[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում համապետական ընտրություններն ավարտվեցին, քվեների հաշվարկ է...

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

  Արցախի հանրապետության համապետական ընտրություններն ավարտվեցին:  Առջևում քվեների հաշվարկն է և դեռ պարզ չէ՝ դրանք ավարտվեցին մե?կ փուլով, թե՞ երկրորդ փուլ ևս կլինի:   

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում առաջին անգամ, միաժամանակ  կայացան և նախագահական, և խորհրդարանական ընտրություններ: ԱՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար պայքարում էին  14  թեկնածուներ: Համապետական ընտրությունների արդյունքում կձևավորվի երկրի յոթերորդ գումարման  Ազգային ժողովը: Պատգամավորական 33 մանդատի համար մասնակցության հայտ են ներկայացրել տասը կուսակցություն և  երկու դաշինք:

Հիշեցնենք, որ . բացվել էին 281 ընտրատեղամասեր, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 103 հազար 663 քաղաքացի:

Այս  ընտրությունների մասնակից  նախագահի և  ԱԺ պատգամավորի թեկնածուներն ակտիվ քարոզարշավ էին տանում. մրցապայքարի բնականոն հունը փոխեց վերջին ամիսներին աշխարհում տարածվող կորոնավիրուսային վարակը, որի հետ կապված՝ ընտրությունների անցկացմանը Արցախում միանշանակ չարձագանքեցին տարբեր ուժեր. մի մասը պնդում էր, որ այն պետք է չեղարկվի կամ հետաձգվի և մեղադրում է  իշխանություններին քաղաքական շահերը ժողովրդի անվտանգությունից վեր դասելու համար, մի մասն այն կարծիքին է, որ  ընտրությունների չեղարկումը կամ հետաձգումը վտանգավոր են և պետք է առկա ռիսկերը հաշվի առնելով և  համավարակի կանխարգելման միջոցներ ձեռնարկելով, դրանք այնուամենայնիվ կայանային: 

Մտահոգություն կար, որ համավարակով պայմանավորված խուճապի   պատճառով ընտրողների չնչին քանակ կապահովվի քվեարկության օրը:

Այնուամենայնիվ,  ընտրությունների մեկնարկը տրվել է, և զարմանալիորեն, ընտրողների ակտիվությունը  գերազանցել է սպասվածին: Հանձնաժողովներում ընդգրկված աշխատակիցները, որոնցից շատերն ընտրությունների ժամանակ աշխատելու մեծ փորձ ունեն, վկայում են, որ երբևէ այսքան ակտիվ արցախցի ընտրողը չի եղել:    Կենտրոնական  ընտրական  հանձնաժողովի տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել էր արդեն 26037 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 24,9 տոկոսը:  ժամը 14.00-ի դրությամբ, այդ թիվն արդեն հատել էր 50 հազարի սահմանը՝ կազմելով 50534: Դա ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսն է:    Ժամը 17.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել էր արդեն  66731 ընտրող կամ ընտրողների 63,8 տոկոսը:   

Մենք հետևեցինք ընտրությունների ընթացքին մայրաքաղաք Ստեփանակերտում,  լինելով   Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված  թիվ 1/4 և 1/5 , Գյուղատնտեսական քոլեջում տեղակայված 1/8 և 5-րդ դպրոցում տեղակայված 1/22 ընտրատեղամասերում, զրուցեցինք հանձնաժողովի նախագահների,  առաջադրված թեկնածուների վստահված անձանց, դիտորդների հետ: Վերջիններիս դիտարկմամբ, ընդհանուր առմամբ բացթողումները կոպիտ չեն, որևէ օրինախախտում չեն արձանագրել: Ընտրատեղամասերից մեկում ՙԱրդարություն՚ կուսակցության և Մասիս Մայիլյանի  վստահված անձերը խոսեցին իրենց կողմից արձանագրված խախտման մասին՝ քվեարկողի կողմից իր քվեաթերթիկը նկարելու վերաբերյալ և ասացին, որ համապատասխան  ձևով օրվա վերջին դիմելու են պատկան մարմիններին:

Հանձնաժողովների նախագահները նշել են,  որ ընտրություններն անցնում են բնականոն հունով,  ակտիվությունը մեծ է, աշխատում են ծանրաբեռնված, քանի որ ի թիվս այլ պարտականությունների, պետք է կատարեն  նաև վարակի կանխարգելման  վերաբերյալ հրահանգները: Վերջինը պարտականություններից թերևս ամենադժվարն է, քանի որ չնայած գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, քաղաքացիները միշտ չեն հետևում դրանց, հաճախ անտեսում են դիմակներ ու ձեռնոցներ հագնելու պահանջը, կուտակումներ են առաջանում տեղամասում:

1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կուտակումները  երբեմն խանգարում են բնականոն աշխատանքին և ինքը ստիպված է լինում միջամտել՝  կոչ  անելով ընտրողներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ միաժամանակ պահպանելով անվտանգության կանոնները:  

Այս ընտրատեղամասում առավոտյան ժամը 10-ին, տիկնոջ հետ իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որ լրագրողների հետ զրույցում նշեց, որ   այդ կարևորագույն քաղաքական իրադարձությունը՝ համապետական ընտրությունները ևս մեկ կարևոր  քայլ է համարում  Արցախի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար: ՙԱյսօր յուրաքանչյուրս գիտակցում և զգում ենք   պատասխանատվություն՝  պետականաշինության կարևորագույն այս փուլում: Այսօր  ես քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի, հանուն մեր ու մեր երեխաների ապագայի, ազատ ապրելու իրավունքի համար՚,-ասել է Գ. Մարտիրոսյանը:

ԱՀ Ազգային ժողովի նախագահ, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ նախագահի թեկնածու, Աշոտ Ղուլյանն այսօր քվեարկել է  հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի:

 Իրենց կուսակցության՝ ընտրություններում հաղթելու շանսերը  գնահատում է բարձր: Գտնում է, որ ի  հեճուկս բոլոր դժվարությունների, Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձևավորելու իր իշխանությունները և հույս ունի, որ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից: