Logo
Print this page

Ստեղծված իրավիճակից պատվով ենք դուրս գալու. Արայիկ Հարությունյան

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ժամը 16։00-ին Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամաս  է այցելել ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ և կատարել իր քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ասել է, որ  համավարակի պայմաններում, ինչպես նաև  բավականին բարդ այս քաղաքական, տնտեսական իրավիճակում,   իրենց քաղաքական թիմը  ունի  կամք և վճռականություն՝ ՀՀ իշխանությունների, համայն հայության  հետ միասին,   ոչ միայն դիմակայելու, այլև  հաղթանակով դուրս գալու  ստեղծված իրավիճակից:

Ա. Հարությունյանը հակադարձեց լրագրողի հարցին, ով  ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ցածր  է համարում, նշելով, որ այն ամենևին ցածր չէ, այլ համապատասխանում է իրավիճակին: Ընտրությունների ընթացքը Ա. Հարությունյանը  գնահատում է նորմալ, ոչ լեգիտիմության հարց  չի տեսնում, քանի որ որպես իր  լեգիտիմ իշխանության կարևոր պայման դիտարկում է ժողովրդի վստահությունը:

«Ինձ համար ամենակարևորը մեր ժողովրդի վստահությունն է: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա  դրանց մեջ շատ են  արհեստական և քաղաքական ենթատեքստերով քննադատությունները: Այս ընտրությունը լեգիտիմության ապացույց է»,-  ասել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով իր նախընտրական խոստումներին, Ա. Հարությունյանն ասել է, որ  իր նախընտրական ծրագրի հիմքում ժողովրդի առողջության ապահովմանը և տնտեսական զարգացմանն ուղղված դրույթներն են: Նախանշված՝ պարենային անվտանգության, էներգետիկ անկախության, սոցիալական երաշխիքների   վերաբերյալ ծրագրերը հենց նման ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելու համար են: ՙԵթե այս իրավիճակը, որ ստեղծվել է աշխարհում պանդեիայի հետևանքով, երկար տևի, մենք ստիպված ենք լինելու վերանայել մեր տնտեսական ծրագրերը, եթե մի քանի ամիս՝ համոզված եղեք, որ մենք հաղթահարելու ենք այս իրավիճակը՝ համախմբվելով ՀՀ իշխանության շուրջ և  պատվով ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Թե ինչ քայլեր կձեռնարկի  ընտրվելուց անմիջապես հետո՝  Ա. Հարությունյանն ասաց, որ կգործի իրավիճակից ելնելով: Իսկ նախընտրական ծրագրում փորձել է ներկայացնել այն ուղղությունները, որոնք առաջնահերթ է համարել՝  առանձնացրել է տնտեսության զարգացման երկու կարևոր ճյուղ, նախանշելով  գյուղատնտեսության ոլորտում  անելիքները, քանի որ  պարենի համաշխարհային շուկայում առաջին ահազանգերն արդեն  զգալի են, և   շինարարություն, հիմնականում՝ ենթակառուցվածքների,  որն էլ  նպաստելու է տնտեսական զարգացմանը:

Այն հարցին, թե ընտրվելու պարագայում ում հետ է համագործակցելու, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ բոլորի, քանի որ շատերն իրեն մտերիմ են, որևէ մեկի հետ խնդիր չունի և հանուն մեր երկրի բարօրության պատրաստ է բոլորի հետ համագործակցել: Նա նշել է, որ  մի քանի օրից ծրագրում է  հանդիպել քաղաքական ուժերի հետ և խոսել  հետագա համագործակցության  մասին:

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.