Կան բոլոր պայմանները՝ ընտրություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար
Սրբուհի Վանյան
Ստեփանակերտի 1/22 ընտրատեղամասում մարտի 31-ին, ժամը 13:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա տեղամաս էր ներկայացել տիկնոջ ուղեկցությամբ:
Քվեարկելուց հետո նախագահը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների հարցերին: Լրագրողների՝ իրեն ուղղված առաջին հարցը վերաբերում էր նրան, թե որտե՞ղ է ապրելու հեռացող նախագահը՝ մնալու է հայրենի քաղաքո?ւմ, թե? Արցախի նախորդ նախագահների նման թողնելու է այն: Ի պատասխան Բակո Սահակյանը նշել է, որ ապրելու է Արցախում:
Իսկ կցանկանա՞ր մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել՝ ԱՀ նախագահի խոսքով նման քննարկումներ ինքը որևէ մեկի հետ չի ունեցել: Բայց գտնում է, որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում տեղի ունեցող զարգացումների հանդեպ և ինքն իր հնարավորությունների սահմաններում օգտակար է լինելու իշխանությանը և հայրենիքին:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա համապետական ընտրություններն ընկալում է որպես կարևոր իրադարձություն: Ընտրությունների նախընտրական փուլը գնահատում է դրական, քարոզարշավի ընթացքը՝ բաց, ազատ և մրցակցային:
Համոզված է՝ այս տարիների ընթացքում Արցախում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են երկրի անվտանգության աստիճանի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը, ինչն էլ օժանդակել է, որ արցախցին ավելի հաստատակամ զգա իրեն սեփական հողում: Գտնում է, որ Արցախը յուրահատուկ կարգավիճակ ունի, և այդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերին, այն միայն արցախցիներինը չէ, և այստեղ արցախցիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելով, գիտակցել են, որ իրականացնում են հատուկ առաքելություն՝ բարձր պահելով հայ ժողովրդի արժանապատվությունը: ՙԵս շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ բնակվող ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակներում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- ասել է Բ. Սահակյանը: ԱՀ նախագահի խոսքով, Արցախի բոլոր ձեռքբերումները գրանցվել են հավաքական ներուժի միջոցով, ինչի համար երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել և շարունակում են բերել այդ հաջողությունները արձանագրելու գործում:
«Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է անհրաժեշտ վերաբերմունք և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- մասնավորապես ասել է նա:
Ինչո?ւ կորոնավիրուսով պայմանավորված վտանգները հաշվի առնելով, համապետական ընտրությունների հետաձգման որոշում իշխանությունները չեն կայացրել՝ այս հարցին պատասխանելով, Բ. Սահակյանը նշել է, որ համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված: ՙԻհարկե, բացառվում է, որ դիմենք այնպիսի որոշումների, որոնց հետևանքով կվտանգվի ԱՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը,-ասել է Բ. Սահակյանը:- Այդ թեմայով կազմակերպել ենք բազմաթիվ և բազմապիսի քննարկումներ և եկել այն տրամաբանական որոշման, որ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կազմակերպենք համապետական ընտրությունները: Այս պահի դրությամբ ԱՀ-ում Նոր կորոնավիրուսի գրանցված դեպք չկա. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կատարվում է մշտադիտարկում, այնպես որ այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»:
Պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին, Բ. Սահակյանն ասել է, որ ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: