Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆ. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔՆԵՐ ՈՒ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ ապրիլի 15-ին իր դիտարկումներն է ներկայացրել նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

ԱՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին Ա. Բեգլարյանը տեղեկացրել է, որ դեռևս փետրվարի 26-ից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ձևավորված խումբը հետևել է նախընտրական քարոզչության ընթացքին, ինչպես նաև՝ քվեարկության երկու փուլերին: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք և լիազորություններ չունի, քարոզչության ընթացքին հիմնականում հետևել են լրատվամիջոցներով և սոցցանցերով, նաև՝ որոշ չափով կապ պահելով դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ: Ուստի՝ կարծիքը ձևավորվել է նշված աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ նախընտրական քարոզչության ժամանակ ստացվել են մի քանի բողոքներ և հրապարակային ահազանգեր, որոնք վերաբերում էին պաստառների և քարոզչանյութերի ոչ ճիշտ տեղակայմանը և հանրային ծառայողների սխալ վարքականոնին, ինչը պայմանավորված է վարքականոնների ոչ ճիշտ իմացությամբ: ՙԴա ոչ միայն համայնքապետերին է վերաբերվում, այլև որոշ հանրային ծառայողների, որոնք աշխատանքային ժամերին կարող էին քարոզչությամբ զբաղվել ինչպես ֆիզիկական շփման ժամանակ, այնպես էլ սոցցանցերի միջոցով՚,-ասաց Ա. Բեգլարյանը:
Ընդհանուր առմամբ՝ պաստառների մասով զանգվածային բողոքներ ու խնդիրներ չեն եղել. Ստեփանակերտի քաղաքային համայնքը հետևողական է եղել այս հարցում: Հրապարակային դիմումների 4 դեպք ուղարկվել է ԱՀ դատախազություն: Քվեարկության օրը ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է 18 հրապարակային ահազանգ, որոնցից 7-ով հարուցվել է քրեական գործ: Մեկ այլ մասով նյութեր են հավաքագրվում: Ընտրակաշառքի ապացուցված դեպքի կամ վարչական լծակի կիրառման մասին տեղեկատվություն չկա:
Ա. Բեգլարյանի դիտարկմամբ՝ քվեարկության օրը եղել են տեխնիկական և կազմակերպչական բնույթի խնդիրներ, որոնք չէին կարող լուրջ ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա: Խնդիրներ են եղել նաև հանձնաժողովների վստահված անձանց, լրագրողների և դիտորդների միջև հարաբերություններում: Նրանց աշխատանքը խոչընդոտելու, խանգարելու վերաբերյալ եղել են դեպքեր, սակայն դրանք դրվագային խնդիրներ էին և կոնկրետ ահազանգեր դրանց վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը չի ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով՝ կան օրենսդրական բացեր և ընտրությունների արդյունքում կփորձեն վերլուծել դրանք ու հանդես գալ համապատասխան առաջարկներով: Չի բացառվում, որ ընտրություններից հետո օրենսդրական փոփոխություններ լինեն, այդ թվում՝ ընտրական գործընթացին վերաբերող: