ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԿԹՈՂՆԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՉԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վաշինգտոնին դիմել է հարցով՝ ինչպե՞ս են հայերն ԱՄՆ-ից ռազմական նշանակության արտադրանք գնել։ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը տեսահսկման նոր համակարգերով զինելու փաստը խիստ անհանգստացրել է նախարարին։ CBC TV-ի հետ հարցազրույցում նա մասնավորապես նշել է, որ իրեն ոչ ոք չի ասել, թե ինչպես են հայերն իրենց հովանավորների շնորհիվ ԱՄՆ-ից գնել ռազմական նշանակության արտադրանք և դրանք տեղադրել առաջնագծի երկայնքով։ Հասանովի խոսքով՝ դա Ադրբեջանի համար մեծ խնդիր է։
Պաշտպանության նախարարը, փաստորեն, պաշտոնական մակարդակով խոստովանեց, որ առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտողն ու իրավիճակն ապակայունացնողն Ադրբեջանն է։ Այս հույժ կարևոր փաստը պետք է դրվի Մինսկի խմբի համանախագահների առջև, որպեսզի նրանք իրենց հայտարարություններն անհասցե հնչեցնելու փոխարեն մատնացույց անեն և դատապարտեն հրադադարը խախտող կողմին։
Հրապարակվել է նաև ԱՄՆ պետքարտուղարության Կոնգրես ներկայացրած զեկույցը, որում արձանագրված է միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարվելու փաստը, մասնավորապես նշված է, որ Բաքուն չի իրազեկում իր զորավարժությունների մասին։ Զեկույցում Ադրբեջանին կոչ է արվում պատշաճ կերպով հայտնել դրանց մասին և լինել թափանցիկ։
Եթե նախարար Հասանովի դժգոհությունը դիտարկենք աշխարհաքաղաքականության տեսանկյունից, ապա ստացվում է, որ նա ԱՄՆ-ից դժգոհելով՝ օգնություն է խնդրում հակառակ ուժային կենտրոնից, մոտավորապես այսպես՝ աջակցեք մեզ հակամարտության գոտում իրավիճակը սրելու հարցում։
Ադրբեջանին հայտնի է, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ըստ ռազմական փորձագետների վերլուծության՝ ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայկական դիրքերի սպառազինությունը բացառում է անսպասելիության գործոնն Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների հարձակման կամ դիվերսիայի դեպքում։
Ապրիլյան պատերազմից հետո առավել հրատապ դարձավ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը, որը պիտի նպաստեր հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները գլխավորապես այդ նպատակն էին հետապնդում։ Բաքուն իր ապակառուցողական դիրքորոշմամբ հետին պլան մղեց այս գործընթացը։
Այժմ էլ ադրբեջանական կողմը, շարունակելով նույն ապակառուցողական քաղաքականությունը, բացատրություն է պահանջում Միացյալ Նահանգներից, որը համարձակվել է տեսահսկման համակարգեր տրամադրել հայկական կողմին։
Թերևս, ճիշտ կլիներ Բաքվի դժգոհությունը դիտարկել ԱՄՆ-ից նրա ստացած ռազմական օգնության ֆոնին։ Razminfo մասնագիտական կայքն անցյալ տարվա հուլիսի հրապարակումներից մեկում մանրամասն անդրադարձել է այդ հարցին՝ արձանագրելով, որ Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը կտրուկ աճել է, Հայաստանինը՝ ոչ։ 2018 և 2019 թվականներին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար։ Հղումն արվել է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանի ուսումնասիրությանը։ 2018-ին Ադրբեջանին տրամադրվել է 59, 667 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2019-ի համար նախատեսվել էր 42, 910 հազար։ 2019 և 2020 թվականներին Հայաստանի համար նախատեսվել է 2,8 և 2,1 մլն դոլարի ռազմական օժանդակություն։ Ընդ որում, Ադրբեջանը ռազմական աջակցության մեծագույն մասը ստանում է Section 333, Authority Capaciti ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ինչպես նաև ռազմական հետախուզության ոլորտներում։
Թե ինչով է պայմանավորված նախորդ տարիների համեմատ 2018-2019թթ. Ադրբեջանին տրամադրվող օժանդակության կտրուկ աճը, վերլուծաբանը չի մեկնաբանել։ 2017-ին, օրինակ, Ադրբեջանն ԱՄՆ-ից ստացել էր ընդամենը 2 մլն դոլար։
Ամերիկահայ վերլուծաբանը նաև արձանագրել է, որ ռազմական աջակցության առումով Հայաստանի հանդեպ դրական և հագեցած դինամիկա չի նկատվում, չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները փորձում են դա շտկել։
Նման իրավիճակում հայկական կողմին տեսահսկման համակարգերի տրամադրումն Ադրբեջանի պաշտպանության նախարարը համարում է մեծ խնդիր։ Բաքուն արձանագրում է իր հանդեպ Սպիտակ տան փոփոխական վերաբերմունքը։
Եզրակացությունը թողնենք Բաքվին և այս զարգացումների ֆոնին դիտարկենք ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների կոչը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին։ Հունիսի 25-ին հայկական աղբյուրները տեղեկացրին, որ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել հանձնաժողովին 1,5 մլն դոլար տրամադրել ԼՂ-ում ականազերծման և ականներից տուժածների վերականգնման ծրագրին։ Կոնգրեսականն իր խոսքն ասել է ուղիղ տեսակապի միջոցով՝ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ, երբ հանձնաժողովը քննարկում էր 2021թ. արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները։ Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ գրավոր իրենց աջակցությունը հայտնելով ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը։
Նշենք, որ կոնգրեսականներն առաջին անգամ չեն այս հարցն արծարծում. 2019թ.
մարտից, երբ ԱՄՆ վարչակազմը որոշեց դադարեցնել ԼՂ-ում ականազերծման ծրագիրը, Կոնգրեսի մեր բարեկամներն ամենատարբեր առիթներով արծարծում էին խնդիրը՝ ընդգծելով ծրագրի մարդասիրական բնույթը և Արցախի բնակչության համար նրա կարևորությունը։ Ինչպես հայտնի է, ականազերծման ծրագիրն Արցախում իրականացնում էր բրիտանական <<The HALO Trust>> ոչ կառավարական կազմակերպությունը։
Ընդհանրացնենք վերը շարադրվածը։ Այն պարագայում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր դժգոհությունն է հայտնում Սպիտակ տանը՝ շփման գծում իրավիճակը վերահսկելի դարձնելու հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածության առնչությամբ, դրանով իսկ խոստովանելով, որ հրադադարի ռեժիմը խախտողը հենց Ադրբեջանն է, կոնգրեսականների նախաձեռնությունն առանձնակի կարևորություն է ձեռք բերում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն արդարացնում է հրադադարի պայմաններում հայկական կողմին մարդկային կորուստներ պատճառելու, ասել է թե՝ ռազմական շանտաժի քաղաքականությունը, իսկ կայունության պահպանմամբ մտահոգ կոնգրեսականները միանգամայն իրավացիորեն դնում են մարդասիրական ծրագրի շարունակման հարցը, որը կենսական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար։
Մի՞թե այս անգամ էլ Սպիտակ տունն անպատասխան կթողնի կոնգրեսականների կոչը։