Ի ՀԻՇԱՏԱԿ ՇՈՒՇԻԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ 1919-1920 ԹԹ. ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ
Մարտի 23-ին լրացավ Շուշիի կոտորածների 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ Ս. Հակոբ եկեղեցու քահանա տեր Մինաս Մովսիսյանը մի խումբ ծխականներով ուխտագնացություն կատարեցին այդ ժամանակաշրջանի կոտորածների ուղղիներով՝ Ստեփանակերտից Ղայբալիշեն, հետո էլ Շուշի՝ կատարելով անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգեր:
Հոդվածի նպատակն է համառոտ անդրադառնալ այն ժամանակաշրջանի իրադարձություններին, հայության կողմից կազմակերպած հաջողված և անհաջող պայքարին:
Ըստ ՀՀ ԳԱ պատմական ինստիտուտի գիտությունների դոկտոր Համլետ Հարությունյանի՝ 1918 թ. մայիսի վերջերին Ադրբեջանի նորաթուխ մուսավաթական կառավարությունը Արևելյան Հայաստանի գավառների գեներալ նահանգապետ հռչակված Խոսրով բեկ Սուլթանովի վարած քաղաքականությամբ` դիվանագիտական ճնշումներով, սպառնալիքներով, զինված ուժ գործադրելով ցանկանում էր արցախահայությունից կորզել Ադրբեջանին հպատակվելու համաձայնություն: Արցախցիների պատասխանը անփոփոխ էր ու հստակ. ՙՈչ` Ադրբեջանի իշխանությանը՚: Իրավիճակը փոխվեց, երբ Բրիտանական զինվորական հրամանատարությունը ներկայացուցչություն բացեց Շուշիում: Բնակչության զգոնությունը թուլացավ: Ժողովուրդն իր հույսը դրեց ներկայացուցչության վրա: Այս իրողության և հնարավոր հետևանքների մասին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահը նամակով իրազեկում է Բաքվի Հայոց ազգային խորհրդին՝ տագնապելով. ՙԱյդպես վարվելով չարաչար պիտի պատժվենք ու հիմնահատակ կործանվենք՚: Շուտով այդ տագնապը մարմնավորվում է: Միայն ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կանոնավոր զորամասերը և քրդական զինված խմբավորումներն ավելի քան 40 հարձակում կատարեցին հայկական բնակավայրերի վրա: Շուտով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց օղակի մեջ:
Հունիսի 2-ին Սուլթանովը Շուշիի թուրքական թաղամաս մտցրեց քրդական ելուքակներ՝ թվով 3 հազար մարդ, ինչպես նաև 1500 զինված թաթարական քոչվորներ: Համակողմանի նախապատրաստությունից հետո հունիսի 4-ի առավոտյան Սուլթանովի հրամանով սկսվեց Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, որը տևեց շուրջ 16 ժամ: Մուսավաթ զինվորները և քրդական բանդան մտան քաղաքի հայկական թաղամաս: Հայերը բռնել էին հայ-թուրքական սահմանագիծը: Թշնամին հարձակման անցավ միայն ՙՔերծի գլխի՚ ուղղությամբ, սակայն հայերը նրան հետ շպրտեցին, որի ժամանակ թուրքերից սպանվեցին մի քանի հոգի, իսկ հայերից` մեկ սպա: Ուրախությունը երկար չտևեց, քանզի բացահայտվեց, որ այդ նույն ժամանակ Ղայբալու գյուղում քրդերը կոտորում են հայերին: Այդ մասին հայտնեցին անգլիական միսիայի ներկայացուցչությանը: Արձագանք չկար:
Այդ ժամանակ Չիչյան Ասծատուրի առաջնորդությամբ մի ջոկատ ուղարկվեց ղայբալուցիներին օգնության: Խումբը, հասնելով կոտորածի վայր, հակահարձակումով իսկույն դուրս վռնդեց հրոսակներին: Շուշիում էլ երկու կողմերից զոհվեց 20 մարդ: Մուսավաթական ու քրդական բանդաները, նրանց հետ թաթարական խուժանը նոր արյունահեղություններ կազմակերպեցին նաև Կրկժան, Փահլուր, Ջամիլու գյուղերում` կոտորելով հարյուրավոր մարդկանց: Հունիսի 7-ին թշնամին հարձակվեց Քարինտակ ու Դաշուշեն գյուղերի վրա և, հանդիպելով բնակչության լուրջ դիմադրությանը, նահանջեց: Այդ իրադարձությունները արցախահայությանը մեկընդմիշտ համոզեցին, որ պետք չէ հավատալ անգլիացիներին ու դաշնակից մյուս երկրներին և հույսեր կապել նրանց հետ: Երևանից էլ Զանգեզուրի վրայով Ղարաբաղ ժամանեցին մի քանի սպաներ: Նրանք Վարանդայի Սարուշեն գյուղում հիմնեցին զինվորական շտաբ, որի պետ հաստատվեց Արսեն Միքայելյանը: Զինվորական հրամանատարները սկսեցին լրջորեն նախապատրաստվել ինքնապաշտպանության: Սակայն, ըստ Ա. Միքայելյանի, Ղարաբաղում զգալի տարաձայնություններ կային Շուշիի քաղաքային և գավառների բնակչության միջեւ: Քաղաքում բավականին ուժեղ դիրքեր ունեին բոլշեւիկները, էսէռները եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես էին գալիս Ադրբեջանի իշխանությունն ընդունելու օգտին: Իսկ գավառների բնակիչներն ավելի ռազմական էին, լի վրեժով ու ադրբեջանցիներին մինչև վերջ դիմադրելու վճռականությամբ:
Այս մթնոլորտում Ղարաբաղը գրեթե ամբողջովին շրջապատելուց և շուրջ 10 000 զինվոր ու սպա կենտրոնացնելուց հետո Սուլթանովը Շուշիում խորհրդակցություն է հրավիրում, որին մասնակցում էին Ղարաբաղի Ազգային խորհրդի մի շարք անդամներ, նահանգապետին կից Խորհրդի հայ ներկայացուցիչներ: Նա պահանջում է անհապաղ ու վերջնականապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը և նախատեսված համագումարը անցկացնել Շուշիում: Սակայն համագումարի գավառի անդամները հավաքվում են Շոշ գյուղ` կտրականապես հրաժարվելով գնալ Շուշի: Գավառի և քաղաքի միջեւ բանակցություններն արդյունքի չեն բերում:
Ադրբեջանի կենտրոնական իշխանության հրահանգով Սուլթանովը 1920 թ. մարտի 20-ին վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը, ըստ որի՝ երեք օրվա ընթացքում նրանք պիտի կամավոր հանձնեին զենքերը: Ղարաբաղի բնակչությունը վճռականորեն մերժեց վերջնագիրը:
Մարտի 22-ին Ադրբեեջանի սահմանի ամբողջ երկայնքով` Գանձակից մինչև Զանգեզուր, ծավալվեցին մարտական գործողություններ: Ասկերանի, Խանքենդիի, Դիզակի հրամանատարները կենաց ու մահու կռիվ էին մղում մի քանի անգամ թվաքանակով գերազանցող հակառակորդի դեմ: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կիզակետը դարձավ Շուշիի հայ ազգաբնակչության սպանդը: Ինքնապաշտպանության մարմնի անդամ Արսեն Միքայելյանի վկայությամբ՝ Շուշիում կար շուրջ 400-հոգանոց հայկական զինուժ, որը պետք է կարողանար գոնե մասամբ ապահովել քաղաքի պաշտպանությունը: ՙՔաղաքը, սակայն, չի կարողանում օգտագործել այդ ուժերը։ Ինքնապաշտպանական մարմինը անգիտակ է իրերի կացությանը... Եկող օգնական ուժերը գործում են ինքնագլուխ, իսկ քաղաքի ազգաբնակության մի մասը, գլխավորապես Ադրբեջանի կողմնակիցները՝ գլխավորությամբ հայտնի ռուսամոլ և թուրքամոլ Գիգի աղայի, սկսում են խանգարել կարևոր դիրքերը գրավելուն և հայտարարում, թե հայկական կոտորած չի լինի՚,- գրում է Միքայելյանը՝ հավելելով, որ դիմադրությունը չուներ կազմակերպիչ:
Մարտի 23-ին ադրբեջանցիները սկսում են այրել հայերի տները, և շուտով կրակը տարածվում է ամբողջ հայկական թաղամասում: ՙՄարդկանց մի մասը, օգտվելով մառախուղից, շարժվում է դեպի Քարինտակի ճանապարհը, սակայն շատերը հավաքվում են Բեգլարյանենց ընդարձակ բակում, որտեղ Գիգի աղան կրկին հայտարարում է, թե Սուլթանովը ոչ ոքի ձեռք չի տալու՚: Զարեհ Մելիք-Շահնազարյանն ու իր հինգ ընկերները հերոսական դիմադրությունից հետո հասնում են նշված տան մոտ, տեսնում բակում հավաքված մարդկանց և կոչ անում միանալ իրենց ու նահանջել դեպի Քարինտակ։ Սակայն նրանց հետևում է փոքրամասնությունը, մեծամասնությունը՝ հավատալով Գիգի աղային, մնում է Բեգլարյանենց բակում:
Կրկին ու կրկին համոզվում ենք Չարենցի ճշմարիտ արտահայտությանը. ՙՈվ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է՚: Ցավոք, ինչպես տեսանք, տարաձայնությունների պատճառով ինքնապաշտպանական գործողությունները կրեցին տարերային բնույթ, և ունեցանք շատ ավելի զոհեր, մեծապես՝ Շուշիում, որտեղ, կարծում ենք, բարեկեցիք կյանքը ևս թուլացրեց պայքարի ոգին:
Կազմեց
Էմմա ԲԱԼԱՅԱՆԸ