ԱԼԻԵՎԸ ԽՐՎԵԼ Է
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի խորհրդաժողով գումարելու մասին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ալիեւը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հարցեր։ Կորոնավիրուսի բռնկման առաջին շրջանում Իլհամ Ալիեւը մի քանի աղմկոտ հայտարարություն է արել իր երկրում առողջապահական ժամանակակից ենթակառուցվածքների եւ անհրաժեշտ բոլոր միջոցների առկայության մասին եւ սեփական հանրությանը ներշնչել, որ համավարակը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի նման տնտեսապես ինքնաբավ երկրի համար։
Վիճակագրական, նույնիսկ պաշտոնական եւ, ըստ ամենայնի, խստորեն վերահսկվող տվյալները, մինչդեռ, հակառակ պատկերն են արտացոլում։ Ըստ անկախ աղբյուրների, միայն Բաքու քաղաքում կորոնավիրուսով վարակված է ավելի քան քառասուն հազար մարդ։ Բաքվում փաստացի ռազմական դրություն է։ Չի գործում մետրոպոլիտենը, հանրային տրանսպորտը վաղուց է դադարեցրել գործունեությունը։ Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներում պարեկություն են իրականացնում ոչ միայն ոստիկանության, այլեւ զինվորական կարգախմբերը։ Կարանտինային ռեժիմը խախտողների նկատմամբ կիրառվում են վարչական խիստ տույժեր, ընդհուպ մինչեւ վարչական կալանք։ Դեպքեր են արձանագրվել, երբ մարդկանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։
Դադարեցված է տրանսպորտային հաղորդակցությունը Բաքվի եւ շրջանների միջեւ։ Փակ են Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Եվլախ, Լենքորան, Մասալի, Գերանբոյ, Գյոյգյոլ, Խաչմազ, Սիազան, Ղուբա եւ այլ քաղաքներ ու շրջաններ։ Ամբողջ Ադրբեջանը փաստացի փակված է տներում եւ բնակարաններում։ Մարդիկ ոստիկանությունից մեկ-երկու ժամով տնից դուրս գալու համար պետք է հատուկ անցաթուղթ ստանան։ Այն, ճիշտ է, ձեւակերպվում է բջջային հեռախոսին հաղորդագրության տեսքով, բայց անհարմարություններն, այնուամենայնիվ, անպակաս են։ Տեղապտույտի է մատնվել առողջապահական համակարգը։ Չկան անհրաժեշտ սարքավորումներ եւ որակյալ բժիշկներ։ Այս իրավիճակում Ադրբեջանին օգնության ձեռք են մեկնել Թուրքիան եւ Ռուսաստանը՝ Բաքու գործուղելով փորձառու մասնագետների, որոնք իրենց հետ Ադրբեջան են հասցրել նաեւ նորագույն սարքավորումներ։
Համավարակն, այդուհանդերձ, ավելի է տարածվում։ Հիվանդներին մայրաքաղաքից տեղափոխում են շրջանային բուժմիավորումներ։ Առողջապահության նախարարությունը ստիպված է խոստովանել, որ տասնյակ հազարավոր մարդիկ տեղամասային պոլիկլինակաների միջոցով բուժում են ստանում տնային պայմաններում։ Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ պաշտպանության նախարարի հրամանով Գերանբոյի եւ Թարթառի շրջաններում տեղակայված զորամասերում հայտարարված է զորանոցային դրություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաբժշկական վարչության պետը պաշտոնանկ է արվել։
Ըստ ամենայնի, դա կապված է բանակում կորոնավիրուսի տարածման հետ, մի փաստ, որ ալիեւյան քարոզչությունը թաքցնում է միջազգային հանրությունից։ Երեւում է, Ադրբեջանում համավարակային իրավիճակն իրոք հատել է կարմիր գիծը, եւ Ալիեւը ստիպված է միջազգային օգնություն խնդրել։ Իրավիճակի նրբությունն այն է, որ համավարակի տարածման առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես էր եկել հայտարարությամբ եւ աշխարհի բոլոր հակամարտ կողմերին կոչ արել խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը, առիթը չօգտագործել եւ սրացումներ թույլ չտալ։ Ալիեւի ռազմական հռետորաբանությունը եւ ՄԱԿ-ից օգնության խնդրանքը, կարծես, նույն հարթության վրա չեն։ Բայց եթե կա ծայրահեղ անհրաժեշտություն, Ալիեւն, ինչպես տեսնում ենք, ցույց է տալիս, թե միջազգային հանրության հետ համաքայլ է բոլոր հարցերում։
Ի՞նչ ընթացք կունենա կորոնավիրուսի հարցով ՄԱԿ-ի խորհրդաժողովը։ Հասկանալի է, որ այն կոչ կանի պահպանել կայունությունը, ուժերը համատեղել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Բայց այդ խորհրդաժողովը կարող է նաեւ ուրվագծել հետհամավարակային աշխարհի առաջնահերթությունները։ Ալիեւի նախաձեռնողականությունը կարող է նրա համար դիվանագիտական ծուղակի վերածվել ԼՂ կարգավորման հարցում։
Իսկ գուցե նա այդ գիտակցմա՞մբ է դիմում ՄԱԿ-ի աջակցությանը՝ նպատակ ունենալով դեմք փրկել սեփական հանրության առաջ։ Եթե ամբողջ աշխարհն է պահանջում պահպանել զինադադարը, ապա ի՞նչ կարող է անել Ադրբեջանը. մոտավորապես սա է, կարծես, Ալիեւի ուղերձն ադրբեջանցիներին։
;