[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԱՊՐԻԼԸ, ԿԱՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական իշխանություններն <<անակնկալների>> պակաս չզգացին։ Դրանք մատուցվեցին տարբեր պետությունների  կողմից, տարբեր առիթներով։ Խոշորացույցի տակ են առնվել, մասնավորապես, <<Իսլամական պետության>> ահաբեկիչներին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  ցուցաբերվող ռազմական օգնությունը, Թուրքիայի ներքին և  արտաքին քաղաքական խնդիրները։ Ուշագրավ էին հատկապես համաշխարհային ուժային կենտրոնների ազդակներն Անկարային՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առիթով, բայց ավելի խորքային բովանդակությամբ։   

Իսրայելական <<NzivNet>> պարբերականը, որը սերտ կապի մեջ է Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավարության հետ, տեղեկացրեց, որ Ադրբեջանին առաքվող մարտական համակարգերն այդ երկրում չեն մնում, ուղարկվում են ապօրինի զինված կազմավորումների հասցեով (խոսքը <<Իսլամական պետության>> ահաբեկիչների մասին է)։ Իսրայելական աղբյուրը նախևառաջ նկատի է ունեցել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը։ Պարբերականն իր հետաքննության արդյունքում պարզել է, որ Անկարան Իսրայելից ստացած ռազմական օգնությունը փոխանցել է <<Ալ-Ղաիդայի>> ահաբեկիչներին՝ Բաքվի հասցեով երկրորդային առաքում իրականացնելու շնորհիվ։ Այսինքն՝ իսրայելական զենքը նախ տեղափոխվել է Թուրքիա՝ որպես օգնություն, այնուհետև այդտեղից վերահասցեագրվել Ադրբեջանին, որպեսզի այն, ի վերջո, ուղարկվի իսլամիստ գրոհայիններին։ Հիշյալ աղբյուրն իրազեկում է նաև հակառակ ուղղությամբ իրականացվող մատակարարման մասին. Ադրբեջանում հավաքված իսրայելական արտադրության մարտական համակարգերը վերավաճառվում են Թուրքիային, որը նույնպես պարտավորված է դրանք ուղարկել ԻՊ-ի ահաբեկիչներին։

Իսրայելում կարծիք կա, ըստ որի՝ նման պրակտիկան լիովին քայքայում է այն հիմքը, որի վրա խարսխվում է պետությունների համագործակցությունը։ Բացի այդ, կողմնակի հակամարտություններում իսրայելական արտադրության համակարգերի զանգվածային կիրառումը պարտավորությունների ճչացող խախտում է։

Հիշյալ պարբերականը մատնացույց է անում Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կետերից մեկը՝ Ադրբեջանի տարածքում ստեղծվող զինատեսակները, որոնք մշակվում են Իսրայելում, Թուրքիայից բացի որևէ այլ պետության կողմից չեն կարող օգտագործվել։ Թուրքական կողմը, սակայն, պարտավորությունների խախտում է թույլ տվել. գնելով Israel Aerospace Industries ընկերության լիազորագրով Ադրբեջանում արտադրվող համակարգերը՝ Թուրքիան դրանք օգտագործել է ոչ թե իր բանակի համար, այլ առաքել է Լիբիայում գործող <<Ալ-Ղաիդայի>> գրոհայիններին։

Այս օրերին Թուրքիան հարված ստացավ նաև քրդերի կողմից։ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներին հաջողվել է պայթեցնել Ադրբեջանին զինող թուրքական ռազմական գործարանը։ Անկարայում հրթիռներ արտադրող <<Roketsan>> ընկերությանը պատկանող գործարանը հարձակման է ենթարկվել ապրիլի 7-ին, որի ժամանակ օգտագործվել է հատուկ տեխնիկա։ Չնայած թուրք պաշտոնյաների կողմից հարձակման մասին հայտարարություն չի հնչել, իրազեկ աղբյուրը նշում է, որ պայթյունի հետևանքով ամբողջովին ոչնչացվել է արտադրական օբյեկտի մի մասը, ինչպես նաև հումքի պահեստը։ Հիշյալ ընկերությունը վերջին 20 տարիների ընթացքում սերտ համագործակցության մեջ է եղել Ադրբեջանի հետ։

Քրդերը պայթեցրել են նաև Իրանից Թուրքիա ձգվող գազատարը, ինչի հետևանքով գազամատակարարումն Իրանից ընդհատվել է։ Քրդական բանվորական կուսակցությունը շարունակում է թուրքական կարևոր օբյեկտների վրա հարձակվելու մարտավարությունը։

Անկարայի համար <<անակնկալ>> էր պատրաստվել նաև Չինաստանից։ Ապրիլի 8-ին ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից մարդասիրական օգնություն հասցվեց Հայաստան։ Ուղարկված տուփերում հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներ ու սարքավորումներ էին։ Տուփերի վրա  չինարեն գրված էր. <<Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը>>։

Թուրքիայի իշխող շրջանակներին սա բավականաչափ  զայրացրեց։ Մամուլի բարձրացրած աղմուկին հետևեց պաշտոնական Անկարայի արձագանքը. արտգործնախարարության խոսնակի մակարդակով հայտարարվեց, որ տուփերի վրա առկա գրությունների հետ Չինաստանի ղեկավարությունն առնչություն չունի։   Թուրքիայի արտգործնախարարությունը Չինաստանի դեսպանի միջոցով պարզաբանումներ էր պահանջել։

Թուրքիան, որպես կանոն, Հայոց ցեղասպանությանն առնչվող ցանկացած փաստ կամ իրադարձություն ցավով է ընդունում։ Չինական կողմից հայկական ազգային խորհրդանիշ համարվող Արարատի մասին հիշեցումը նրան անտարբեր չթողեց։ Մանավանդ որ՝ հիշեցումն արվել է ապրիլ ամսին։

<<Կորոնավիրուսային>> ազդակներով թուրքական իշխանություններին հանկարծակի է բերել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա զուգահեռ է անցկացրել թուրքերի դեմ պատերազմների և կորոնավիրուսի դեմ պայքարի միջև։ Հիշատակելով 11-րդ դարի թյուրքական ցեղերի դեմ պատերազմները՝ նախագահն ասել է, որ ամեն ինչ անցողիկ է, որ Ռուսաստանն իր պատմության ընթացքում բազմաթիվ լուրջ փորձություններ է հաղթահարել։ ժամանակին պեչենեգներն ու կումաններն (ղփչաղներ) էլ են հարձակվել, նրանց բոլորին Ռուսաստանը հաղթել է, հայտարարել է նախագահը և հավելել, որ կորոնավիրուս կոչվող չարիքն էլ է հաղթահարվելու, միասնաբար ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Սոցիալական ցանցերի թուրքական սեգմենտում նախագահ Պուտինի խոսքերը մեկնաբանվել են որպես ազգայնականության և ռասիզմի դրսևորում։

Ինչպիսի՞ն կլինեն Վաշինգտոնի ուղերձներն Անկարային Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի համապատկերին։