[ARM]     [RUS]     [ENG]

Ալիեւը քարոզում է ատելության պատմություն

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 Ադրբեջանում կորոնավիրուսի մոլեգնման այս օրերին Իլհամ Ալիեւը որոշել է իր եւ տիկնոջ ներկայությամբ ոգեւորել հպատակներին: Պետական լրատվամիջոցները հաղորդում են Գյանջա, Մինգեչաուր քաղաքներ եւ զինված ուժերի մի զորամաս այցելության մասին: Ճիշտ է, ոչ մի լուսանկար կամ տեսանյութ, որ կհաստատեր իշխող զույգի մասնակցությունը նշված միջոցառումներին, չի տարածվել: Բայց դա այնքան էլ էական չէ:

Զինվորականների հետ հանդիպմանն Ալիեւը խոսել է պատմությունից, հորդորել, որ զինվորները տիրապետեն Ադրբեջանի ,,հին  եւ նոր ժամանակների իրադարձություններին,,: Նա խոսել է խորհրդային շրջանում պատմության ,,խեղաթյուրման,, մասին եւ վկայակոչել Բաքվի 26 կոմիսարներին: ,,Մեր քաղաքի կենտրոնում ադրբեջանական ժողովրդի դահիճների հուշարձանն էր կանգնեցված,,-ասել է Ալիեւը եւ հպարտացել, որ կարգադրել է ապամոնտաժել այն, կազմակերպել աճյունների վերահուղարկավորություն: Ալիեւը հատկապես անդրադարձել է Ստեփան Շահումյանին եւ նրան անվանել ,,հայ ազգայնական,,: Այդպիսով նա բացահայտել է, որ խնդիրը ոչ թե պատմության վերագնահատումն է, այլ Ադրբեջանի մայրաքաղաքից հայկական ինքնության իսպառ վերացումը:

Դժվար չէ ապացուցել, որ Ալիեւը ղեկավարվել է քսենոֆոբիայով: 1918թ.  Բաքվում խորհրդային իշխանության պատմությանը նույնիսկ հանրամատչելի աղբյուրներից տեղյակ ցանկացած ոք գիտի, որ Ստեփան Շահումյանի գլխավորած կառավարության կազմում լուրջ դեր է խաղացել նաեւ Նարիման Նարիմանովը: Նա եղել է Բաքու քաղաքում կառավարության լիազոր ներկայացուցիչը, քաղաքային իշխանության ղեկավարը: Հայտնի չէ, թե Նարիմանովին ինչպես է հաջողվել խուսափել ձերբակալությունից: Առհասարակ Բաքվի կոմունայի պատմությունը մութ էջեր շատ ունի: Բայց եթե դա եղել է ադրբեջանական ժողովրդի ,,դահիճ,, իշխանություն, ապա մեղքի իր բաժինն ունի նաեւ Նարիմանովը: Մինչդեռ Ադրբեջանում այսօր Նարիմանովի հիշատակը հարգվում է պետական մակարդակով: Պաշտոնական Բաքուն նույնիսկ զգալի միջոցներ է ծախսել եւ Թբիլիսիում վերանորոգել այն տունը, որտեղ ծնվել է Նարիմանովը:

Վերջերս ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի Մառնեուլի քաղաքում կանգնացվել է Նարիմանովի կիսանդրին: Թե ի՞նչ կապ ունի նա այդ քաղաքի հետ՝ մնում է անհասկանալի: Նարիմանովի հիշատակի պետական հավերժացումը վկայում է, որ անցյալի գնահատման հարցում էլ Իլհամ Ալիեւի համար հիմնական չափանիշը հայատյացությունն է: Եւ՝ այս հարցով վերջին շտրիխը: Մի պահ ենթադրենք, որ Ստեփան Շահումյանն իրոք ադրբեջանական ժողովրդի առջեւ մեղք է գործել: Իսկ ո՞րն է խորհրդային մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեղքը: Ինչու՞ է Գյանջայում ավերվել նրա՝ ԽՍՀՄ կրկնակի հերոսի կիսանդրին: Ինչու՞ է թեյարանի վերածվել Չարդախլուի փառքի թանգարանը: Ինչու՞: Պատասխանը հայտնի է՝ Բաղրամյանը հայ է եւ Ադրբեջանում հուշարձան չպետք է ունենա: Սա է Ալիեւի մատուցած ,,պատմությունը,,: Ատելության պատմությունը: