[ARM]     [RUS]     [ENG]

Կովկասյան տարածաշրջան. Էթնոկրոնական բազմազանությունն իբրև գործոն

 

 

 

Հեղ.  Ջավադ ալ -Բայդանի

Պ.գ.դ., պրոֆեսոր, Իրաքում Քրդագիտության ինստիտուտի տնօրեն,

պրոհայկական և բազմաթիվ հոդվածների հեղինակ

 

Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից  (2019 թ. հոկտեմբերի 11)

         (ստորև ներկայացված է իրաքյան «Ալ-Բայյինա» անկախ պարբերականում ս.թ. մարտի 12-ին տպագրված հոդվածի թարգմանությունը, որտեղ արաբ գիտնականը հայտնում է իր տեսակետը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էթնոկրոնական գործոնի դերի վերաբերյալ)

 

Ջավադ ալ-Բայդանի

 

1988 թ., ավելի ստույգ՝ փետրվարից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտնվել էր մի ճամփաբաժանում, երբ  մարզային Խորհուրդը Մոսկվայից պահանջում էր վերջնական միացում Հայաստանին, իսկ ադրբեջանցի դեպուտատները դեմ էին դրան: Իրավիճակն ավելի ու ավելի էր լարվում, վերածվելով սկզբում մի հուժկու ըմբոստության, իսկ հետո նաև՝  հայ- ադրբեջանական զինված հակամարտության, որի ընթացքում երկու կողմն էլ ունեցան հարյուրավոր սպանվածներ և հազարավոր վիրավորներ:

Իսկ ամենավտանգավորն այն քստմնելի կոտորածն էր, որին ենթարկվեցին Սումգայիթ քաղաքի հայերը 1988 թ. փետրվարի 27-29: Արդյունքում մոտ 14 հազար հայեր ստիպված եղան փախչել այդ քաղաքից: Բազմաթիվ հայեր սկիզբ առած էթնիկ զտումների զոհերը դարձան: Իսկ 1989 թ. դեկտեմբերին իրավիճակն ավելի բարդացավ, երբ Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հայտարարություն հնչեց ԼՂԻՄ-ը ՀՍՍՀ միացնելու մասին: Ադրբեջանի իշխանություններն, իհարկե, նորից դեմ էին: Դեպքերը զարգանում էին ԽՍՀՄ թուլացմանը զուգընթաց և 1991 թ. դեկտեմբերի 25-ին երկրի փլուզումից հետո նրա կազմում գտնվող հանրապետությունները սկսեցին հերթով հռչակել անկախություն: Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես անկախացան 1992 թ. սկզբներին: Մինչդեռ ԼՂԻՄ քաղաքական ղեկավարները հանկարծակիի բերեցին բոլորին հայտարարությամբ այն մասին, որ հռչակում են Ադրբեջանից  անկախ իրենց հանրապետությունը, ըստ այդմ մերժելով նաև Հայաստանին միանալը: Իրականում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հենց ինքն է նվաճել իր ինքնությունն ու անկախությունը և ոչ Հայաստանը: Հետևապես, այդ ժողովուրդն իրավունք ունի կառուցել իր սեփական անկախ երկիրը, միաժամանակ եղբայրական բարձր հարաբերությունների մեջ մնալով Հայաստանի հետ, որը դեպի արտաքին աշխարհ իրենց միակ ելքն է: Լեռնային Ղարաբաղի կողմից անկախ հանրապետության հռչակմանն ու նրա անջատողականությանն ու ըմբոստացմանը Ադրբեջանն արձագանքեց թշնամանքով: Բռնկվեց պատերազմ, որտեղ Հայաստանը անմիջական մասնակից էր: Այս պատերազմը շարունակվեց  1992 թ. մինչև 1994 թ., երբ կնքվեց հրադադար:

Եվ այսպես, դեպքերի ընթացքն իրականում ցույց տվեց, որ Թուրքիան այս պատերազմում անտարբեր դիտորդի դերում չէր. հայտարարելով իր պրոադրբեջանական դիրքորոշման մասին, նա սկսեց  Ադրբեջանին զենք և ռազմական խորհրդատուներ մատակարարել: Հետևաբար, Թուրքիան ևս հանդիսանում է այս պատերազմի կողմերից մեկը: Ի պատասխան, Հայաստանն իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղին: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ էթնիկ պատկանելության գործոնն այս կոնֆլիկտում գերակշռող էր:

Եվ չնայած Հայաստանի և Թուրքիայի ուժերի միջև եղած հարաբերակցությունն անհամեմատելի է, Թուրքիային շարունակում է նյարդայնացնել Հայաստանի կառավարության և (նաև՝ պետության) վերոնշյալ դիրքորոշումը: Բանն այն է, որ Թուրքիան մշտապես ծրագրում է կյանքի կոչել թուրանական իր պրոյեկտը, որը կներառի նույնիսկ եվրասիական և միջինասիական տարածքները, իսկ Հայաստանն իր և՛ միջնադարյան, և՛ ժամանակակից պատմության ընթացքում հանդիսացել է հակաթուրանական խոչընդոտ: Հենց այս պատճառով է, որ Թուրքիային դեռևս չի հաջողվել ասիմիլացնել իր «ետնաբակը»: Այդ տերմինով է կոչել միջինասիական երկրները պարոն Էրդողանը իր կողմից հեղինակած «Ռազմավարական խորք: Թուրքիայի դիրքն ու նրա ռազմավարական խորքը» գրքում: Միջինասիական տարածաշրջանը, նրա բնորոշմամբ, հանդիսանում է Թուրքիայի ետնաբակ և ռազմավարական խորք: Ըստ Էրդողանի կողմից արտահայտած դիրքորոշման, այս թուրանական ասիմիլյացիան չի իրականանում, քանի դեռ գոյություն ունի «հայկական խորք» ասվածը: Հետևաբար, Հայաստանը շարունակաբար մի մեծ ռազմավարական թնջուկ է Թուրքիայի համար, որի ամբիցիաներն ու նկրտումները աճում են Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսին զուգահեռ: Միաժամանակ միջազգային որոշ խաղացողներ ձգտում են ավելի խճճել տարածաշրջանային քաղաքական դաշտը, որպեսզի վերսկսեն նրա քաղաքական քարտեզի վերաձևման գործընթացը: Թուրքիան սկսեց պարզորոշ կերպով ցուցադրել իր մտադրությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:  Էրդողանը և իր երկրի նախկին վարչապետը  արդեն հայտարարել են մերձավորարևելյան և կովկասյան տարածաշրջանը վերաբաշխելու նկրտումների մասին:

Իսկ գուցե հենց հայկական, իրաքյան և սիրիական ռազմավարական խորքերն են, որ արգելափակեցին Էրդողանի թուրանական նկրտումները: Էրդողանը գծում է թուրանական իր երևակայական քարտեզը, միաժամանակ բորբոքում այդ պատրանքը որոշ ազգայնական ուժերի մտքերում, որպեսզի այդ քայլով  ի չիք դարձնի Թուրքիան բնակեցնող ժողովուրդների ինքությունն ու էթնիկ պատկանելությունը:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն իրականում հարկ է ընկալել իբրև կյանքի և մահվան կռիվ՝ ինքնության երկու հակառակ դրսևորումների միջև: Եթե մի կողմում ազգայինն է, որը ցանկանում են ոչնչացնել, ապա մյուս կողմից՝ արհեստականորեն ծրագրված «ինքնությունն» է:

 

Արաբական բնագրից թարգմանությունը՝ Արմինե Հակոբյանի

 

 

                                                   (Եզրափակիչ մաս)