ԲԱՔՈՒՆ՝ ԱՄԵՆ ԻՆՉ, ԱՐՑԱԽԻՆ՝ ՈՉԻՆՉ
Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՀ վաստակավոր իրավաբան
Երբեք ու երբեք դիմացինիդ
քեզնից ավելի ապուշ մի կարծիր։
Դիվանագիտական սկզբունք
Մյունխենի անվտանգության համաժողովում (15.02.2020թ.) Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քննարկում-բանավեճը ողջունելի քայլ պետք է համարել՝ երկու երկրների առաջին դեմքերի միջեւ բաց զրույց ունենալու համատեքստում։ Անշուշտ, ցանկացած հանդիպում օգնում է միմյանց լսելու, հասկանալու եւ դիմացինին իր ասելիքը հասցնելու համար։ Հանդիպումը, դրականից բացի, բովանդակում է նաեւ բացասական արձանագրումներ։ Եվ մտահոգիչն այն է, որ Ադրբեջանի ղեկավարը հակամարտության նախապատմության եւ կարգավորման մոտեցումներում պատմական փաստերը ներկայացնում է ակնհայտ խեղաթյուրված ձեւով՝ հարազատ մնալով ստի, խորամանկության, հմայքի եւ դավի արվեստի գաղափարին։ Հանուն պատմական ճշմարտության փորձենք անաչառ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարի մի քանի կեղծարար մտքերի իրական և իրավական կողմերը՝ հիմք ընդունելով ոչ թե հայկական, այլ՝ օտար աղբյուրները։
Սկսենք ըստ ժամանակագրության եւ դիմենք փաստերին։
ՙՀայերի կողմից բռնագրավված յոթ շրջաններում երբեւէ հայ բնակչություն չի եղել՚։ Իրականում այդպե՞ս է։ Պատմական փաստերը վկայում են, որ Միջին դարերում եկվոր իսլամադավան ցեղերի՝ սելջուկների, մոնղոլ–թաթարների եւ թուրքմենների նվաճողական քաղաքականության արդյունքում Արեւելյան Անդրկովկասում տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական տարրերը։ Չնայած դրան, երկրի հարթավայրային մասում իրենց գոյությունը պահպանեցին քրիստոնեական ստվար հատվածներ՝ հայերից եւ աղվաններից բաղկացած։ Արեւելյան Անդրկովկասի լեռնային մասի՝ Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Դիզակի եւ այլ իշխանները մտնում էին Բագրատունյանց թագավորության մեջ։ Առաջին եվրոպացին, ով գրառումներ է թողել դաշտային Ղարաբաղի մասին (1420թ.) Հովհան Շիլտբերգերն է։ Ըստ նրա՝ Կուր գետը հոսում է հարթավայրային Ղարաբաղով և չնայած այն գտնվում է Հայաստանում, բայց պատկանում է հեթանոսներին, որոնց հայկական գյուղերը ստիպված հարկ են վճարում։ Եվրոպացի մեկ այլ ճանապարհորդ, Իոսաֆաթ Բարբարոն, 1476թ. լինելով Շամախի քաղաքում, գրել է, որ քաղաքը գտնվում է Մեծ Հայքում, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։ 1960-1964թ.թ. ընթացքում Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիաների միացյալ արշավախմբի հայ անդամների կողմից պատմական Արցախ նահանգում հայտնաբերվեցին, վերծանվեցին, գծագրվեցին եւ լուսանկարվեցին 1071 հայերեն արձանագրություններ, իսկ ադրբեջանցիները, շուրջ 50 արաբատառ պարսկերեն տապանաքարերից բացի, ադրբեջանական ոչինչ չգտան։ Հարց է ծագում՝ եթե հայերը ՙգրավյալ՚ տարածքներում երբեւէ չեն բնակվել, ապա ովքե՞ր են կառուցել Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Կավաքը, արցախյան Տիգրանակերտը եւ այլն։ Այսքանը բավական է հիշեցնելու մեր հարեւաններին, թե ովքե՞ր են պատմական Արցախի բնիկ տերերը եւ ովքե՞ր՝ եկվորները։
ՙՂարաբաղի խանությունն ադրբեջանական պետություն է եղել, որի բնակչության կազմում հայերն աննշան մաս են կազմել՚։ Այս հարցում մեզ օգնում են իսլամադավան երեք պաշտոնյա, ովքեր, տարածական եւ գաղափարական առումով, շատ հեռու են ՙբունիաթովյան դպրոցին՚ հետեւող ադրբեջանցի պատմագիրներից։ Առաջինը ցարական բանակի սպա Միրզա Ադիգյոզալն է, ով շարադրել է Ղարաբաղի պատմությունը, որից նկատելի է, որ Նադիր շահի՝ Մուղանի դաշտում կազմակերպած հանդեսների (1736թ.) ամենահեղինակավոր հյուրերից մեկը Դիզակի մելիք Եգանն էր, ով նույնիսկ կերակրում էր շահական բանակը՝ որքան ժամանակ այն մնաց Մուղանում։ Շահի համակրանքը գրավել էր նաեւ Ջրաբերդի մելիք Ալլահ–Ղուլին, որի քաջագործությունների համար շահը նրան ՙսուլթանի՚ տիտղոս էր շնորհել։ Ադիգյոզալն ՙԱդրբեջան՚ աշխարհագրական տարածքի տակ նկատի է ունեցել Իրանի հյուսիսային մասը՝ Ատրպատականը։ Ուրիշ բան լինել չէր կարող, որովհետեւ Անդրկովկասում ՙԱդրբեջան՚ վարչաքաղաքական միավորը ծագել է 20-րդ դարում։ Հաջորդ պատմագիրը, ով նույնպես շարադրել է Ղարաբաղի պատմությունը, 1797-1822թթ. Ղարաբաղի խանության առաջին վեզիր Ահմեդ Ջիվանշիրն է։ Վերջինս ճշտորեն նկարագրել է Ղարաբաղի մարզի սահմանները, Խամսայի մելիքությունների կարգավիճակը, նրանց կախվածությունն Ատրպատականի սարդարից, Խաչենի մելիքի զինուժը (2 հազար կռվող) եւ այլն։ Միայն մտոք կույրը կարող է չնկատել, որ Արցախի հայկական մելիքությունները համադաշնության մեջ են եղել եւ, որպես քաղաքական ուժ, հարգված Նադիր շահի կողմից, իսկ Դիզակի մելիք Եգանին շահը խանի տիտղոս էր շնորհել։ Ակնհայտ է, որ հինգ մելիքությունները, վտանգի պահին, կարող էին թշնամու դեմ մինչև 10.000-անոց զորք հանել։ Էլ ու՞ր մնաց Ադրբեջանի նախագահի մերկապարանոց հայատարարությունը, թե իբր Ղարաբաղում հայերը չնչին թիվ են կազմել։
Նադիր շահի սպանությունից (1747թ.) հետո Պարսկաստանում կատարյալ անիշխանություն էր, ինչի արդյունքում երկրի հյուսիսում եւ Այսրկովկասում առաջացան 20-ից ավելի խանություններ։ Այդ կործանարար երևույթը սկիզբ էր առել նաեւ Արցախի մելիքություններում, որոնց պառակտիչ գժտություններին ուշադրությամբ հետևում էր Փանահ-Ալի անունով թափառական մի ցեղի առաջնորդ, ով կարողացավ նորաթուխ Ադիլ շահից Ղարաբաղի խանի տիտղոս կորզել եւ քանդել Արցախի մելիքությունների միաբանությունն ու Վարանդայի մելիք Շահնազարի աջակցությամբ բնավորվել Շոշ գյուղի հանդիպակաց սարահարթում, որը հին բնակատեղի էր, և որտեղ դեռևս 16-րդ դարում Տեր-Մանվելի կողմից Ավետարան է ստեղծվել: Փանահը դավաճան մելիքի հետ համատեղ վերակառուցեց հին բերդը՝ տալով նրան Շուշա(հայերեն՝ Շուշի) անունը։ Մելիքների անմիաբանության պատճառով նվաճվեց Ղարաբաղի լեռնաստանը, որտեղ եւ թափառական ցեղերը բուն դրեցին։ Այսպես, (Քոլանի) քրդական ցեղը բնակեցվեց ներկայիս Քարվաճառի տարածքում՝ Դադիվանքը վերածելով ոչխարների մակաղատեղիի։ Կարծում ենք՝ այսքանը բավարար է եզրահանգելու, թե ինչպես վերակառուցվեց Շուշիի բերդը, եւ մահմեդական տարրերը հայտնվեցին Ղարաբաղում։
ՙԿուրակչայի, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի միջազգային պայմանագրերում հայերի մասին որևէ խոսք չկա՚։ Այդ երեք պայմանագրերում ադրբեջանցիների մասին էլ որեւէ խոսք չկա՝ որպիսիք գոյություն չունենալու հասարակ փաստով: Պարզապես Շուշիի խանը, վասսալական կախվածության մեջ գտնվելով Պարսկաստանից եւ, զգալով առաջ խաղաղացող ռուսական զորքերի ուժը, ընդամենը փոխել է իր տիրոջը եւ ռուսական ցարին հավատարմության երդում տվել, ինչն էլ ձեւակերպվել է Կուրակչայի (1805թ.) դաշնագրով: Կուրակչայի պայմանագիրը ստորագրած գեներալ Ցիցիանովին հիշատակողը երևի չի իմանում, որ այդ նույն գեներալի՝ ռուսական ցարին ուղարկած զեկույցներում նշվում է, որ Ղարաբաղում 40-60 հազար հայ ընտանիք է բնակվում։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտանիք առնվազն 5-6 անդամ է ունեցել, ապա ինչպե՞ս կարելի է այդքան հայ բնակչություն ունեցող երկրամասն ադրբեջանական անվանել։ Նույն անհեթեթ տրամաբանությամբ կարելի է պնդել, որ 9-11-րդ դարերում բյուզանդական կայսրությունը հունական պետության չի եղել, քանի որ այնտեղ երկու դար անընդմեջ իշխում էր հայկական հարստությունը։
ՙԵթե Ղարաբաղը հայկական տարածք է, ապա ինչո՞ւ նախկինում այդ տարածքում որևէ հայկական քաղաք չի եղել՚։ Այս պնդումն Ադրբեջանում հայերին եկվոր ժողովուրդ ներկայացնելու նպատակ է հետապնդում։ Բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Միջնադարում, մի քանի հարյուրամյակ, Արցախ-Ուտիքյան հայաշխարհի մայրաքաղաքը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղվանից թեմի կաթողիկոսական աթոռանիստ կենտրոնը հայոց հինավուրց Պարտավ (արաբերեն եւ թուրքերեն՝ Բարդա) քաղաքն է եղել՝ իր հայ բնակչությամբ, հայ հայրապետներով, հայ իշխաններով եւ մշակույթի հայկական կոթողներով։ 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ Իսթահրին ՙԹագավորական ճանապարհների մասին՚ գրքում նշում է, որ Պարտավի բնակիչները ծագումով հայեր են, եւ որ Պարտավից մինչեւ Դվին ճանապարհն անցնում է հայերի հողերով, որոնք պատկանում են հայոց արքա Սմբատին։ Միրզա Ջիվանշիրը նույնպես գտնում է, որ Ղարաբաղի մարզում կառուցված առաջին քաղաքը Պարտավն էր, որի բնակիչները նախկինում հայեր են եղել։ Մեկ այլ պատմական հայկական քաղաքի ավերակները հայտնաբերվել են ներկայիս Մարտակերտի շրջանի հարավ-արեւելքում, Խաչեն գետի աջ ափին։ Քաղաքը կառուցվել է հայոց արքա Տիգրան մեծի կողմից՝ կրելով նրա անունը։ Ռուսական բանակի սպա Բաքիխանովը պարսկերեն լեզվով շարադրած ՙԳյուլիստանի Իրամ՚ գրքում միանգամայն ճիշտ արձանագրել է, որ Արեւելյան Այսրկովկասի մահմեդական տարրերն արաբների, պարսիկների, թուրքերի եւ մոնղոլների հետնորդներն են հանդիսանում։ Ինչ վերաբերում է ՙադրբեջանցի՚ վիճելի էթնոսին, ապա դա 1936թ. ստալինյան Սահմանադրության արտադրանք է։ Ավելի վաղ նրանք կոչվել են թուրքեր, կովկասյան թաթարներ կամ մուսուլմաններ, եւ նույնիսկ ստալինյան համակենտրոնացման ճամբարներում մինչեւ 1939թ. ադրբեջանցիներին գրանցում էին ՙայլ ժողովուրդներ՚ սանդղակի ներքո։
ՙՀայերը զավթիչներ են եւ բռնագրաված տարածքներում էթնիկական զտման են ենթարկել ադրբեջանցիներին՚։ Այս պարագայում Բաքուն փորձում է ցավթիչից անցնել զոհի կարգավիճակի, մոռանալով, որ իր կողմից սանձազերծած պատերազմում, 1992թ. հունիս–հուլիս ամիսներին նախկին ինքնավար մարզի տարածքի կեսից ավելին բռնազավթվել էր Ադրբեջանի կողմից. ընկել էին Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Ասկերանի եւ Հադրութի շրջանների մի շարք բնակավայրեր։ Ռումբերը թափվում էին Ստեփանակերտ քաղաքի վրա։ Ադրբեջանական բանակում հայ ժողովրդի դեմ կռվում էին հազարավոր աֆղան, չեչեն եւ այլազգի վարձկաններ։ Գերի ընկած վարձկան մոջահեդ Բաբերզաիդը հայտնել է, որ Ադրբեջանի բանակում եղել է ավելի քան 2500 մոջահեդ։ Աղդամի ուղղությամբ չեչեն վարձկաններին առաջնոորդում էր տխրահռչակ Շամիլ Բասաևը։ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, վարձկան օդաչու Յուրի Բելիչենկոն, 1992թ. հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 20-ը 16 ավիաթռիչք է կատարել Արցախի տարածքի վրա՝ ռմբակոծելով հանրապետության բնակավայրերը եւ կենսական նշանակության օբյեկտները։ Մի՞թե նման պայմաններում հայերն ինքնապաշտպանության իրավունք չեն ունեցել։
ՙՇահումյանի շրջանը երբեւէ Լեռնային Ղարաբաղի կազմում չի եղել՚։ Բերենք հակառակը հաստատող անհերքելի փաստեր։ Պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկը՝ Գյուլիստանը, տարածվել է Գանձակ (ներկայիս՝ Գյանջա) քաղաքից մինչեւ Թարթառ գետը՝ ընդգրկելով Խորհրդային Ադրբեջանի կազմում 1923թ. ստեղծված Խանլարի եւ Շահումյանի շրջանները։ ՙԼեռնային Ղարաբաղի պետական անկախության հիմունքների մասին՚ սահմանադրական օրենքում (08.01.1992թ.) ամրագրված է հանրապետության տարածքը՝ ներառելով մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Շուշիի շրջանները։ Բնական է՝ Շահումյանի շրջանը պետք է մտներ նորաստեղծ հանրապետության տարածքի մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում։ Ցավոք, հետագա իրադարձություններն այլ ընթացք ունեցան։ Խորհրդա-ադրբեջանական ՙՕղակ՚ ահաբեկչական ռազմագործողության արդյունքում Հյուսիսային Արցախը հայաթափվեց, եւ Ադրբեջանի ղեկավարությունը Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը բռնակցեց Կասում-Իսմայլովի շրջանին՝ ստեղծելով նոր Գերամբոյի շրջան։
Մյունխենյան հանդիպումը ցույց տվեց, որ Բաքուն ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ հայերին չթողնելով ոչինչ։ Նա նույնիսկ չի ընդունում 1988թ. իրերի վիճակը։ Այդ առումով վերջերս (25.02.2020թ.) Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հեգնանքով ասել է, թե՝ ՙհայերը չեն իմանում՝ ի՞նչ են ուզում, մեկ ասում են՝ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, մի ուրիշ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է։ Նրանք չեն իմանում, ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը։ Մենք կարող ենք հայտնել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է՚։
Մենք էլ մեր հերթին կարող ենք հայտնել, որ Արցախի ժողովուրդն իր ուզածը վաղուց է ստացել՝ իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը։ Եվ եթե Բաքուն Արցախ է տենչում, ապա Արցախն իր անկախ պետականությունն է կերտում՝ շենացնելով իր սուրբ Հայրենիքը։