[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ապագան լինելու է անվտանգ, ապահով և ժողովրդավար

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն, ինչպես միշտ,  քվեարկել է Ստեփանակերտի 1/8՝ Գյուղատնտեսական քոլեջում տեղակայված  ընտրատեղամասում:

Մինչ Աժ նախագահի այցը մենք այստեղ հետևում էինք հանձնաժողովի աշխատանքին, հաղորդակցվում միջազգային դիտորդների ու Ա. Հարությունյանի (Մ. Մայիլյանի վստահված անձինք  ընտրատեղամասում ներկա չէին) վստահված անձի հետ: Նրանք ընտրությունների  ընթացքը նորմալ  գնահատեցին, որևէ խախտում և բողոք այդ պահի դրությամբ չէին արձանագրել:  Տեղամասային հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանի խոսքով՝   հաճախելիությունը սպասվածից  ակտիվ է,  այս անգամ որոշակիորեն  խստացվել են պահանջները, որպեսզի կուտակուներ չլինեն և պահպանվի սոցիալական հեռավորությունը:

Քվեարկությունից հետո Աշոտ Ղուլյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, նշել,   որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, որն, իր պատկերացմամբ, լինելու է անվտանգ, ապահով, ժողովրդավարական և կայուն:

 Արցախում ստեղծված իրավիճակը՝ համավարակով  և ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված, հիմք են տալիս խոսելու ընտրական  օրենսդրության թերի լինելու և այնտեղ  սրբագրումների անհրաժեշտության մասին: Այս նկատառմանն ի   պատասխան  Խորհրդարանի խոսնակը նշել է, որ նման սրբագրումների անհրաժեշտություն կարող է առաջանալ միշտ, բայց  օրենսդրությունը պետք է լինի բազմաֆունկցիոնալ և ցանկացած իրավիճակում հարցերը ճիշտ իրավական հիմքի վրա լուծելու  հնարավորություն ստեղծի:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու՝ նաև իր ընտրվելու իրավունքը: Այս առումով պետք է նշեմ, որ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, այսօր Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է»,- ասել է ԱԺ նախագահը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ա. Ղուլյանը կմնա՞ պետական կառավարման համակարգում։ Ի պատասխան նա նշեց, որ այդ մասին  առայժմ վաղ է խոսել, սակայն միանշանակ այն կարծիքին է, որ  յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի գործել ցանկացած իրավիճակում:

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական մեր ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելու  նախընտրական ծրագրի դրույթները, մենք պատրաստ ենք համագործակցության»,- ավելացրել է Ա. Ղուլյանը: