ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Տավուշի սահմանային գծին մարտի 6-ին տեղի ունեցած միջադեպի վերլուծությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած զինանձնակազմի կողմից։
Հյուսիս-արևելյան ուղղությունից Բաքուն այնուհետև անցավ Նախիջևանի սահմանին. մարտի 10-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանը։ Ցավակցություն և զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի հարազատներին՝ ԱԳՆ-ն արձանագրել է, որ վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին։ ԱԳՆ-ի բնորոշմամբ՝ իրավիճակը սրելու պարբերական փորձերն՝ ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները, վկայում են, որ տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ։ Նման գործողությունները նաև փաստում են, որ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդրումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ կարգավորման հետագա առաջմղման համար։
Միջադեպերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության մասին խոսվել է ավելի վաղ, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ միջազգային կառույցներում սկսեցին բարձրաձայնել ադրբեջանական վայրագությունների մասին, հարկ եղավ ևս մեկ անգամ Բաքվին հասկանալ տալ, որ նման արկածախնդրություններով հնարավոր չի լինի հասնել խնդրի հանգուցալուծման։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող պետություններն ընդունեցին, որ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրն այլևս առաջնահերթություն է։ 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։
Այն դեպքում, երբ խնդրի հանգուցալուծման վերաբերյալ կողմերի մոտեցումները բացարձակապես անհամատեղելի են և, բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև առ այսօր դասական իմաստով բանակցություններ գոյություն չունեն, կենսական նշանակություն է ստանում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Դա անհրաժեշտ է լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկը նվազեցնելու համար։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ մեկտեղ, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման խնդիր էր դրվել, ինչը կարող է նպաստել Արցախի և Ադրբեջանի սահմանին դիտարկումների առավել արդյունավետ իրականացմանը։ Ընդհանրապես, վստահության մեխանիզմի առկայությունը բավականաչափ կարևոր է՝ նոր պատերազմի բռնկումը կանխելու, հետևապես և` տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։
Ի տարբերություն հայկական կողմերի, որոնք ողջունեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները՝ համարելով դրանք հրադադարի ռեժիմի պահպանման արդյունավետ միջոց, Բաքուն համառորեն հրաժարվեց դրանցից՝ ի ցույց դնելով իր ապակառուցողական դիրքորոշումը։ Ընթացիկ իրադարձությունները և մասնավորապես Նախիջևանի սահմանին մարտի 10-ի միջադեպը ցույց են տալիս, որ Բաքուն հակված է ապակայունացնել իրավիճակը և, ինչպես ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում է նշվել, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը։ Թե ինչ օգուտներ պիտի դրանից քաղի Ադրբեջանը, թողնենք նրա երևակայությանը։
Արձանագրենք, որ վստահության մեխանիզմի ստեղծմանը հատուկ նշանակություն է տրվել նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, կոմիտեի անդամ Էլիոտ Էնգելը և ավելի քան 80 կոնգրեսականներ, կարևորելով վստահության մեխանիզմի ստեղծումը, կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով ագրեսիվ գործողությունները։ Անշուշտ, պատասխանատվության պիտի ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը մերժում է միջնորդների առաջարկությունները։
Անցյալ տարվա հուլիսին մեր հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքեց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ՙԱզգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին՚ օրենքում փոփոխության ընդունմանն առնչվող հայտարարությանը։ Կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության նախագծով վերահաստատվում էր ՙԷնգել-Ռոյս՚ նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Փաստաթուղթը նախատեսում էր շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդնում ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։ Ողջունելով այդ նախաձեռնությունը, պաշտոնական Ստեփանակերտը պատրաստակամություն հայտնեց միջազգային միջնորդներին տրամադրել արցախյան կողմի՝ սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Արցախից հավաստիացրել են, որ մշտական տեսադիտարկման այդ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս։ Պաշտոնական Ստեփանակերտը միաժամանակ ափսոսանք էր հայտնել, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների առաջարկությունները։ Փաստորեն, կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունների նախագիծը Ռոյս-Էնգել առաջարկությունների իրականացման համար էր։ Այդ նախաձեռնությունն էլ հավանության չարժանացավ Ադրբեջանի կողմից։
Վերադառնալով սահմանային իրավիճակին՝ նշենք, որ մարտի 12-ին Երևանում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունելով նրան՝ խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ։ Դեսպան Կասպշիկը պատրաստակամություն է հայտնել նոր սադրանքները բացառելու նպատակով առավելագույն ջանքեր գործադրել։
Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, որ պաշտոնական Երևանը միտումնավոր ձգձգում է բանակցությունները։ Հայտարարությունն էլ համեմում է տարածքային ամբողջականության մասին ադրբեջանական թեզով։ Մարտի 13-ին էլ Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ են կրակոցներ հնչել։ Դրանք լռել են միայն հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։
Ադրբեջանի փորձերը՝ ապակայունացնելու իրավիճակը Հայաստանի և Արցախի պետական սահմաններին, պետք է մտահոգեն միջնորդական առաքելություն իրականացնողներին, որովհետև այդ գործողություններն ակնհայտորեն նպատակաուղղված են բանակցությունների տապալմանը։ Եթե հարևան երկիրը դրան է ձգտում, այդ դեպքում Բաքվին ինչո՞ւ չհիշեցնել ՙՆոր պատերազմ՝ նոր տարածքներ՚ հայկական բանաձևը, ինչո՞ւ չասել, որ հակամարտության ռազմական լուծման փորձերն աղետալի հետևանքներ կունենան Ադրբեջանի համար։