ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՙԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Մինգեչաուրում զորամսի բացման ելույթում Իլհամ Ալիեւը ՙամոթալի՚ է անվանել Հայաստանի եւ Արցախի անկախության երեսնամյա պատմությունը։ Երկու պատերազմում պարտված երկրի առաջնորդին կարելի է միայն մաղթել, որ ընդմիշտ գերի մնա ինքնախաբեությանը։ Բայց նրան, պարզվում է, չի հաջողվում անգամ սեփական հանրությանն ինչ-որ բանում համոզել։
Բաքվի լրատվամիջոցներից մեկը Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւին հարցրել է՝ ի՞նչ կարծիքի է նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի մեկ՝ ռազմական ճանապարհով լուծում։ Պատասխանը ներկայացնում ենք ադրբեջաներենից բառացի թարգմանությամբ. ՙԹոֆիգ բեյը (Զուլֆուգարովը) եղել է արտաքին գործերի նախարար եւ լավ գիտի, որ ներկայումս իր ասածները ոչ մի հիմք չունեն։ Առանց Ռուսաստանի համաձայնության պատերազմ սկսելը չափազանց ռիսկային է։ Դրա համար էլ մեր իշխանությունն առանց այդ համաձայնության ոչ մի դեպքում պատերազմ չի սկսի։ 2016թ. ապրիլյան պատերազմն հաստատում է ասածս։ Այն ժամանակ տասնյակ հերոս սպաների եւ զինվորների արյան գնով թշնամու պաշտպանական գիծը ճեղքեցինք, բայց ի՞նչ եղավ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովին զանգեց, որ կանգ առեք։ (Միջանկյալ ասենք, որ այս առասպելաբանության պատասխանն օրերս տվել է Pravda.ru-ն. ՚Հասանովն անկախ երկրի պաշտպանության նախարար է եւ պետք ենթարկվեր իր գերագույն գլխավոր հրամանատարինՙ։ Չափազանց թափանցիկ ակնարկ է, որ Հասանովին ճակատային գծից ետ է կանչել Իլհամ Ալիեւը՝ հարձակումը ձախողելու համար եւ նույն օրն էլ հանդես եկել կրակը դադարեցնելու նախաձեռնությամբ։)
Այսքանից հետո որոշ մարդիկ կրկնելով-կրկնելով ասում են, իբր եթե մենք պատերազմ սկսենք, Ռուսաստանը չի միջամտի, քանի որ միջազգային օրենքը մեր կողմն է։ Բայց չեն ասում, որ միջազգային օրենքը մեր կողմը լինելու պարագայում շրջափակված Հայաստանն ինչպե՞ս մեր հողերի 20 տոկոսը 30 տարի է՝ զավթել է։ Դրա համար էլ ես երբեմն-երբեմն Ղարաբաղն ազատագրելու համար ֆորպոստ կոչված Հայաստանի փոխարեն առաջարկում եմ բանակցել Ռուսաստանի հետ։ Պետրոսյանը գնաց, Քոչարյանը եկավ, նա գնաց, Սարգսյանը եկավ, հետո Փաշինյանը եկավ, ի՞նչ փոխվեց։ Ոչինչ։ Ռուսաստանի եւ հայ ժողովրդի համաձայնությունը եթե չլինի, Հայաստանում ոչ մի առաջնորդ խնդրի արդարացի լուծման որեւէ որոշում չի ընդունի։ Ղարաբաղն ազատագրելու համար մենք պիտի ունենանք Ռուսաստանի համաձայնությունը եւ հայ ժողովրդին պատերազմի դաշտում պարտադրենք։ Այլ ոչ ռիսկային ճանապարհ չեմ տեսնում՚։ https։//axar.az/news/gundem/479919.html
Խոսք չկա, շատ ՙփառավոր՚ է Ադրբեջանի անկախության պատմությունը, եւ ներկայի ու ապագայի ադրբեջանական ընկալումը՝ խիստ ՙինքնիշխան՚։ Պարզ է, որ հակառակորդն ապրում է պատմական դեժավյուի սպասումով։ Չէ՞ որ 1920թ. մայիս-հունիս ամիսներին բոլշեւիկյան Ռուսաստանի 11-րդ բանակն է Հայաստանից օկուպացրել Լեռնային Ղարաբաղը, իսկ մեկ տարի անց՝ ՙթողել՚ խորհրդային Ադրբեջանի կազմում։