ԶԵՐԾ ՄՆԱԼՈՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՑ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՑ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Այս տարվա մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ընդառաջ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից։ Ինչպիսի՞ լիազորություններ, գործառույթներ և օպերատիվ արձագանքման գործիքակազմ և հնարավորություններ ունի ՄԻՊ-ը։ Այս և այլ մանրամասների վերաբերյալ զրուցել ենք ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի պետի պաշտոնակատար Տաթև ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։
Ինչպես նշել եք, Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում։ Ինչո՞վ են տարբերվում Պաշտպանի դիտարկման գործառույթներն անկախ դիտորդական առաքելություն իրականացնող իրավասու անհատների և պատվիրակությունների գործառույթներից։
-Ազատ ընտրությունների իրավունքը քաղաքական իշխանության չարաշահման դեմ ուղղված ժողովրդավարական բոլոր երաշխիքներից ամենահիմնարարն է։ Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը։ Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի կամ նոր պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը։ Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկումը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա։ Եթե չկա ահազանգ Պաշտպանի աշխատակազմում ձևավորած աշխատանքային խմբին, ապա դիտարկում ենք միայն սոցցանցերի, լրատվամիջոցների հրապարակումները, իհարկե, հնարավորինս կենտրոնանալով ընտրական և հարակից իրավունքների վրա։ Ընտրական ընթացակարգերին չենք միջամտում։ Ի դեպ, Պաշտպանն արդեն իսկ նախաձեռնել և իրականացնում է հանդիպումներ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է անկախ դիտորդական առաքելություն իրականացնողներին, նրանց առջև դրված առաջադրանքների իրականացումը չափազանց կարևոր է, և պետք է իրենց պարտականությունները կատարեն անկողմնակալ և թափանցիկ կերպով։ Նրանց ներկայությունը և պրոֆեսիոնալիզմը օգնում են ապահովել ընտրողների, ինչպես նաև միջազգային հանրության վստահությունը։
Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելության զեկույցները և ազգային իշխանություններին տրամադրվող խորհրդատվությունը լինեն դյուրըմբռնելի, իսկ դրանց առանձին գործողությունների փոխակերպելը՝ գործնականում հնարավոր։ Դա կօգնի նպաստելու եվրոպական չափանիշների և բարեխիղճ գործելակերպերի տարածմանը՝ ապահովելով առանցքային կապեր քաղաքականության, չափանիշների և իրականության միջև։ Միջազգային ընտրական չափանիշները պահպանելուն կնպաստի ժողովրդավարական ընտրությունների մասով հիմնական սկզբունքների իրականացման հարցերն ուսումնասիրելը, որոնց իրականացումը մշտադիտարկվում է տեղական և միջազգային դիտորդների կողմից։
-Ինչպիսի՞ լիազորություններ և գործիքակազմ ունի Պաշտպանը ընտրական գործընթացի դիտարկումը պատշաճ իրականացնելու և ի հայտ եկած թերություններին օպերատիվ արձագանքելու համար։
-Իր ունեցած հնարավորությունների, այսինքն՝ օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում Պաշտպանը լրատվամիջոցներով, հանրային աղբյուրներով հայտնի դարձած տեղեկություննների, թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ կպահանջի պարզաբանումներ համապատասխան պետական մարմիններից՝ փորձելով նպաստել արձանագրված խախտումների վերացմանը։
-Ի՞նչ ասել է մարդու իրավունքների մշակույթ, որը ընտրական գործընթացի դիտարկման շրջանակում երաշխավորելու է Պաշտպանը իր իրավասությունների շրջանակում։
-Ընդհանրապես, մարդու իրավունքների հռչակումից բացի՝ կարևոր է դրանց կենսագործումը, այսինքն՝ ստեղծվեն բարենպաստ պայմաններ դրանք կյանքի կոչելու համար, ապահովվեն դրանց պահպանությունը և պաշտպանությունը, վերացվեն այն արգելքները, որոնք խանգարում են մարդկանց՝ օգտագործելու իրենց հնարավորությունները։ Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքները պետք է լինեն երաշխավորված։ Երաշխիքները պայմաններ, կառուցակարգեր, եղանակներ ու միջոցներ են՝ ուղղված իրավունքների և ազատությունների կենսագործմանը, դրանց պահպանությանը, առանց որոնց մարդու իրավունքները կմնան բարի ցանկություն, պատվիրան և չեն կարող կատարել իրենց հասարակական առաքելությունը։ Անհրաժեշտ է բարելավել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ հաշվետվողականության մակարդակը, խուսափել էթիկայի կանոնների խախտումներից, երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ձևավորումը հասարակության մեջ և իրավապահ մարմիններում, միավորել պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ջանքերը՝ ապահովելով նաև քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Մեր գլխավոր նպատակը հիմնական իրավունքների և ազատությունների ապահովումն ու պաշտպանությունն է, որից բխում են հիմնական իրավունքների ու ազատությունների ոլորտի հետևյալ խնդիրները՝ իրավական ամրագրում (այսինքն` ճանաչում), պահպանում, պաշտպանություն, խախտված իրավունքների վերականգնում, բնակչության իրավական մշակույթի ձևավորում։ Բոլոր խնդիրները պետք է լուծվեն ներդաշնակ։ Դրանցից մեկի հետ մնալն անպայմանորեն ազդում է մյուսների արդյունավետության վրա։
-Ինչպես նշել եք Ձեր տարածած հաղորդագրության մեջ, պետությունն ունի պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը նաև առցանց տիրույթում։ Արդյո՞ք դա իրատեսական է, հատկապես որ նախընտրական շրջանում բավականին ակտիվացել են կեղծ օգտատերերը։ Վերահսկողական ինչպիսի՞ գործիքակազմ ունի պետությունը այդ առումով։
-Այս խնդրի լուծմամբ պայմանավորված խիստ սահմանափակ են պետության հնարավորությունները, քանի որ սոցիալական ցանցերը այսպիսի քաղաքականություն ունեն. օրինակ` ֆեյսբուքը, որտեղ սովորաբար չեն տրամադրում տվյալներ, բացառապես լուրջ հանցագործությունների դեպքում։ Որոշ չափով, կարծես, կան տեխնիկական հնարավորություններ, որոնց միջոցով ՀՀ-ում և ԱՀ-ում կարող են նաև բացահայտել կեղծ կամ անանուն օգտատերերին։ Պետությունը պետք է անի հնարավորինը և բացահայտի, եթե առկա է խախտում։
-Ընտրական գործընթացի հետ կապված հավանական իրավունքների խախտումների մասին ի՞նչ է պետք հավելյալ ծանուցել ընտրողներին։
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական լիարժեք իրականացնում է իրազեկման գործընթացը, ինչն էլ, կարծում եմ, բավարար է, մնում է միայն հետևել։
Պաշտպանի կոչն է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին, որ հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորեն հանդուրժողականություն ու հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից և բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները։