[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանում անհանգստացած են

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Որքան էլ հակառակորդի ճամբարում տեսք ընդունեն, թե ,,աշխարհում ոչ ոք լուրջ չի ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ այնտեղ անցկացված ընտրությունները՝,,  նույնիսկ անզեն աչքով է տեսանելի իրավիճակի հանդեպ ալիեւյան ռեժիմի անհանգստությունը: Բաքվում հույս էին պահում, որ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ,,խստորեն կքննադատեն,, Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները եւ դրանք կորակեն ,,բանակցային գործընթացին անհարիր,,: Միջնորդները, սակայն, հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի ընտրել իր ներկայացուցիչներին եւ բավարարվեցին նրանով, որ տեղի ունեցածը ,,չի կանխորոշում տեղաշրջանի վերջնական կարգավիճակը,,: Ադրբեջանի իշխող վերնախավն ամենայն հավանականությամբ հասկանում է, որ ժամանակը կարող է շատ բան փոխել, եթե ոչ՝ ամեն ինչ:

Այդ պատճառով էլ ալիեւյան քարոզչամեքենան հրահանգավորվել է սեփական հանրությանը ներշնչել, որ ,,չկա Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս պահելու բավարար ներուժ,,: Ձեւակերպումն ինքնին ուշագրավ է, քանի որ փաստում է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի կազմում: Էական չէ՝ դա ասվում է գիտակցաբա՞ր, թե՞ քարոզչամեքենան, ինչպես ասում են՝ ,,սկսել է յուղ վառել,,: Փաստը մնում է փաստ՝ ադրբեջանական մամուլն արձանագրում է Լեռնային Ղարաբաղի փաստացի կորուստը: Եւ որպեսզի դա հանրային գիտակցության մեջ վերջնական հաստատում չգտնի, տեղեկատվական մատրիցա է մշակվել, ըստ որի՝ հայկական կողմին ,,չեն հերիքում տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական ռեսուրսները, չկա Լեռնային Ղարաբաղի համալիր զարգացման հայեցակարգ,,:  Սա, անշուշտ, քարոզչական շրջասուցություն է: Մանավանդ՝ Արցախում նոր իշխանության ձեւավորման ֆոնին: Իշխանություն, որ արդեն հասցրել է չափազանց կոշտ հակադարձել ալիեւյան խունտայի ռազմական հռետորաբանությանը:

Բաքվում, իհարկե, քարոզչական պատերազմի կանոններին հավատարիմ մնալով՝ ցույց են տալիս, թե ,,պատերազմի վերսկսման դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն հակառակորդի տարածք,, զգուշացումն ամենեւին էլ իրենց համար չէ: Բայց դա՝ միայն ներքին լսարանի համար: Իրականում թեմայի շուրջ վերլուծական հրապարակումներից պարզորոշ զգացվում է, որ ադրբեջանական վերնախավը տենդագին որոնումների մեջ է՝ պարզելու համար, թե ո՞րն է արցախյան կողմի վճռականության հիմքը: Հիմնական թեզ է առաջարկվում, որ ,,Լեռնային Ղարաբաղում սկսվել է հայրենասիրության մրցավազք,,: Դրանից շատ պարզ հասկացվում է, որ ադրբեջանցի վերլուծաբաններն ուշի-ուշով հետեւել են Արցախի ներքաղաքական զարգացումներին եւ եզրահանգել, որ անկախության եւ անվտանգության հարցերում իշխանության եւ ընդդիմության միջեւ էական հակասություններ չկան: Սա շատ էական ազդակ է, որ Ադրբեջանում ըստ ամենայնի հասկացել են եւ փաստացի ընդունել, որ տասնամյակների քարոզչությունը բառիս բուն իմաստով ջուրն է ընկել: Արցախում անկախության, անվտանգության եւ տարածքային հարցերում զիջողականության հող չկա եւ չի հաջողվում ստեղծել:

Այստեղից՝ հակառակորդի ճամբարում սկսել են վարկածել, որ պաշտոնական Ստեփանակերտի, արցախյան հանրության աներեր դիրքորոշումը սնուցվում է ոչ այնքան ,,Երեւանից, որքան՝ ուժային որոշ կենտրոններից,,: Բաքվում, իհարկե, չեն համարձակվում ուղղակի հասցեներ մատնանշել: Ալիեւյան քարոզչության մտահոգությունների մասին կարելի է դատել կողմնակի ցուցիչներով: Այստեղ հատկապես առանձնանում է հակաիրանական հիստերիան: Ճիշտ է, Բաքվում Իրանի դեսպանատունը Խուդափերինի կամրջի եւ շահագործման պատրաստ հէկ-երի թեմայով պաշտոնական հայտարարություն է տարածել, բայց ադրբեջանական հանրային շրջանակները հակված են հեռանկարում միանգամայն իրական տեսնել իրանա-արցախյան կոմունիկացիոն համագործակցությունը: Ալիեւյան քարոզչությունն, ինչ խոսք, անհանգստությունը փորձում է քողարկել արաքսամերձ տարածքներում ,,Հայաստանի անեքսիոնիստական քաղաքականության,, մասին հռետորաբանությամբ, որն օրերս հնչել է ՄԱԿ-ում առցանց քննարկումներից մեկի ժամանակ, բայց փաստ է, որ Արցախի հարավում ենթակառուցվածքային եւ տնտեսական ու ժողովրդագրական ծրագրերի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները համադրվում են տարածաշրջանի իրողություններին:

Բոլորովին էլ պատահական չէ, որ Ադրբեջանն անցել է Արցախի տնտեսական ներուժի եւ զարգացման հնարավորությունների գնահատմանը: Որքան էլ փորձ արվի ամեն ինչ ներկայացնել ,,հեգնական,, տոնով, ալիեւյան ռեժիմի վախի ականջները չափազանց տեսանելի են: Եթե հակառակորդ երկիրը թիրախ է ընտրել խնդրի տնտեսական բաղադրիչը, նշանակում է Արցախի հարցում հայկական էլիտայի համաձայնությունը կայացած է եւ միանգամայն ադեկվատ է ժամանակի մարտահրավերներին:

Կարգավորման տրամաբանության մեջ, երեւում է, փոփոխություն է ուրվագծվում: Գերխնդիր է դառնում Արցախի տնտեսական ինքնաբավության ապահովումը: