագա սերունդների նկատմամբ ունեցած սեփական պատասխանատվությանս աստիճանը` որոշել եմ գալիք նախագահական ընտրություններում առաջադրվել՝ որպես ԱՀ նախագահի թեկնածու։
Հիրավի, բարդ է եղել որոշում կայացնելը, սակայն ճիշտ չեմ համարել դիտորդի դեր ստանձնելն ու պատասխանատվությունից խուսափելը։ Ես առաջադրվել եմ ինքնաառաջադրման կարգով և կաշկանդված չեմ կուսակցական շահերով ու թելադրանքներով։
- Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի ամենակարևոր դրույթները։
- Եթե լինեմ անկեղծ, բոլորն էլ կարևոր են ու իրագործելի։ Սակայն հրատապ և թիվ մեկ առանցքային խնդիրը սահմանների անառիկությունն է. Պաշտպանության բանակը համալրել գերժամանակակից զինտեխնիկայով, կառուցել արժանապատիվ Արցախ և ստեղծել յուրաքանչյուր արցախցու արժանապատվությունը հարգող հարաբերություններ։
- Արցախյան հիմնախնդրի լուծման Ձեր տեսլականը։
- Հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի համատեքստում չեմ տարանջատում Արցախի տարածքային ամբողջականության պահպանման, մեր քաղաքացիների, բնակավայրերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման ու Ադրբեջանի կազմից դուրս նրա կարգավիճակի իրավաչափությունը միջազգային հանրության կողմից ճանաչվելու խնդիրները։ Այդ խնդիրներից որևէ մեկի լուծումը չի կարող տեղի ունենալ մյուսների անտեսման հաշվին։ Նպատակին հասնելու համար կարող են կիրառվել տարբեր իրավաքաղաքական, դիվանագիտական, ռազմական ու տնտեսական բնույթի գործողություններ. կախված աշխարհաքաղաքական զարգացումների կոնկրետ ուղղվածությունից ու բովանդակությունից՝ կնախաձեռնվեն ձևավորվող նոր իրավիճակում մեր կողմից նախապատրաստված առավել արդյունավետ քայլերը։ Ձևավորվելու է այս հարցով զբաղվող մասնագիտական հատուկ թիմ։
- Ըստ Ձեզ՝ Արցախի ներկայիս Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի՞...
- Թող ավելորդ անհամեստություն չհնչի, ես ունեմ իրավաբան-իրավագետի մասնագիտություն, ուսումնասիրել եմ նախկին և գործող սահմանադրությունները (ունեմ հրատարակված հոդվածներ Սահմանադրական իրավունքից) և ունեմ այն տեսակետը, որ նախորդն ավելի ժողովրդավար էր։ Գործողը կարծես թե նմանվում է զինվորական կանոնադրության, որի ընդունումը խաթարել է Արցախի իրավական էությունը։ Գործող իշխանությունը նույնիսկ օրենքներ է ընդունել կոռուպցիան ապահովելու և կոռուպցիոն մեխանիզմները երաշխավորելու համար, ուստի Սահմանադրության փոփոխումը նույնպես տեղ է գտել մեր ծրագրում։
- Համոզվա՞ծ եք, որ ընտրվելու դեպքում կկարողանաք կատարել ընտրողներին տված Ձեր խոստումները։
- Ոչ միայն համոզված, այլև վստահ եմ, այլապես ընդդիմադրի իմ կեցվածքը կարժեզրկվի։ Այո՜, ընդհանրապես պետք է մերժել խոստումներ տալու և չկատարելու վարքագիծը։ Թույլ չտալ երբեք հուսախաբ եղած ժողովրդին կրկին փորձության ենթարկվել։
- Ձեր կարծիքով` ինչպիսի՞ երկիր ենք ունենալու հինգ տարի անց։
- Ծաղկուն Արցախ ունենալը ծրագրիս իրականացման արդյունքն է լինելու։ Նորօրյա Արցախը լինելու է իրավունքի հավասարության և օրենքի գերակայության երկիր։
- Ընտրվելու դեպքում առաջինը ի՞նչ հրամանագիր կուզենայիք ստորագրել։
- Կցանկանայի ստորագրել վերջին ինքնաձիգը թանգարանում դնելու և վերջին թնդանոթով կարկտաբեր ամպերը ցրելու հրամանը, այսինքն՝ խաղաղության։
- Ընտրողներին՝ ժողովրդին, ուղղված Ձեր խոսքը։
- Սիրելի՜ հայրենակիցներ, կխնդրեի ձեզ ձեր ձայնը տալ` բարոյական ու քաղաքական համակրանքից ելնելով։ Եկեք միասին վերակենդանացնենք մեռյալ ճահճի վերածված քաղաքական կյանքն Արցախում՝ վերջ դնելով պետության բարձրագույն պաշտոններում հլու կամակատարներ ՙընտրելու՚ ավանդույթին։