[ARM]     [RUS]     [ENG]

Ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորություն պիտի ունենան բոլորը

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Եվրիյանից տեղեկացանք, որ մինչ մեր այցելության պահը՝ առավոտյան 10.15 րոպեն,  դիմում-բողոքներ չեն ներկայացվել,  դիտորդներ ու  վստահված անձիք  նույնպես գրանցվել և աշխատում են: Նույն շենքում տեղակայված   մյուս՝ 1/5 ընտրատեղամասում  գրեթե նույն ժամանակահատվածում  գրանցված 1366 ընտրողներից քվեարկել էին  100-ը:

Այս տեղամասերում նախագահի երկու թեկնածուների վստահված անձանցից միայն Ա. Հարությունյանի ներկայցուցիչն էր ներկայացել:

1/5 ընտրատեղամասում   քվեարկեց նաև ԱՀ պարետ,  պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանը:  Քվեարկությունից հետո նա, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ  զարգացող Արցախի համար է քվեարկել ու ցանկանում է, որ ոչ  մի աղետ,  ոչ մի համավարակ չխաթարի Արցախի բնականոն կյանքը և բոլոր ջանքերն ու ռեսուրսները  նպատակաուղղված լինեն Արցախի զարգացմանը:

Պարետին ուղղված հարցերի մեծ մասն առնչվում էին կորոնավիրուսով պայմանվորված իրավիճակին:  Այս պահի դրությամբ, ըստ պարետի, վիճակն  Արցախում վերահսկելի է,   կա վարակի 3 աղբյուր,  որից 2-ն ամբողջությամբ  սահմանազատված է, մյուսի  հետ աշխատանքներ են տարվում՝ ճշտվում են կոնտակտի շրջանակները  և այլ ն:

Վարակման առաջին օջախը, ինչպես հայտնի է,  Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղն է, երկրորդը դեպքն արձանագրվել է  Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում, իսկ երրորդը, պարետի խոսքով,  չպետք է վարակի օջախ անվանել, քանի որ այնտեղ՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում, մի շարք անձինք շփվել են ոչ թե վարակակիր անձի, այլ ընդամենն առաջին աստիճանի կոնտակտավորի հետ:

 ՙճիշտ է, դա նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն՝ ավելի քիչ: Ամեն դեպքում այդ մարդկանց համար կիրառվել է ինքնամեկուսացման մեխանիզմը՚,-հավելել է Գ. Մարտիրոսյանը:

Ռիսկային չէ՞, արդյոք, նման իրավիճակում ընտրությունների անցկացումը հարցին պատասխանելով, Գ. Մարտիրոսյանն ասել է, որ ձեռնարկվել են անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները, և մտահոգվելու  լուրջ առիթ չկա:

 Իսկ ընտրությունների անցկացումն  ինչ-որ մեկի ցանկությամբ չէ, այն սահմանադրական պահանջ է, նույնիսկ երկրի ղեկավարն իրավասու չէ հետաձգել  դրանք կամ կիրառել  այլ ռեժիմ:  Իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորություն ապահովել բոլոր քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերում առկա են անհրաժեշտ պայմաններ, և մարդկանց կուտակումներ չկան: Ինչպե՞ս է կազմակերպվելու ըտրությունը ինքնամեկուսացման մեջ գտնվող Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով, արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չի բացառվում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայնդեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում առկա սահմանափակումներին, ապա  նա նշել է, որ  կգործեն իրավիճակի զարգացումներին համապատասխան: «Երեկ երեկոյան իմ կողմից արդեն իսկ ստորագրվել է 4 որոշում: Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք հիմա գործում են ՀՀ-ում, մենք կկիրառենք աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,- նշել է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Հիվանդության մեջ կասկածվող անձանց թեստավորում ինչո՞ւ հենց  Արցախում  չի իրականացվում՝ ԱՀ Գ. Մարտիրոսյանը  նշել է, որ տեղում թեստավորում իրականացնելն ինքնանպատակ չէ:

«Տեխնիկական հարցերը լուծվում են  ՀՀ մեր գործընկերների աջակցությամբ,-ասել է նա:- Այս պահի դրությամբ  ունենք  անհրաժեշտ միջոցներ իրավիճակը վերահսկելի պահելու համար: Իհարկե, տեղում թեստավորում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, սակայն որևէ խոչընդոտ չկա, որ թեստերն ուղարկվեն Հայաստանի Հանրապետություն»:

Իսկ  հանրապետության ներսում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակուներ կլինե՞ն։ Հարցն առայժմ քննարկվում է. Գ. Մարտիրոսյանի խոսքով, հնարավոր է, որ առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ կայացվեն, իսկ եթե  անհրաժեշտություն լինի՝ դրանք կկիրառվեն ամբողջ  հանրապետությունում:

Կաշխատի՞, արդյոք, պետնախարարը Արայիկ  Հարությունյանի կառավարությունում՝ նրա ընտրվելու պարագայում, նման բովանդակությամբ խոսակցություն ունեցե՞լ է Գ. Մարտիրոսյանը Ա. Հարությունյանի հետ. հարցին  ի պատասխան՝ գործող պետնախարարը  տեղեկացրեց, որ նման խոսակցություն չի ունեցել, բայց ընդգծեց, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենի երկրի զարգացմանը:

Ներկա  պայմաններում արցախցիներին ԱՀ պարետը կոչ է անում առավելագույնս հետևել առողջապահության նախարարության պահանջներին ու հորդորներին, քանի որ միայն այդպես կարող ենք պահպանել սեփական առողջությունն ու  հաղթահարել առկա  վտանգը: