1990թ. ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ԴԵՐԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ավետիք Հարությունյան,
ՙԱՐՑԱԽ՚ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ.-ի ապրիլի 3-ին, ընդունվեց մի կարևոր իրավական փաստաթուղթ, որն առանցքային նշանակություն ունեցավ ԽՍՀՄ կազմում գտնվող երկրների անկախացման գործում. խոսքը թիվ 1409-1 ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքի մասին է, որի ընդունման նպատակի վերաբերյալ առկա է երկու հակադիր մոտեցում. 1. այն ընդունվել է ԽՍՀՄ լուծարման իրավական գործընթացն առանց ցնցումների իրականացնելու համար, 2. օրենքի ընդունումը նպատակ էր հետապնդում անկախանալու ընթացակարգը բարդացնելու միջոցով ձգձգել ԽՍՀՄ քայքայումը։ Ինչպես տեսանք, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Օրենքի իրավաքաղաքական ենթատեքստն էր կանխել միութենական հանրապետությունների քաղաքական նկրտումներն այն ինքնավար կազմավորումների ժողովուրդների նկատմամբ, որոնք իրենց տարածքներով գտնվում էին միութենական հանրապետությունների սահմաններում։
Հենց նշված Օրենքի հիման վրա է իր անկախությունը հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը և իրականացրել հետագա ժողովրդավարական գործընթացները։
Այսպես, ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 72 հոդվածը սահմանում էր, որ ՙՅուրաքանչյուր միութենական հանրապետություն իրավունք ունի ազատորեն դուրս գալու ԽՍՀՄ կազմից՚։ Հիմք ընդունելով Սահմանադրության նշված հոդվածը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ օրենքը։ Հարկ ենք համարում նշել, որ ԼՂՀ անկախության հռչակման առումով շատ կարևոր է նաև ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որում խոսվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության կերտման փիլիսոփայությունն աչքի է ընկնում մի կարևոր առանձնահատկությամբ, ինչն էլ ամբողջ գործընթացը դարձնում է անխոցելի. անկախության ամբողջ գործընթացն իրականացվել է ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը խիստ համապատասխան։
Այսպես, ԽՍՀՄ-ում ձեռնարկված ՙօգոստոսյան պուտչ՚-ի ձախողումից հետո՝ 1991թ. օգոստոսի 30-ին, ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր ՙԱդրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին՚, ինչին հաջորդեց 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի հրավիրումը, որի ընթացքում ընդունվեց ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին՚ հռչակագիրը։
Ի թիվս այլ արձանագրումների՝ Հռչակագրի 4-րդ կետում հղում է կատարվում ԽՍՀՄ օրենսդրությանը. ՙՀիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և համահավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը՚։ Տվյալ պարագայում հղում է կատարվել Օրենքի 3-րդ հոդված առաջին մասին, ըստ որի՝ ՙԻր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին։ Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀ Միությունում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու մասին հարցի ինքնուրույն լուծման, ինչպես նաև իր պետական-իրավական կարգավիճակի մասին հարց դնելու իրավունքը՚։ Հիշյալ դրույթը կարելի է համարել Հռչակագրի ՙկորիզն՚ այն իմաստով, որ հենց դա է իրավական հիմք հանդիսացել ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով անկախություն ձեռք բերելու և պետություն ստեղծելու համար։
Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական որոշ աղբյուրներում ՙկասկածի՚ տակ է դրվում ԼՂՀ-ի պարագայում 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի կիրառման վերաբերելիության հարցը։ Սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե արդյո՞ք ԼՂՀ-ն խախտել է այն միջազգային իրավական ակտերի դրույթները, որոնք ընդունվել են վերոհիշյալ օրենքից ավելի վաղ. խոսքը 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ և ՙՏնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին՚ միջազգային դաշնագրերի մասին է, որոնց 1-ին հոդվածում սահմանված է. ՙԲոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը՚։
Նշված օրենքն իր դերակատարությունն է ունեցել ոչ միայն ԼՂՀ հռչակման, այլև հետագա ժողովրդավարական գործընթացների, մասնավորապես՝ անկախության հանրաքվեի նախապատրաստման ու կազմակերպման ընթացքում։
Այսպես, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի 1991թ. նոյեմբերի 27-ի 12-րդ նստաշրջանի 12-րդ նիստի որոշման 1-ին կետով որոշում է կայացվել ՙ1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե՚։ Ընդ որում, հանրաքվեի անցկացմանը վերաբերող որոշման մեջ հղում է կատարվել 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքի 3-րդ հոդվածին։ Ի դեպ, հանրաքվեին միջազգային դիտորդների մասնակցությունը ևս օրենքի 5-րդ հոդվածի պահանջն էր, որի համաձայն որոշում էր կայացվել ՙԼեռնային Ղարաբաղի տարածք դիտորդներ հրավիրել միութենական հանրապետություններից, արտասահմանյան պետություններից և միջազգային կազմակերպություններից՚։
1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը, իրավաբանորեն հաստատեց անկախության հռչակումը և դրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հիմքերը։
Այսպիսով, ԼՂԻՄ-ն այն եզակի ինքնավարությունն էր, որը միութենական հանրապետությունների համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ձեռք է բերել անկախություն, ինչը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, մասնավորապես՝ հիշյալ օրենքին։ Օրենքը բոլոր սուբյեկտների և դրանց կազմում գտնվող կազմավորումների համար ստեղծել է հավասար հնարավորություններ, և եթե Ադրբեջանի կամ անկախացած այլ երկրի համար օրինական է օրենքին հետևելն ու անկախանալը, ապա այն համարժեք նշանակություն ու կիրառություն ունի նաև ԼՂՀ-ի համար։ Այդ է նաև պատճառը, որ մեր արևելյան հարևանի կողմից ԼՂՀ անկախության իրավաչափության վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ չեն ներկայացվում և չեն կարող ներկայացվել։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության պետականության կերտման ու ժողովրդավարական գործընթացների երեք տասնյամյակների փորձն ու անցած ուղին վկայում են, որ Արցախը կենսունակ ու շարունակաբար զարգացող օրգանիզմ է, և առկա նախադրյալներն աստիճանաբար կնպաստեն միջազգային ճանաչմանը։ Համոզված ենք, որ հիշյալ Օրենքի պահանջներին համապատասխան ԼՂՀ անկախության հռչակումը համայն հայության և արդարության ջատագով ժողովուրդների ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարժանանա միջազգային հանրության դե յուրե ճանաչմանը։