1920Թ. ՇՈՒՇԻԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆ ԷՆՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԹԱԼԵԱԹՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Մեկ դար առաջ՝ 1920թ. մարտի 22-23-ը, թուրքական բանակի, նրա կողմից աջակցություն վայելող թաթարների և քրդական առանձին խմբավորումների միասնական ուժերով տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության սպանդ, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում ու թալան։ Հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն Շուշին հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20 հազար հայ սպանվեց։
1918թ. մայիսի վերջերին Անդրկովկասի երեք հանրապետությունների հռչակումից հետո Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը հավակնում էր բռնազավթել պատմական Հայաստանի տարածքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանին բացահայտ աջակցություն էր ցույց տալիս Օսմանյան Թուրքիան, որոշ ժամանակ հետո՝ Անգլիան, ավելի ուշ՝ Ռուսաստանը։ Քիչ է ասել, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապրում էին բարդ ու ճակատագրական ժամանակաշրջան։ Առաջին աշխարհամարտում Թուրքիան պարտություն կրեց՝ հող նախապատրաստելով մեր տարածաշրջանում բրիտանացիների տիրապետության համար։ Այն ժամանակ, երբ բրիտանական զինվորական հրամանատարությունը մուտք գործեց Անդրկովկաս, արցախահայության համար սկսվեցին բախտորոշ ժամանակներ։ Անգլիայի ներկայությունն արդեն իսկ աշխարհաքաղաքական մեծ խաղի վկայություն էր։ ՙՍև ոսկին՚ կարծես կանխորոշել էր ամեն ինչ. անգլիացիները պիտի դառնային Ադրբեջանի դաշնակիցը՝ Ռուսաստանի դեմ նրան օգտագործելու մտադրությամբ։ Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը (այնուհետև նրան փոխարինել է գնդապետ Շատելվորդը) Բաքվում էր, որի հետ համագործակցում էր Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառների գեներալ նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովը։ Վերջինս դիվանագիտական ճնշումներով, սպառնալիքներով, ուժ գործադրելով փորձում էր արցախահայությանը հպատակեցնել Ադրբեջանին։ Արցախցիների պատասխանը վճռական էր և հստակ՝ ո՜չ Ադրբեջանի իշխանությանը։ Չհաշտվելով այս իրողության հետ, Բաքուն սկսեց Ղարաբաղի հայության ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներ հնչեցնել։ Անդրկովկասում ԱՄՆ-ի զինվորական հրամանատարության ներկայացուցիչն իր վկայություններում նշել է, որ 1918-ի մայիսից Ադրբեջանի կառավարության դրածո Սուլթանովի գործունեությունը Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ բնույթ էր կրում։
1918թ. մայիսից էլ Ղարաբաղի հայության զանգվածային կոտորածի սկիզբը դրվեց։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ հանեց լրացուցիչ կանոնավոր զորամասեր և հազարավոր քուրդ ելուզակներ։ Ղարաբաղը հայտնվեց օղակի մեջ։ Գեներալ Սուլթանովը հունիսի 2-ին Շուշիի հայկական թաղամասում գտնվող գանձատունը և հեռագրատունը տեղափոխեց թուրքական թաղամաս։ Հաջորդ օրը թուրքական զորամասերը փակեցին Շուշիից դեպի Գորիս տանող խճուղին, այնուհետև լավ նախապատրաստվելով, Սուլթանովի հրամանով, սկսեցին Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը։ Այդ օրը քաղաքի թուրքական թաղամաս աշխատանքի մեկնած 50 հայերից վերադարձել են 7-ը, մնացածներին գազանաբար հոշոտել են։
Սուլթանովը հայերի ջարդ կազմակերպեց նաև մերձակա՝ Ղայբալիշեն գյուղում, որտեղ սրի քաշվեց 500 հայ։ Ժամանակակցի վկայությամբ՝ հայկական տների ավերակներում կիսախանձ դիակներ էին, գյուղի մոտ գտնվող մատուռում մորթվել էր 50 հայ, 700 բնակչից փրկվել էր մոտ 200-ը։ Մուսավաթական ու քրդական ավազակախմբերը, որոնց միացել էր նաև թաթարական խուժանը, հայերի կոտորածները շարունակեցին Փահլուր, Կրկժան, Ջամիլու բնակավայրերում։ Հունիսի 16-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցները ՀՀ կառավարությանը դիմում հղեցին, որում նշված էր, որ Սուլթանովի գլխավորած զորքերը ավերել են հայկական 6 գյուղ, սպանել 600 մարդ և սպառնում են արյան մեջ խեղդել Ղարաբաղը։ Փաստաթղթի հեղինակներն այդ իրադարձությունները բնորոշել էին որպես էնվերների և թալեաթների արյունոտ քաղաքականության շարունակություն։
Հունիսյան դեպքերին հաջորդող օրերին Ղարաբաղի գավառներում տեղի ունեցող գյուղացիական համագումարներում ընդունվում էին որոշումներ, որոնցում կոչ էր արվում դիմադրություն ցույց տալ և ոչ մի դեպքում չենթարկվել Ադրբեջանին։
Անդրադառնալով Արցախի համար օրհասական ժամանակահատվածի իրադարձություններին, միաժամանակ պարտավորված ենք զգում պահպանել անաչառություն և արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել։ Ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել։ Այդ օրերին Հայաստանի կառավարությունը չկարողացավ կամ իր մեջ համարձակություն չգտավ օգնության ձեռք մեկնել արցախահայությանը։ Ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին մի քանի որոշում ընդունեց, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։ Եվս մի փաստ. ճակատագրական այդ օրերին այստեղից օգնության ակնկալիքով պատվիրակներ գնացին Անդրանիկ զորավարի մոտ։ Նրան խնդրեցին օգնել արցախահայությանը թուրք-թաթարական կանոնավոր բանակի դեմ պատերազմում։ Անդրանիկն իր զորամասով ճանապարհվեց Գորիսի ուղղությամբ, շարժվեց դեպի Շուշի, սակայն անսպասելիորեն ընդհատեց ճանապարհը և հետ վերադարձավ։ Այդ իրողությունները, դժբախտաբար, բացասական ազդեցություն ունեցան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման վրա։
1920թ. գարնան սկզբներին Ադրբեջանում մշակվեց ուժային ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման ծրագիր։ Այդ նպատակով կենտրոնացվեց, ըստ պատմական աղբյուրների, մոտ 10 հազար զինվոր։ Մարտի 11-ին և 12-ին Բաքվից Ջեբրայիլի վրայով Ղարաբաղ և Զանգեզուր ուղարկվեց 90 վագոն զենք ու զինամթերք։ Մուսավաթական զորամասերը գրավեցին Ասկերանի անցուղին՝ ապահովելով Ադրբեջանի կապը Շուշիի հետ։ Մարտի 20-ին Սուլթանովը վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը՝ պահանջելով երեք օրվա ընթացքում կամավոր հանձնել զենքերը։ Այն անմիջապես մերժվեց։ Ղարաբաղի հայությունն արդեն պատրաստ էր պատերազմի՝ պաշտպանելու իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, նաև գիտակցելով, որ անհավասար կռվի պիտի ելնի թուրք-թաթարական բանակի դեմ։ Հարձակումն սկսվեց մարտի 22-ին։ Հակառակորդի ուժերը մի քանի անգամ գերազանցում էին հայկականին։ Աղբյուրների վկայությամբ՝ հազարավոր մարդիկ սպանվեցին, կանայք ու աղջիկներ անարգվեցին։ Շուշիի հայկական թաղամասը (7 հազար տուն) հիմնահատակ ավերվեց։ Մարտի 23-ին թուրքերն արյան խրախճանք էին կատարում քաղաքում. զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի։ Մահմեդական մոլեռանդությամբ հրդեհում էին հայերի տներն ու հասարակական շինությունները, կոտորում անզեն բնակչությանը։ Ղարաբաղի ազգային խորհրդի ներկայացրած տվյալներով՝ կործանված գյուղերից մոտ 20 հազար մարդ ապաստան գտան Վարանդայի, Դիզակի և Զանգեզուրի գյուղերում։
Թուրքը կոտորեց, ավերեց, հրդեհեց, սակայն հայի արժանապատվությունը չկարողացավ ոտնահարել։ Սուլթանովը կարգադրել էր զինվորական պահակախմբերին շրջել քաղաքի հայկական թաղամասում և ուժ ցուցադրելով՝ վախեցնել մարդկանց։ Թուրք սպայի գլխավորությամբ պահակախումբը ներխուժել էր հայկական մի տուն, որում նաև երիտասարդ ամուսիններ կային։ Ամուսնու ներկայությամբ թուրք սպան վիրավորում է գեղեցիկ հարսի արժանապատվությունը։ Հայ երիտասարդն իր զենքով սպանում է թուրք սպային։ Գազազած պահակախումբը հարձակվում և սրի է քաշում ընտանիքի բոլոր անդամներին։ Դրանից հետո թուրքերը կեղծ լուր տարածեցին, թե թուրքերին զինաթափ անելու մտադրությամբ հայկական մի ջոկատ է քաղաք մտել։
Շուշիի կոտորածներից ուղիղ մեկ դար անց քաղաքական գնահատական տալով այն ժամանակվա իրադարձություններին, վերահաստատում ենք, որ նախորդ դարասկզբի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության և նրա իրավահաջորդի՝ ներկայիս Ադրբեջանի նպատակը եղել և մնում է Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական բնօրրանից վտարելը։ Մերօրյա իրողությունները դիտարկելով 1920թ. մարտի իրադարձությունների ֆոնին՝ վերստին արձանագրում ենք, որ հայ ժողովրդի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։ Փոխվել են միայն ժամանակները, պայքարի ձևերն ու միջոցները։
Բայց ամենից առաջ փոխվել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու սահմանները։ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր բախվում են իրենց համար բավականին տխուր մի իրականության. հայկական երկու պետությունների, Հայոց հզոր բանակի դեմ այլևս երբեք հնարավոր չէ նման հրեշավոր ծրագիր իրականացնել։