[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԲԵՐ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔՆԵՐ՝ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Մեր օրացույցի սև օրը՝ ապրիլի 24-ը, կրկին ու կրկին ստիպում է անդրադառնալ պատմության գորշ էջերին՝ փորձելով գտնել տեղի ունեցածի հոգեբանական պատասխանը։ Ցեղասպանությունը և դրա ժխտումն էությամբ ցեղասպան ազգերի համար պետք է ընդունել որպես բնական շարունակություն նրանց աշխարհընկալմանը, որը հետևանքն է այդ ցեղերի հոգեկերտվածքի, ինչի մասին կարելի է գաղափար կազմել նրանց գրական աղբյուրներից։ Գիտնականները, հետազոտելով անհեղինակ, ժողովրդական ստեղծագործությունները՝ առասպելները, էպոսները, հեքիաթները… հանգել են այն եզրակացության, որ դրանցում անբռնասբոս, ինքնաբուխ ձևով դրսևորվում են տվյալ ազգի ինքնության, աշխարհատեսության, հոգեկերտվածքի և վարքագծի արքետիպային /կոլեկտիվ անգիտակցականի/ գծերը, ձևավորված արժեքային մոտեցումներն ու դիրքորոշումները։ Այդ առումով ևս մեկ անգամ անդրադառնանք <<Քորքութ պապիս գիրքը>> /<<Քիտաբի դեդեմ Քորքութ>>/ թուրքական էպոսին, որտեղ կարմիր գծով անցնում է այլ ազգերի ոչնչության միտքը, որոնք արժանի են միայն գլխատման։ Մեջբերենք Վ. Բարտոլդի կողմից թարգմանած <<Քորկուտ պապիս գիրքը>> էպոսից մի հատված, որտեղ պարզ երևում է, թե ինչպիսի մարդասպան մթնոլորտում են դաստիարակվում օղուզներից սերմած թուրքերն ու ադրբեջանցիները։ -Կազանը նայեց աջ՝ քահ-քահ ծիծաղեց, նայեց ձախ՝ մեծ ուրախությամբ համակվեց, նայեց իր առջև՝ տեսավ իր որդի Ուրուզին, ձեռքը ձեռքին խփեց, լաց եղավ։ Տղան նեղացած հարցնում է հորը նման անբարեհաճ վերաբերմունքի պատճառը։ Հայրը պատասխանում է. <<Արի այստեղ, ձագուկս, տղաս։ Երբ նայեցի աջ, տեսա Ղարա-Գյունե եղբորդ. նա գլուխներ է թրցրել, արյուն թափել, պարգևատրվել, փառքի հասել։ Երբ նայեցի ձախ, տեսա ինձ դաստիարակած Արուզին. նա  գլուխներ է թրցրել, արյուն թափել, պարգևատրվել, փառքի հասել։ Երբ նայեցի առաջս, քեզ տեսա. 16 տարի ապրեցիր. օրը կգա՝ մեռած կընկնեմ, կմնաս դու. աղեղ դու չես ձգել, նետ չես արձակել, արյուն չես թափել, խիզախ օղուզների շրջապատում պարգև չես ստացել>>։ Ավելորդ է ասել, որ հոր նվիրական ցանկությունն է՝ որդուն տեսնել մարդասպան, մարդկանց արյունը թափող՝ նրանց գլխատելով։ Ցանկալի պարգևն էլ՝ թալանի բաժանման մասնակիցը դառնալը։ Եվ, տրամաբանական է, որ որդին ի կատար է ածում հոր երազանքը, առաջնորդվելով նրա խրատով. <<Որդիս, եթե անգամ դու սպանես հազար գյաուր, ոչ ոք քեզանից արյան համար հատուցում չի պահանջի. գյաուրները պիղծ հավատքի են>>։ Ուշագրավ է նաև, որ տղաներին անուն էին տալիս միայն այն բանից հետո, երբ նրանք արյուն էին թափում, այսինքն՝ մարդ էին սպանում։ Միայն նման արարքից հետո նրանք ընտանիք կազմելու իրավունք էին ստանում։ Ըստ գիտնականների, էպոսը ստեղծվել է 9-10 դարերում, գրի է առնվել 14-15 դարերում, երբ օղուզներն արդեն երեք դար ապրում էին այլ երկրների /այն ժամանակվա քաղաքակրթության կենտրոնների/ տարածքում, սակայան, ինչպես պատմությունն է վկայում, մնացել են էպոսում նկարագրված հոգեկերտվածքի կրողները։ Ասենք ավելին՝ նման մթնոլորտում մեծանալը կամա թե ակամա իր դրոշմն է թողնում արժեքների ձևավորման, կարևորման հարցում։ Այդ արքետիպային գծերի մասին լավ գիտեին այն ուժերը, որոնք կազմակերպել են Սումգաիթը։ Դեր չխաղաց 70 տարվա, կարծես թե, համատեղ ապրած խաղաղ  կյանքը <<ինտերնացիոնալ>> երկրում։ Ջինը հանեցին շշից։ Եվ շարունակվեցին ցեղասպանական ակնհայտ գործողությունները Կիրովաբադում, Բաքվում… Հետո եղավ Մարաղան… Կացնասպան Սաֆարովը… Ամենուրեք ձեռագիրը նույնն էր, որը չէր տարբերվում 19-20-րդ դարերի Օսմանյան Թուրքիայում կատարված Ցեղասպանությունից։ Համեմատության համար անդրադառնանք հայ ժողովրդի հայտնի ու սիրված <<Սասնա ծռեր>> էպոսին։ Խոսքը հեղինակավոր դարձնելու համար օգտվենք հայ գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանի <<Հայկական էպոսի հերոսների վարքագիծը ազգային ինքնության համատեքստում>> հոդվածի վերլուծությունից։ -Հայկական էպոսի հերոսները փառամոլ չեն, իշխանատենչ չեն, թշնամատյանց չեն, ուստի չեն տառապում վրեժխնդրությամբ։ Վրիժառու են դառնում, երբ դանակը հասնում է ոսկորին։ Դավիթը այնքան է <<հարգում>> թշնամուն, որ նրա դեմ պատերազմելիս նույնիսկ չի ուզում անակնկալի բերել։ Այսպես, երբ կռվի է դուրս գալիս թշնամու բանակների դեմ, ամեն անգամ հարձակումից առաջ զգուշացնում է. <<Ով քնած է՝ արթուն կացեք, Ով արթուն է՝ ձիեր թամբեք, Ով թամբել է՝ զենքեր կապեք, Ով կապել է՝ էլեք, հեծեք. Չասեք՝ Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց>>։ Սասունցի Դավիթը մի դյուցազն է, ով կարող է թշնամուն վռնդել երկրից, ապահովել Սասնա անկախությունն ու անվտանգությունը։ Էպոսի հերոսները չեն ուզում տիրանալ ուրիշների իշխանությանը, թագավորությանը, ուզում են, որ յուրաքանչյուր ժողովուրդ ապրի ինքն իր համար, լինի իր գլխի տերը։ Հայը թշնամու մեջ ավելի շատ մարդկային գծեր է տեսնում, քան անհրաժեշտ է։ Միամտորեն հավատում է նրա խոստումներին և այդ պատճառով կորցնում զգոնությունը, թուլացնում իր պաշտպանունակությունը։ Հեղինակը այն կարծիքին է, որ ինչպես էպոսում, այնպես էլ հայկական նույնականության մեջ, արմատավորված է մեծապես բարոյական մոտեցումն առ  իրողության իմաստավորում, գնահատում։ Անշուշտ, էպոսի հերոսների վարքը հումանիզմի ու հանդուրժողականության բարձրագույն դրսևորում է։ Նրանք ուժեղ են, որովհետև բարոյական են և բարոյական են, որովհետև ուժեղ են։ Բայց երբ իրականում շրջապատված ես ռազմատենչ ու իշխանատենչ ցեղերով կամ պետություններով, որոնք առաջնորդվում են բարոյականության ու խաղի բոլորովին այլ կանոններով, ապա նման մոտեցումը վերածվում է անհասկանալի դիրքորոշման, դառնում սպառնալիք ազգի համար։ Պատմությունը վկայում  է. երբ <<դանակը ոսկորին է հասնում>>, հայը զենք է վերցնում, և հաղթանակը տեսանելի է դառնում։ Որ հայը քաջ է՝ կասկած չկա։ Նա ստեղծագործ է, հնարամիտ, ունի ուժեղ պետություն ստեղծելու ներուժ։ Բազում օրինակներ կարելի է բերել հնագույն և նորագույն պատմությունից։ Ուրեմն առկա է հոգեկերտվածքը փոքր-ինչ փոխելու խնդիրը, որը, կարծես, տեղի է ունենում։ Վկայակոչելով նորագույն պատմության էջերը՝ Արցախյան շարժումից մինչ այսօր, տեսնում ենք փոփոխված հոգեկերտվածքի հետևանքները. հայը չի կորցրել իր արժեհամակարգի համամարդկային կարևոր գծերը, բայց դրա հետ մեկտեղ նա անժխտելի է համարում սեփական պետության անվտանգության ապահովման հարցը, որի համար արժանապատիվ սերունդների դաստիարակման խնդիր է դրված։ Անդրադառնալով Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը, մեջբերենք այն ժամանակվա և այսօրվա այլազգի հայտնի մարդկանց հեռատես կանխատեսումները։ <<Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի։ Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում>>,-ասել է Անատոլ Ֆրանսը։ Անգլիացի պրոֆեսոր Դեյվիդ Լենգան էլ արդեն մեր օրերին ասել է. <<Հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչնդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհն ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց>>։