[ARM]     [RUS]     [ENG]

Ջրի համար պատերա՞զմ

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Ադրբեջանի հարթավայրային շրջաններում, որ ավանդաբար այդ երկրի հացահատիկի եւ առհասարակ գյուղմթերքների շտեմարանի համարում ունեին, աղետալի վիճակ է: Կուր գետը ծանծաղել է, խաթարվել է ոչ միայն բնակչության խմելու ջրով ապահովման, այլեւ ոռոգման համակարգը: Գարնանացան մշակաբույսերը չորացել են, իսկ խոշոր եւ մանր եղջերավոր անասունները զանգվածաբար անկում են: Բնական աղետի պատճառները պարզել չի հաջողվում: Չկան լրացուցիչ ջրային ռեսուրսներ: Ավելին՝ Կուրի ծանծաղումը հանգեցրել է նրան, որ Կասպից ծովի ջրերը վաթսուն կիլոմետրի վրա հեղել են գետահունը եւ մարդկանց զրկել եղած ջուրն օգտագործելու հնարավորությունից, քանի որ այդ հատվածում ջրերն աղի են եւ պիտանի չեն ո՜չ խմելու, ո՜չ ոռոգման, ո՜չ անգամ կենցաղային օգտագործման համար: Վիճակն այնքան աղետալի է, որ Ադրբեջանի նման փակ երկրում թեման քննարկվում է մամուլում, մասնագիտական եւ քաղաքական շրջանակներում:
Բաքվում հարկադրված են ընդունել, որ համաշխարհային առումով նավթի դարաշրջանն ավարտվում է: ՙՆերկայումս Սաուդյան Արաբիայում նավթը ջրից կրկնակի էժան է՚,-արձանագրում է քաղաքագետ Գաբիլ Հուսեյինլին: Խնդիրը, սակայն, ադրբեջանցիները դիտարկում են յուրովի: Նրանք ՙզառանցանք՚ են որակում, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի ռեսուրսների համատեղ՝ հայ-ադրբեջանական, օգտագործման գաղափարը եւ նենգափոխում, թե ՙՀայաստանն առաջարկում է բարձր գին վճարել մեզ պատկանող ջրի համար՚: Սարսանգի ջրային պաշարների համատեղ օգտագործման գաղափար հնչեցվել է շուրջ մեկ տասնամյակ առաջ: Ադրբեջանի պատասխանը մերժողական էր: Հետո Բաքուն գործի դրեց լոբբիստական եւ կաշառատվության բոլոր լծակները եւ հասավ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւի ընդունման, ինչին կարճ ժամանակ անց հետեւեց Արցախի դեմ ապրիլյան հարձակումը: Կասկածից դուրս է, հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական բանակը Սարսանգի ամբարտակը գրավելու հրաման էր ստացել: Ռազմական ծրագիրը ձախողվեց, որով, կարելի է ասել, փակվեց նաեւ Սարսանգի ջրային պաշարների համատեղ օգտագործման թեման:
Ներկայումս, ինչպես ամենասկզբում ասվեց, Արցախի կառավարությունը պատրաստվում է գործարկել Սարսանգի ջրերը Թարթառի աջափնյակ տեղափոխելու եւ առնվազն տասնյակ հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր ջրարբիացնելու ծրագիրը: Բաքվում, ամենայն հավանականությամբ, ուշի-ուշով հետեւում են Արցախի իշխանության քայլերին: Այդ է վկայում նույն Գաբիլ Հուսեյինլիի այն միտքը, որ ՙպատերազմը կարող է սկսվել նաեւ մեզ պատկանող ջրային պաշարները վերադարձնելու համար՚: Բացառված չէ, որ սա տեղեկատվական հնարք է: Կարգավորման գործընթացը կարող է տեւել տասնամյակներ, իսկ այդ ընթացքում հավելյալ ջրային պաշարեր ներգրավելու Ադրբեջանի հնարավորությունը հաստատ չի փոխվելու, որովհետեւ նման ազատ ռեսուրսներ տարածաշրջանում պարզապես չկան:
Պատրաստվու՞մ է Բաքուն այդ հարցով դիմել միջնորդներին: Ունի՞ որեւէ իրատեսական առաջարկություն: Հազիվ թե: Ուստի Արցախի իշխանություններին մնում է գործնականացնել նախանշածը եւ ձեռնամուխ լինել առկա ջրային պաշարները կուտակելու եւ առհասարակ էկոլոգիական համալիր լուծումների ծրագրավորմանը:
Նավթի դարաշրջանն իրոք ավարտվում է: Քաղաքական արժեք է ստանում բնական խմելու ջուրը: